Անտիպ

Անտիպ | Փառատոներ

Իսկ դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է նույնիսկ մեկ րոպե անցկացնել այնպիսի տարածքում, որտեղ ջերմաստիճանը -20 աստիճան է: Թվում է՝ անհնար է, սակայն կան մարդիկ, որոնք ոչ միայն ապրում, այլ այդ պայմաններում մասնակցում են փառատոնի ու ռեկորդներ սահմանում։

Կանադայի Յուկոն նահանգում ամեն տարի անցկացվող մազերի սառեցման միջազգային փառատոնն այս ամենի վառ ապացույցն է։ Այն սկիզբ է առել 2011 թվականին Տախինիի տաք աղբյուներում։ Սկզբում հաղթողներին տրվում էին փոքր մրցանակներ, սակայն տարիների ընթացքում փառատոնն այնքան հանրաճանաչ դարձավ, որ ավելացան մրցանակներն ու անվանակարգերը։ Այս արտասովոր փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ փետրվար ամսին` երեք փուլերով: Առաջին փուլում անհրաժեշտ է ամբողջությամբ թրջել մազերը։ Ջերմաստիճանը պետք է լինի -20 աստիճանից ցածր։ Երկրորդ փուլում պիտի թույլ տալ, որ մազերն աստիճանաբար սառույց դառնան, իսկ ականջներն անհրաժեշտ է պարբերաբար լվանալ տաք ջրով։ Այս շրջանը համբերատարություն է պահանջում․ բոլոր թաց մազերն ի վերջո վերածվելու են սառույցի, այդ թվում՝ հոնքերն ու թարթիչները։ Երրորդ՝ եզրափակիչ փուլում, մազերն արդեն սառցապատ են, իսկ աշխատակիցը պատրաստ է լուսանկարելու։ Փառատոնն առաջարկում է հինգ անվանակարգ․ հաղթողներին շնորհվում են դրամական պարգևներ: Ամենակարևոր պայմանը՝ ցածր ջերմաստճանն է։ Լինում են օրեր, երբ ջերմաստիճանն այդքան էլ բարենպաստ չի լինում հնարքն իրականացնելու համար։ Այդ պահերին օգնության են գալիս տաք աղբյուրները, որոնց շնորհիվ մասնակիցները կարողանում են ապահով ու ջերմ պայմաններում սպասել իրենց հերթին։

Ցեխի փառատոն՝  Հարավային Կորեայում

Այս փառատոնը վկայում է մի բանի մասին` ցեխը միշտ չէ, որ վնասակար է։ Զվարճալի փառատոնի նպատակը պարզապես լավ պահեր կերտելն ու մանկության ամենավառ հիշողությունները վերապրելն է։ Սա ամենամյա տոն է, որը գրավում է միլիոնավոր այցելուների տարբեր երկրներից։ Փառատոնը սկիզբ է առել 90-ականների վերջին՝ տարածաշրջանի հայտնի ցեխամթերքը գովազդելու նպատակով։ Ամենազվարճալի ակնթարթները մասնակիցների համար ցեխակռիվներն են, որոնց հաջորդում է գնումներ կատարելը, խաղերին մասնակցելը, ուտեստներ վայելելը և այլն: Չնայած փառատոնը տևում է ավելի քան երկու շաբաթ, բայց այն առավել հետաքրքիր է դառնում վերջին շաբաթվա ընթացքում: Հատուկ այս փառատոնի համար արտադրվում է գունավոր ցեխ, որն օգտագործվում է մարմնի ներկման համար։ Ծովափի երկայնքով ձգվում  է փոքր շուկան. հենց այստեղ վաճառվում է Բոնկոնգի ցեխից պատրաստված կոսմետիկա։ Դե իսկ փառատոնի փակման արարողությունը տեղի է ունենում շատ հանդիսավոր և գունավոր հրավառությամբ։

Իսպանական La Tomatina փառատոնը կամ «Տոմատի ճակատամարտը» հնարավոր է ձեզ այդքան էլ հայտնի չլինի, սակայն այն իսպանացիների ամենասիրելի փառատոնն է։ Ամեն տարի օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը, Բունյոլի նեղ միջնադարյան փողոցներում ավելի քան 220000 քաղաքացի մասնակից են դառնում այս փառատոնին։ Լա Տոմատինայի ծագումը մի փոքր մշուշոտ է, բայց ենթադրվում է, որ այն ոչ պաշտոնապես սկսվել է 1944 թվականին՝ քաղաքի հովանավոր սուրբ Սան Լուիս Բերտրանի պատվին տեղի ունեցած շքերթի ժամանակ: Տեղի բնակիչների միջև վեճից հետո սկսվել է ծեծկռտուք, որ ընթացքում կատաղած ամբոխը լոլիկներ է խլել մրգատուփից և դրանք շպրտել միմյանց վրա։ Եվ հենց այսպես էլ առաջացել է փառատոնը։ Տոնակատարությունը սկսվում է վաղ առավտյան, երբ մասնակիցները հասնում են քաղաքի գլխավոր հրապարակ՝ Պլազա դել Պուեբլո, որտեղ տեղի է ունենում ծիսական արարողություն։ Փառատոնի միակ պայմանն է՝ հավաքել որքան հնարավոր է շատ լոլիկ և դրանք նետել մասնակիցների վրա։ 

Դե, իսկ ավարտին, լոլիկներով պատված մարդիկ հերթ են կանգնում՝ ցնցուղ ընդունելու համար։ Այնուհետև հրշեջները ներխուժում են փողոցներ, և մի քանի ժամից քաղաքի այս հատվածը վերդառնում է իր սովորական տեսքին։

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button