ԹատրON

ԹատրON | «Հանճարի ճանապարհ». «Ազատ» թատրոն

Թատրոնի երիտասարդ ստեղծագործողների ճանապարհը երբեք հեշտ չի լինում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելիս և ավարտելիս գրեթե ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե ինչ ուղի է իրեն սպասվում։ Երբեմն թատրոններն էլ չեն ունենում նոր հաստիքների անհրաժեշտություն՝ հատկապես դերասանների և ռեժիսորների, այլ մասնագիտությունների դեպքում պատկերն այլ է։ Անկախ ամենից՝ դերասանությունն ու ռեժիսուրան շարունակում են մնալ ամենապահանջված մասնագիտությունները թատերական ոլորտում։ Բայց ի՞նչ պետք է անի այն երիտասարդը, որը դիպլոմը ձեռքին դուրս է գալիս ինստիտուտի դռնից, իսկ բաց դռներ չի տեսնում։ Թերևս բոլոր ժամանակներում այս ճանապարհը հեշտ չի եղել, սակայն 21-րդ դարում հնարավորություններն ավելի շատ են՝ ազատ բեմերով։

«Հանճարի ճանապարհը»

Նորի փնտրտուքով՝ նորավարտ Դավիթ Միրիջանյանը, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդների, որոնք ցանկանում են ազատ ստեղծագործել ու հենց «Ազատ թատրոն» անունով էլ հանդես են գալիս։ 

Օրեր առաջ, Խուլերի մշակույթի և սպորտի պալատի բեմում նրանք խաղացին իրենց առաջին՝ «Հանճարի ճանապարհը» ներկայացումը։ Ներկայացման հիմքում Ուիլյամ Սարոյանի երկու պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» և «Հանճարը»։  

«Թեև անգլերեն եմ գրում,- ասել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»: Հենց այդ հայկականության շնորհիվ է, որ նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները բեմադրվել են հայ թատրոններում։ 

Սարոյանի հերոսները հասարակ ու պարզ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը:  «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» պատմվածքի հերոսներից մեկն ասում է՝ Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել,  աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։ 

«Հանճարի ճանապարհը»

Սովորելու կարևոր պայմաններից է գիտելիքը գործնականում կիրառելը։ Այդ ճանապարհով է, որ մարդը դառնում է ոչ միայն մասնագետ, այլ նաև արհեստավարժ ու վստահ իր գործում։ Արվեստի մարդկանց համար սա առանցքային է՝ փորձել, սխալվել, սովորել, կրկին փորձել՝ անընդհատ։ Դավիթ Եղյանը սովորում է Երևանի թատերական ինստիտուտի երրորդ կուրսում։ «Հանճարի ճանապարհը» ներկայացման գլխավոր կերպարն է խաղում։ 

«Ազատ թատրոնի» թիմը դեռ նոր է ձևավորվում։ Այստեղ համախմբվել են տարբեր ոլորտներից եկած մարդիկ՝ յուրահատուկ փորձով, մտածողությամբ ու ստեղծագործական մոտեցումներով։ Կարեն Ծատուրյանը, օրինակ, թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնի շրջանավարտ է։ Նա արդեն երկար տարիներ աշխատում է կինոյի ոլորտում՝ ֆիլմեր է նկարում, գրում է սցենարներ։ Թեև նրա գործունեության առանցքը կինոն է, բայց թատրոնի աշխարհն էլ մնում է գրավիչ ու հարազատ։
«Եթե դու կինոյի մարդ ես, դա չի նշանակում, որ բեմում հայտնվելու ցանկությունը քեզ շրջանցելու է»,- ասում է նա։ Թատրոնը մեկ այլ շունչ ունի․ ամեն բան կատարվում է հիմա և այստեղ, հանդիսատեսի հետ շփումն անմիջական է, կենդանի։ Այդ մթնոլորտը դժվար է բաց թողնել՝ նույնիսկ եթե քո հիմնական գործիքը տեսախցիկն է։

«Հանճարի ճանապարհը»

«Հանճարի ճանապարհը» ներկայացման մեջ Կարեն Ծատուրյանի մարմնավորած կերպարը խոսք չունի։ Սա, ինչպես ինքն է նշում, առավել բարդ է․ «Երբ քո հերոսը չի խոսում, պետք է առավել զգոն լինես։ Բեմում չպետք է լինի ոչ մի պահ, երբ դու պարզապես կանգնած ես։ Ամեն վայրկյան հերոսդ պիտի գործողության մեջ լինի, որ տեսանելի լինի հանդիսատեսի համար»։
Փաստը, որ երիտասարդներն ուզում են ստեղծագործել, փորձել նոր ձևեր և չեն վախենում սխալվելուց, արդեն ուրախալի է։ Իհարկե, կային տեսարաններ, որոնք դեռևս պահանջում են ավելի խորը աշխատանք։ Լուսային և երաժշտական լուծումներն էլ որոշ հատվածներում կարող էին լինել ավելի նպատակաուղված, կամ ընդհանրապես չլինեին, բայց նման բացերը նաև բնական են ստեղծագործական ճանապարհի այս փուլում։

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նրանք կձևակերպեն՝ ինչպես են ցանկանում աշխատել, ինչ գեղագիտական լեզու են նախընտրում և, ամենակարևորը, ինչպիսի թատրոն են ուզում ունենալ։ Այս պահին նրանք որոնման մեջ են՝ փորձարկում են, սխալվում, սովորում։ Իսկ դա ամենակարևոր փուլերից է արվեստում։

«Հանճարի ճանապարհը»

Ե՛վ այս, և՛ մյուս նոր ձևավորվող թատերախմբերը մշտապես գտնվում են իմ ուշադրության կենտրոնում։ Վստահ եմ՝ հենց ձևավորման սկզբնական փուլում է հատկապես կարևոր նրանց կողքին լինելը՝ աջակցությամբ, խոսքով, երբեմն պարզապես ներկայությամբ։ Սա այն շրջանն է, երբ ստեղծագործական որոնումներին զուգահեռ անհրաժեշտ է խթանել նաև ճանաչելիությունը՝ որպեսզի նոր ձայները լսելի դառնան, իսկ նոր ձևաչափերը՝ տեսանելի հանրության համար։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button