ԹատրON

ԹատրON | «Համլետ». Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

«Համլետի» բազմաթիվ բեմադրություններ եմ դիտել՝ միմյանցից շատ տարբեր, զարմացնող,  երբեմն՝ անհարկի փոփոխությունների ենթարկած։ Իմ ու, կարծում եմ, շատերի սիրելի ստեղծագործությունն է։ Դա է պատճառը, որ երբ որևէ ռեժիսոր անդրադառնում է պիեսին, անպայման դիտում եմ. հետաքրքիր է՝ ինչպես են ներկայացնում բոլոր ժամանակների լավագույն մտածող-կերպարին։ Այս անգամ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում եմ՝ դիտելու վերջերս բեմադրված «Համլետ» ներկայացումը։ 

«Համլետ» ներկայացում

Դրամատիկական թատրոնում երրորդ անգամ է բեմադրվում այս պիեսը՝ 1979 թվականին բեմադրեց Արմեն Խանդիկյանը՝  զարմացնելով հանդիսատեսին ռեժիսորական լուծումներով և կերպարի մոտեցմամբ։ Երկրորդ անգամ անդրադարձել է՝ Արթուր Սահակյանը, այն նվիրվում էր արտիստ Թաթիկ Սարյանի հիշատակին։ Երրորդ անգամ Համլետը դրամատիկական թատրոնի բեմում է՝ Գրիգոր Խաչատրյանի տեսլականով։ 

Նախորդ երկու ներկայացումները չեմ դիտել, բայց թատերագետների արձագանքներից կարող եմ ենթադրել՝ դրանք եղել են ամենահամարձակ և խիզախ բեմադրությունները։ Այսպիսով, կարծում եմ ոչ միտումնավոր և բնավ ոչ հանդիսատեսին զարմացնելու համար՝ Գրիգոր Խաչատրյանի «Համլետը» նույնպես պետք է տարբերվեր՝ արժանանալով և քննադատությունների, և հիացմունքի։ Այն ինչ տեսնելու էինք բեմում, հաճելիորեն զարմացնելու էր։ 

«Համլետ» ներկայացում

Երրորդ զանգից հետո, հնչեց ձայնագրություն՝ անջատեք հեռախոսները, դրանք խանգարում են դերասաններին, որից անմիջապես հետո ներկայացումը սկսվեց. հանդիսատեսից շատերը դեռ իրենց տեղերն էին փնտրում։  

Համլետին մարմնավորում է դերասանուհի՝ Լիդիա Գրիգորյանը։ Մի շտապեք զարմանալ, մոտ 120 տարի առաջ հայ բեմում առաջին անգամ Սիրանույշը հանդգնեց խաղալ տղամարդու կերպար՝ այն էլ Համլետ։ Ցանկացած մարդու, պատանուն նախևառաջ, հուզում է իր անձը, անհատական ապրումները, նպատակները, ցանկությունները, հոգեվիճակները՝  ինչու՞ է երբեմն տխուր, հուսալքված, չարացած, ինչպե՞ս է սիրում, ինչու՞ է սիրում և այլն։ 

Գրիգոր Խաչատրյանն էլ այդպիսին է տեսել, Լիդիա Գրիգորյանի Համլետը պատանի է՝ մտածող, կիրթ, բայց և՝ դյուրաբորբոք, գուցե՝ վրեժխնդիր։ Բազմաթիվ ու բազմազան դերեր խաղացած տաղանդավոր դերասանուհիներն իրենց խաղացանկում պիտի երազեին այնպիսի խոր, գաղափարական հենքի վրա կառուցված կերպարի մասին, ինչպիսին Համլետն է՝ բոլոր ժամանակների հարցականների մասին մտորողը։

«Համլետ» ներկայացում

Տարիներ առաջ փառատոներից մեկի ժամանակ, դիտեցի «Օֆելյայի երազները» պարային ներկայացումը։ Տպավորիչ էր՝ ինչպես էին ռեժիսորը և դերասանուհին շերտ առ շերտ բացել Օֆելյա-կնոջը՝ առհասարակ կնոջը։ Հատկապես՝ երբ սիրում է։ 

Ելնելով ռեժիսորի մտահղացումից՝ այն է Համլետը գաղափարական կերպար է, և ինչու ոչ՝ կին դերասանուհին էլ, կարող է Համլետ խաղալ, հասականալի էր՝ Օֆելյա տեսնելու ենք բեմում։  Կարծում եմ՝ ռեժիսորը և դերասանուհիները, հաշվի առնելով հայ հանդիսատեսին՝ ավելի զուսպ էին մոտեցել այդ տեսարաններին։ Օֆելյային մարմնավորում է Դիանա Մալենկոն։ 

Ներկայացումը երկու արարից է։ Երկրորդ գործողությունը սկսվում է Համլետի հայտնի բեմադրությամբ՝ բնօրինակում «Գոնզագոյի սպանությունը» պիեսն է ներկայացվում։ Գրիգոր Խաչատրյանն այդ ստեղծագործության փոխարեն ընտրել է Յուկիո Միսիմայի «Հայրենասիրություն» ստեղծագործությունը։

«Համլետ» ներկայացում

Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ «Համլետը» տեսարան առ տեսարան պետք է ուսումնասիրել, ինչպես Շեքսպիսի այս և յուրաքանչյուր ստեղծագործություն։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել՝ բեմանկարչությանը, մյուս դերակատարներին, ռեժիսորական լուծումներին ու երաժշտական ձևավորմանը։ Թատերագետի աչքով դիտելու ու վերլուծելու կարիքը վստահ եմ կա, ինչն էլ՝ հետագայում նախատեսում եմ։




Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button