ՖիլմON

ՖիլմON | The Volcano

Գուցե քո կյանքում էլ բարդ փուլ է․ սիրելիիդ հետ հարաբերությունները լարված են․ չգիտես մնա՞լ, թե՞ հեռանալ։ Դե ֆրանսիացիները գիտեն, թե ինչպես պետք է այնպիսի կատակերգություն նկարել, որ և ծիծաղես, և հուզվես, և բարկանաս, և վերանայես ապրածդ, և..և..ևերի տասնյակ շարքեր։

Dany Boon-ն իմ շատ սիրելի ֆրանսիացի դերասաններից մեկն է: Հետաքրքիր դեմք ունի, ձայնն էլ լավն է, միմիկաներն էլ, ամենակարևորը՝ կարողանում է ծիծաղեցնել, միևնույն ժամանակ նաև հուզել։ Valérie Bonneton-ն էլ է նրա նման: Լավն է, շատ էներգիա ունեցող դերասանուհի է, էլի կարողանում է ինքն իրենով ծիծաղեցնել դիտողին: Այս երկուսը ժամանակին իրար շատ–շատ են սիրել, բայց այսօր բաժանված են: Նորմալ է։

Մեծ աղջիկ ունեն, որը որոշում է ամուսնանալ ու երկուսին էլ հրավիրել հարսանիքին: Ֆրանսիայից Հունաստան գնալը դառնում է իսկական արկածային ճամփորդություն: Նախկին ամուսինն ու կինը «շուն ու կատու» են և ոչ մի ձև ընդհանուր լեզու չեն գտնում։

Պատմությունն ուղեկցվում է նուրբ հումորով, տեղ-տեղ դերասանները պարզապես ապրում են իրենց դերը։ Սա հրաշալի ֆիլմ է, որը նայելիս, անգամ եթե ամուսնալուծված չես, անգամ եթե ամուսնացած էլ չես, սովորելու շատ բան ունես հետոյի համար։

Տպավորություն է, որ մարդիկ հաճախ շտապում են ինչ-որ որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով ճիշտ են, նաև կաղապարում են իրենց ու սիրելիներին ինչ-որ վախերից դրդված, հետո, երբ իրավիճակին կողքից, այլ աչքով են նայում, հասկանում են, որ մի քիչ, շատ քիչ էլ համբերեին ամեն բան այլ կլիներ, բայց ինչպես ասում են՝ միշտ ունեն ենք այն, ինչ ունենք։ Ֆիլմը թեթև, սիրուն ու ծիծաղելի է շատ: Կարևորը.․․ գուցե նայելուց հետո հասկանաս, որ իրականում դու և նա, ում մասին հենց հիմա մտածեցիր, ոչ թե տարբեր եք ու պետք է հեռանաք իրարից, այլ չափից դուրս նման։ Ու հաճախ խնդիրներ առաջանում են, ոչ թե, որ չեք հասկանում իրար, կամ իրար համար չեք, այլ որովհետև ինքներդ ձեր բնավորության որոշ գծեր չեք հանդուրժում և ենթագիտակցորեն ձեզ նման մարդուն անընդհատ (կուզեի լավ համարժեք բառ գտնել, բայց պետք է այս մեկն ասեմ) անընդհատ բզում եք։  Սիրով եղեք։ 

Ցուցադրել ավելի
Back to top button