ՖիլմON

ՖիլմON | Tetris. Այսօր հարմար օր է աշխարհը շուռ տալու համար

Tetris2023 ‧ 1h 58m

Եթե էմոցիոնալ մարդ ես, հավանականությունը մեծ է, որ յուրաքանչյուր նայածդ ֆիլմի որևէ հատվածից պետք է փշաքաղվես։ Իսկ եթե էմոցիոնալ ես ու դիտում ես վերջերս լույս աշխարհ տեսած TETRIS ամերիկյան կենսագրական ֆիլմը, ուրեմն ոչ թե ինչ-որ պահերի, այլ ֆիլմի ողջ ընթացքում ես փշաքաղվելու։ Խոստանում եմ։

Եթե շատ երիտասարդ չես, ապա հաստատ Tetris անունը քեզ մոտ լավ հիշողություններ է արթնացնելու, որովհետև տարիներ առաջ գրեթե բոլորիս տանն էլ կար խաղի փոքրիկ տարբերակը, որով ժամերով կարելի էր խաղալ ու չհոգնել, բայց երևի շատ շատ քչերն են մտածել, թե ով է հորինել այդ, օրինակ՝ ինձ համար այդքան սիրելի խաղերից մեկը։

1980 թվականին, Սովետական միությունում ապրում էր մի ծրագրավորող, անունը՝ Ալեկսեյ Պաժիտնով։ Թենիսի սիրահար Ալեկսեյը մի օր պատահաբար հորինում է մի խաղ, որը ձեռք բերելու համար արդեն 1988 թվականին, նիդեռլանդներից վիդեախաղերի դիզայներ Henk Rogers-ը տարվելով խաղով փորձում է այն ձեռք բերել ու նաև իրավունք ստանալ խաղն օգտագործել բիզնես նպատակների համար։

Rogers-ն այնքան էր տպավորվել խաղով, որ բոլորին այնպես էր ներկայացնում, որ մարդիկ իրենք էլ հասկանալով խաղի ապագան, մեծ ցանկություն էին ունենում այն ձեռք բերելու ոչ թե խաղալու համար, այլ աշխարհում տարածելու և եթե ոչ միլիոններ, ապա միլիարդներ աշխատելու։

Բայց կար մի բայց։ Որքան էլ Rogers-ը և մեդիամագնատ Robert Maxwell-ն ու նրա որդի Kevin-ը փորձում էին հնարավոր և անհնար բոլոր տարբերակներն օգտագործել խաղը ձեռք բերելու համար, նրանք հաշվի չէին առել մի բան՝ Սովետական միությունը խիստ փակ երկիր էր, այնտեղից ոչինչ դուրս չէր գալիս։

Էլ ինչ ֆիլմ, եթե գոնե մի խենթը չի լինում։

Rogers-ն իր ամբողջ կարողությունն էր դրել այդ գործի մեջ, գրավադրել էր նաև տունը, չհաջողելու շանս պարզապես չուներ։ Ճապոնական վիդեոխաղերի ընկերության Nintendo այցից հետո, մեր խիզախը որոշում է թռչել Մոսկվա։

Այնտեղ բազմաթիվ փորձությունների է ենթարկվում, մրցակիցներն ավելի ուժեղ և խորամանկ են գտնվում, չնայած՝ ամենաազնիվ միտումներն ինքն ուներ։

Ֆիլմի ընթացքում լսելու եք ռուսերեն, շատ ռուսերեն։ Հրաշալի պատկեր ունի ֆիլմը, հրաշալի ձևով են պատմում ողջ պատմությունը, որը հիմնված է իրական պատմության վրա։

Սա ֆիլմ է մարդու ահռելի մեծ ուժի, ցանկության ու նպատակասլացության մասին։ Ֆիլմը դիտելուց հետո ուզում ես աշխարհը շուռ տալ, որովհետև հասկանում ես՝ եթե Rogers-ը կարողանում էր սովետական Միությունում իր ցանկություններն առաջ տանել մեն մենակ, ուրեմն դու էլ կարող ես այս աշխարհում ամեն բան անել, եթե Rogers-ի պես խիզախ, ցինիկ, խարիզմատիկ և նպատակասլաց լինես։

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր նայել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button