Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Վիգեն Իսախանյան

Ամիսներ առաջ է Վիգեն Իսախանյանը Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից վերադարձել Հայաստան։ Ասում է՝ թեև այնտեղ աշխատանք ու ընկերներ ուներ, բայց այն մթնլորտը չէր, որտեղ ցանկանում էր ապրել։ 7 տարեկան էր, երբ ընտանիքն Արտաշատից տեղափոխվեց Սուրգուտ։ Պատմում է, որ ծնողները միշտ ձգտել են պահպանել հայկական ավանդույթներն ու ինքնությունը և Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։

Վիգենը սկսել է աշխատել 12 տարեկանից․ ընտանիքին օգնելու համար շուկայում առևտրով է զբաղվել։ Ժպիտով նկատում է՝ այդ տարիների աշխատանքն իրեն մարդկանց հետ շփվել, նրանց հոգեբանությունը հասկանալ է սովորեցրել, և այդ փորձը կյանքում շատ օգտակար է եղել։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Սուրգուտի, հետո՝ Տյումենի համալսարանները։ Աշխատել է թե՛ մասնագիտությամբ, թե՛ այլ ոլորտներում։  

Անցած տարի աշնանն է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ միշտ մտածել է, որ երբ գա Հայաստան մարդականց ու քաղաքն ավելի լավ ճանաչելու համար մի քանի ամիս տաքսի կվարի։ Այժմ Էկո տաքսու վարորդ է։ Վիգենը սիրում է թե խոսել, թե լսել, և հաճախորդների հետ շփումը հեշտ է ստացվում։
Հիմնական աշխատանքից բացի զբաղվում է Արտաշատի Ոստան գյուղի մշակույթի տան վերականգման ծրագրով։ Ասում է՝ վերջին 4–5 տարիներին այդ  մասին շատ է մտածել․ ցանկանում է համայնքում մշակութային կյանքն արթնացնել։ Այժմ  ընկերների հետ ծրագիր իրականացմամբ է զբաղվում։ Փակագծերը դեռ չի ցանկանում բացել, բայց վստահեցնում է՝ ջանք ու եռանդ չի խնայի Ոստան գյուղի մշակույթի տունը վերանորոգելու ու իր նպատակին ծառայեցնելու համար։

Վիգենի խոսքով՝ Հայաստանում այս կես տարվա ընթացքում ամեն օր ավելի շատ կյանք է զգացել, քան Ռուսաստանում 24 տարվա ընթացքում։ Առայժմ միայնակ է եկել Հայաստան, բայց մյուս տարի ծնողներն ու եղբայրը ևս կգան։ Ասում է՝ իրեն ոչ մեկ չի ասել վերադարձիր, ինքն ամեն օր ավելի ու ավելի էր հասկանում, որ այն միջավայրը չէ, որտեղ ցանկանում է ապրել։ Նրա կարծիքով՝ պետք չէ սպասել որևէ բանի, եթե ցանկություն կա վերադառնալու, ապա համարձակ պետք է անել այդ քայլը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button