Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Գեորգի Կևորկով

1993 թվականին է Գեորգի Կևորկովի ընտանիքը Հրազդանից մեկնել Բելառուս։ Նա մեծացել է Գոմել քաղաքում, հետո տեղափոխվել է Մինսկ։ Մասնագիտությամբ ինժեներ–ծրագրավորող է։ Մի քանի տարի Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի ղեկավարն է եղել, մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ են կազմակերպել։ Ասում է՝ թեև այնտեղ ընկերներ ու աշխատանք ուներ, բայց Հայաստան վերադառնալու միտքը հանգիստ չէր տալիս։

Լուսանկարը՝ Գեորգիի ֆեյսբուքյան էջից


2022 թվականի մայիսին է Գեորգին կնոջ և երեխաների հետ վերադարձել հայրենիք։ Երբ նոր էին տեղափոխվել, ընկերներն ու հարազատները ցանկանում էին օգնել։ Սկզբում վարձով տանն էին ապրում, բայց վերջերս Երևանում տուն են գնել։ Պատմում է, որ առաջին մի քանի ամիսը երեխաները չէին հարմարվում նոր միջավայրին, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Նրա խոսքով՝ սփյուռքում այնքան էլ ճիշտ տեղեկություններ չեն հասնում Հայաստանի մասին և հաճախ ինչ որ մեկի չհաջողված պատմությունը ընդհանուր կարծիք է ձևավորում։

«Բժիշկները և կամավորները Հայաստանին» հիմնադրամի դեսպաններից է Գերոգին։ Հիվանդանոցներին բժշկական սարքավորումներով է ապահովում հիմնադրամը, բուժաշխատողներին էլ օգնում վերապատրաստման, սեմինարների և մասնագիտական նոր հմտությունների ձեռք բերման գործում։
Նա միացել է ՈՄԱ–ին և մասնակցում Երասխում 2–րդ գծի գմբեթների կառուցմանը։ Ցանկանում է, որ մարդիկ անտարբեր չլինեն միմյանց նկատմամբ, կիսեն թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը, քանի որ հենց նրանք են Հայաստանի ուժը։ Հաճախ է Երևանից դուրս ժամանակ անցկացնում, սիրում է Սյունիքի հպարտ լեռներն ու Լոռվա մաքուր օդը։

Գեորգին խորհուրդ է տալիս գալ Հայաստան և սեփական փորձով հասկանալ՝ ցանկանում են ապրել այստեղ, թե՝ ոչ, քանի յուրաքանչյուր վայր իր դրական և բացասական կողմերն ունի, պետք է համարձակ լինել ու չվախենալ փորձություններից։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button