Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Հասմիկ Մովսիսյան

90–ականներին է Հասմիկ Մովսիսյանի ընտանիքը մեկնել Հայաստանից։ Դեպի Չեխիա 3 ամիս նախատեսված այցը երկարել ու դարձել է տարիներ։ Հասմիկը կրթություն է ստացել Պրահայում հետո անգլերեն սովորելու նպատակով մեկնել Լոնդոն, բայց այնքան է հավանել քաղաքն ու մշակույթը, որ որոշել հենց այնտեղ էլ կառուցել իր ապագան։ Ասում է՝ Պրահայում ապրելու որոշումը ծնողներինն էր, Մեծ Բրիտանիա մեկնելու, հետո Հայաստան վերադառնալու ցանկությունն՝ իրենը։ 2016 թվականին, երբ գալիս էր Հայաստան մտածում էր՝ տարվա 6 ամիսը Եվրոպայում կաշխատի, հետո 6 ամսով կգա հայրենիք։ Բայց, երբ սկսեց այստեղ ապրել հասկացավ, որ հենց հայրենիքում կարող է լավ աշխատանք, հաջողակ բիզնես ու նախագծեր ստեղծել։

Լուսանկարը՝ Հասմիկի ֆեյսբուքյան էջից

Հասմիկն ասում է՝ միշտ սիրել է երաժշտությունն ու արվեստը, և Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանն աշխատելու ժամանակ հիմնադրել է Music of Armenia բարեգործական, մշակութային կամակերպությունը, որն աշխարհի տարբեր անկյուններում փառատոների, համերգների նախագծերի միջոցով գովերգում է հայկական երաժշտությունը և երաժիշտներին։ Այժմ նոր ու հետաքրքիր նախագծի վրա են աշխատում, որը տեղի կունենա «Քարերի սինֆոնիայի» տարածքում։ Մյուս կարևոր նախագիծը դուդուկի փառատոնն է, որն այս աշնանը կանցկացվի Գյումրիում և կնվիրվի հայ անվանի վարպետներ Ջիվան Գասպարյանի 95 և Գեորգի Մինասովի 90–ամյակներին։

Հասմիկն ասում է ՝ անցած 15 տարվա ընթացքում Music of Armenia կարևոր ու մեծ աշխատանք է կատարել նպաստելով հայկական երաժշտության տարածմանն ու բարգործական ծրագրերով իրականացրել շատերի երազանքներ։ Այդ նախագծերից նա ցանկանում է առանձնացնել «Կանանց երաժշտական միամսյակը», որի շրջանակում երաժշտական գործիքներ ու կրթաթոշակ են տրամադրում տաղանդավոր պատանիներին։

Կրթաթոշակի հաղթող Գրետա Վարդանյանը
Լուսանկարը՝ «Կանանց երաժշտական միամսյակ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Ժամանակի մեծ մասը Հասմիկը տրամադրում է նախագծերի ստեղծմանն ու իրագործմանը։ Ասում է՝ իր համար առաջնայինը միշտ կրթությունն ու կարիերան են եղել, անձնական կյանքին շատ ժամանակ չի հատկացրել։ Արդեն մեկ տարի է, ինչ Բջնիում գեղեցիկ ու յուրօրինակ հյուրատուն է բացել և անվանել Dream of Bjni։

Dream of Bjni
Լուսանկարը՝ հյուրատան ֆեյսբուքյան էջից

Բնության գեղեցիկ պատկերներով, լեռներով ու սարերով է շրջապատված հյուրատունը։ Հասմիկը ցանկանում է, որ աշխարհի տարբեր ծայրերց հայերը վերադառնան և իրենց տաքուկ անկյունը ստեղծեն լեռներում։

Բոլոր ծրագրերի հետևում պորֆեսիոնալ թիմ է կանգնած, որի շնորհիվ էլ կարողանում է շատ նախագծեր կյանքի կոչել,–նշում է Հասմիկն ու հավելում՝ Հայաստանում է գտել այն սերն ու ջերմությունը, որն ուժ է տալիս ու ոգեշնչում է նոր գաղափարներով առաջ շարժվել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button