Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Արա Երամեան

Սիրիայից Գերմանիա, Գերմանիայից Հայաստան․ հալեպահայ Արա Երամեանը 2020 թվականին է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ եկավ մի պահ, երբ զգաց՝ օր օրի մոռանում է հայերեն գրել– կարդալը և դա կարծես արթնացրեց նրան ու կարևոր որոշման հանգեցրեց։ Առանց հետադարձի տոմս գնեց և տեղափոխվեց Հայաստան։ Պատմում է, որ թե՛ ընտանիքում, թե՛ հալեպահայ համայնքում հայերեն են խոսել, և այդ էր պատճառը, որ երկար տարիներ դրսում ապրելուց հետո ցանկանում էր սրտում և մտքում տան մթնոլորտ ստեղծել։

Արան ծնվել է ճարտարապետի և գրողի ընտանիքում։ Սովորել Հալեպի համալսարանում հետո ուսումը շարունակել է Գերմանիայում՝ մասնագիտացել կենսաբժշկական ճարտարագիտության մեջ։ Մինչև Հայաստանը տեղափոխվելն ուսումնասիրել էր մի քանի պետություններ, առանձնացրել դրանց առավելություններն ու թերությունները, բայց ընտրել Հայաստանը, քանի որ ցանկանում էր այստեղ իրականացնել իր նախագծերը։

Կենսաբժշկության ոլորտն ակտիվացնելու, այդ բնագավառում աշխատող կազմակերպություններին միավորելու նպատակով 2021 թվականին հիմնադրել է «Հայաստանի կենսաբժշկական ճարտարագիտական» կազմակերպությունը, որին միացել է 7 ընկերություն։ Արան նաև դասախոսություններ և ուսումնական սեմինարներ է անցկացնում: Այժմ իր հոդվածի վրա է աշխատում, որում կներկայացնի Գերմանիայից Հայաստան տեղափոխվելու տրամաբանական և զգացական հիմքերը։

Լուսանկարը՝ Արայի ֆեյսբուքյան էջից

15 տարի է, ինչ Արան արշավների է մասնակցում, սարեր բարձրանում։ Հաղթահարել է Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը։ Ասում է՝ երկու շաբաթը մեկ մասնակցում է խմբային լեռնագնացությունների կամ միայնակ շրջում Հայաստանի գյուղերով, քանի որ իր համար բավարար չէ ճանապարհը մեկ կետից սկսելն ու ավարտելը։ Լեռներ տանող ուղին նույնքան հետաքրքիր է, որքան գագաթին հասնելը։ Ճանապարհին մարդկանց է հանդիպում, զրուցում նրանց հետ, այնպիսի պատմություններ լսում,  որոնց մասին ոչ մի տեղ չի կարդա։ Արայի խոսքով՝ Հայաստանը տարբեր շերտերից է բաղկացած, ուրաքանչյուր գյուղ իր դիմագիծն ունի, ջերմ տեղացիներով ու հոգսաշատ առօրյայով։

Արան մտադիր չէ Հայաստանից հեռանալ թեև, երբ Հալեպում էր ապրում, չէր մտածում, որ մի օր Գերմանիա կտեղափոխվի, իսկ հետո՝ Հայաստան։ Բայց հայրենիքում իր ուժն ու կարողություններն է ներդրել երկարաժամկետ նախագծեր իրականացնելու, մասնագիտական նոր որակներ ու փոփոխություններ բերելու համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button