Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը. Անդրանիկ Տողրամաջյան

Անդրանիկ Տողրամաջյանի ընտանիքը 90–ականներին է Հայաստանից մեկնել։ Թեվ ինքը ծնվել և մեծացել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում, բայց հայրենիք վերադառնալը երազանք է եղել, միշտ փորձել է մոտ լինել հայկական մշակույթին ու պատմությանը։ Փոխանակման ծրագրով սովորել է Փարիզում հետո Մոսկվայում ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2022 թվականի հունվարին որոշել է տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ միշտ մտածել է հայրենիքում ապրելու մասին և իր որոշումը կապված չէ ռուս–ուկրաինական պատերազմի հետ։ SkyLabs կրիպտոարժույթների տերմինալների մարքեթինգի տնօրենն է։ Ասում է՝ կրիպտոարժույթների ոլորտն ամբողջ աշխարհում զարգանում է և Հայաստանում դրանցով գործարքներ կատարող մարդիկ ավելանում են։ Նրա խոսքով՝  կրիպտոարժույթները շատերի համար անծանոթ և ոչ վստահելի են։ Անհրաժեշտ է դրանց շրջանառությունը կարգավորող օրենք ընդունել, այդ դեպքում ավելի հեշտ կլինի հետևել դրամական հոսքերին։

Լուսանկարը՝ Անդրանիկի ֆեյսբուքյան էջից

Անդրանիկը նաև TunMun․am անշարժ գույքի ծառայության համահիմնադիրն է։ Այս նախագիծը ընկերոջ հետ հիմնադրել է մի քանի տարի առաջ «Ներուժ» ծրագրի շրջանակում։ Այն առաջարկում է բնակարանների վարձակալություն, հյուրանոցի ամրագրում Հայաստանում կրիպտո տարբերակով:
Հայաստանը միակ վայրն է, որտեղ ցանկանում եմ ապրել,– ասում է Անդրանիկը և հավելում՝ հաճախ է շրջում Հայաստանում, սիրում է բնության գրկում ժամանակ անցկացնել։ Քաղաքի եռուզեռից հեռու փոքրիկ տուն է կառուցում Լոռու մարզի Ֆիոլետովա գյուղում։ Մի բնակարան էլ Երևանում է գնել, որտեղ հիմա ապրում է։

Անդրանիկը պատրաստվում է սեպտեմբերին ուսումը շարունակել ասպիրանատուրայում։ Հայ-ռուսական համալսարանում կրիպտո և ֆինանսական արժույթների մասին գիտական աշխատանք է գրելու։ Ասում է՝ ծանոթներ ունի, որոնք փորձել են ապրել Հայաստանում, բայց չի ստացվել։ Նա խորհուրդ է տալիս չհանձնվել, վստահ առաջ գնալ ու հաղթահարել դժվարությունները։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button