Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Անահիտ Վարդանյան

Գրեթե 7 տարի Անահիտ Վարդանյանը պլանավորել է Ռուսաստանից  վերադառնալ հայրենիք։ Սկզբում ուսումն ու աշխատանքն էին խանգարում, բայց երբ ավարտեց համալսարանը, ազատվեց աշխատանքից և այս տարվա մարտին «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան։ 
Պատմում է, որ մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Հրազանից տեղափոխվեց Մոսկվա։ Թեև տանը հայկական ավանդույթներն ու մթնոլորտ պահպանել են, ամեն տարի եկել են հայրենիք, բայց կարոտն ու այստեղ ապրելու միտքը հանգիստ չէին տալիս։

Անահիտը մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանակական համալսարանում։ Ասում է՝ միշտ հետաքրքրել է լրագրողի ու հաղորդավարի աշխատանքը և երբ ընտրություն պետք է կատարեր, տատանվում էր լրագրության և իրավաբանության միջև, բայց ընտրությունը կանգ առավ իրավաբանության վրա։
Նրա խոսքով՝ երբեք չի ցանկացել Մոսկվայում ապրել և այս տարիների ընթացքում փորձել է ավելի շատ դրական կողմերի վրա ուշադություն դարձնել, օրինակ ծանոթանալ մշակույթին, լեզվին։
«Դեպի Հայք» ծրագրով Անահիտը կամավորական աշխատանք է կատարել 4 վայրում, այդ թվում՝ երկու ամիս Հանրային ռադիոյում և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում, և վերջերս այնտեղից աշխատանքի առաջարկ ստացել։

«Դեպի Հայք» ծրագրի մասնակիցների հետ հաճախ է արշավների մասնակցում։ Սիրում է Գյումրվա բարբառը, ճարտարապետությունը, Լոռվա հարուստ բնությունը, Երևանում էլ՝  Պուշկին փողոցը, քանի որ կենտրոնի համեմատ ավելի խաղաղ է։
Անահիտը նկատել է, որ հայրենադարձությանը նպաստող ծրագրերի մասնակիցների թվում Ռուսաստանից եկած հայերը շատ քիչ են։ Նա ցանկանում է ավելի շատ երիտասարդների տեղեկացնել, ներգրավել նման ծրագրերում։
Ասում է՝  իր համար էլ որոշում կայացնելը բարդ էր, բայց երբ պլանավորում ես, ամեն ինչ ավելի  թեթև ու սահուն է ստացվում, իսկ խնդիրները՝ երկրորդական են դառնում։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button