ՖիլմON

ՖիլմON | Guillermo del Toro’s Pinocchio. Կարո՞ղ է այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին

Guillermo del Toro’s Pinocchio 2022 ‧ Fantasy/Musical ‧ 1h 54m
Ասել, թե Guillermo del Toro-ն հանճարեղ է, կնշանակի ոչինչ չասել։ Այդ հսկա մեքսիկացի կինոռեժիսորը ստեղծել է մի հրաշալի գործ, որտեղ քեզ, ինձ ու նրան (որ տարիքում էլ լինենք) ինչ-որ դասեր է տալիս՝ պարտադիր ջերմորեն և զգուշությամբ, որ չլինի թե մտածենք՝ սա ակնհայտ ճշմարտություն է, ինչու է՞ նրան թվում, թե մենք չգիտեինք։

Արի 5 րոպեով քեզ մի հրաշալի աշխարհ տանեմ։

Ռեժիսորը մի տեղ է հավաքել տաղանդաշատ մարդկանց, ասել՝ պետք է այնպիսի մուլտֆիլմ ստանանք, որ մարդն իրականությունից չկտրվի, բայց և զգա, որ անիմացիոն գործ է դիտում: Այդպես էլ արել են: Օրինակ՝ կա հատված, որտեղ պապիկի իրական տղա երեխան տան դուռը բացում ներս է մտնում, հետո նկատում է, որ այն կիսաբաց է թողել, պտտվում փակում է, նոր անցնում առաջ, այդ ամենն ակնթարթորեն է տեղի ունենում, դու չես էլ հասցնելու հասկանալ, թե ինչ է կատարվում, իմաստը որն էր, այդ կտորը հանգիստ կարող էր չլինել, միայն ողջ ընթացքում զգում ես, որ մուլտֆիլմը նայելուց ինչ-որ տարօրինակ ձևով կոմֆորտ ես, ու դա հենց այդ փոքր դետալների շնորհիվ: Աշխարհի չափ մանր դետալներ կան, ամեն ինչի վրա ամիսներով աշխատած, իսկապես ՇՇՄԵԼՈւ Է:

Հետաքրքիր ձևով կարողացել են խաղալ մեզ հետ: Ուրեմն, փայտե տղան ինձ դուր չէր գալիս, անհավասար էր, ծուռումուռ, մեխերը` լիքը, մազերը` խառը, անընդհատ սպասում էի, որ պետք է հայրը «հղկի» նրան, հավասարեցնի, հարթեցնի, գեղեցկացնի. չէր ստացվում ընդունելը:

Հետո.. կամաց-կամաց հասկացա, որ ինչպես «հայրը», ես էլ ուզում էի, որ նա լիներ այն կերպարը, որն ինքս էի պատկերացնում, որն ինձ համար էր իդեալական.. վերջում անկախ ինձանից եկա այն եզրահանգման, որ նա այդպիսին է և վերջ, կամ պետք է ընդունել, կամ բաց թողնել.. սա մի հոգեբանական թեստ էր, որը Guillermo-ն անցկացնում է հեռվից հեռու, բայց շատ ուղիղ ձևով: ՖԱՆՏԱՍՏԻԿ Է: Իսկ փայտե տղան այդպես անհավասար էր և անմշակ, որովհետև «հայրը» հարբած ժամանակ էր պատրաստել նրան: Ամեն բան ազնիվ է ու ճիշտ:

Սա պատմություն է ծնողի ու երեխայի հարաբերությունների, կորցնելու, գտնելու ու արժևորելու մասին: Ինձ համար սարսափելի հուզիչ պահեր են եղել, որ երբեք որևէ մուլտֆիլմում չեմ զգացել, այդտեղ էլ Guillermo-ն էլի հեռվից հեռու մտել է մեր ընտանիք, ցույց տվել մեզ, մեր ծնողներին, իրեն հատուկ խրպոտ ու ցածր ձայնով ասել՝ կարող է՞ այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին։

Դերասանական կազմը շշմելու լավն է: Սիրելի Christoph Waltz-ը, Tilda Swinton-ն ու Cate Blanchett-ը գործն ավելի հզոր են դարձնում, լավ կլինի օրիգինալ տարբերակով դիտեք, անգլերենով։

Ի դեպ, սա այնքան լավ գործ է, որ Cate Blanchett-ն անձամբ ռեժիսորին ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած դերի, անգամ կարող է մատիտի կերպարը մարմնավորել, միայն թե լինի ընթացքի մեջ, այդպես գեղեցկուհին կապիկի դերն է վերցրել ու պարզապես կապիկին հատուկ ձայներ է հանում։

Երեխաների հետ հանգիստ կարող եք նայել, այսօր այդ օրն է, մի ուշացրեք։

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button