ՖիլմON

ՖիլմON | Nocebo 2022. Չար Աչք

Միստիկ թրիլլեր՝ Եվա Գրինի մասնակցությամբ․ ֆանտաստիկ համադրություն է, չէ՞։

Քրիստինը մանկական հագուստների դիզայներ է։ Գեղեցիկ կին է, հաջողակ, ապրում է շքեղ տանը, սիրող ամուսին ունի, մի աղջիկ երեխա, մեքենա է վարում, թվում է՝ ամեն բան կարգին է, բայց դիզայների կյանքի որակը կտրուկ վատանում է։ Քրիստինի կյանքում պատահած մի դեպքից հետո նրա աշխատունակությունն ընկնում է, նա մկանային ջղաձգումներ է ունենում, հոգեպես հալվում, ամենօրյա դողն ու մնացած ախտանշանները կնոջն օր օրի հյուծում են։ Այդ ընթացքում Քրիստինը դեղորայքի օգնությանն է դիմում, բայց մեկ է ոչինչ չի օգնում նրան հաղթահարել այդ վիճակը։ Հոգեբանական մի շարք խնդիրների պատճառով աշխատունակությունն է ընկնում,  հարաբերությունները լարվում ամուսնու հետ, երեխային չի կարողանում ուշադրություն դարձնել, ու այդ ամենը մինչ ֆիլիպինուհու հայտնվելը:

Եվ մի օր էլ նրա դուռը թակում է ֆիլիպինցի մի կին, ով ներկայանում է որպես տան աշխատակցուհի։ Քրիստինը ներս է հրավիրում ու քանի որ հիշողության հետ խնդիրներ ուներ, մտածում է, որ պարզապես մոռացել է, որ հայտարարություն է տվել տան աշխատակցուհի գտնելու համար։

Սա գեղեցկուհու ամենալավ դերը չէ, իհարկե, ու ամենալավ ֆիլմը չէ, որտեղ կարող էր գլխավոր  դեր ստանալ, բայց այդ ֆրանսուհին կատարյալ է, երբ խոսքը հենց ֆրանսուհի լինելն ընդգծելն է:

Մարկ Սթրոնգի ու Եվա Գրինի համար սա ֆիլմ է, որտեղ պետք է «փրկել» խեղճ սցենարն  ու մեզ պահել էկրանին․ Մարկն՝ իր Մարկ Սթրոնգությամբ, Եվան՝ իր կարմիր շրթներկը քսելով ու նույն գույնի կոշիկներից հաջողություն խնդրելով:

Դայանայի հայտնվելուց հետո կյանքը կարծես նոր շունչ է ստանում։ Կինը համեղ էր պատրաստում, կարողանում էր Քրիստինին օգնել, որ ցավերը թուլանան, վիճակը բարելավվի, բայց այդ ամեն անում էր համենայնդեպս մեզ համար տարօրինակ մեթոդներով։ Քրիստինի ամուսինը՝ Ֆելիքսը, թերահավատորեն էր մոտենում տան աշխատակցուհու մեթոդներին, բայց մտածում էր՝ եթե սա օգնում է կնոջս ոտքի կանգնել, ինչու՞ ոչ։

Թվում է՝ ամեն բան լավ է, ու հենց այդ պահից էլ սկսվում է անսպասելին։

Ֆիլմում  շատ են անսպասելի, վախեցնող ու սարսափեցնող պահերը, դե բայց սա թունդ թրիլլեր է, հենց այդպես էլ պետք է լիներ։ 

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button