ՖիլմON

ՖիլմON | The Boy, the Mole, the Fox and the Horse․ Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտանում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես

The Boy, the Mole, the Fox and the Horse. 2022 ‧ Animation/Short ‧ 34 mins

Լավ չէ, իհարկե, որ կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես ասել՝ դե վերջ, դուք հաղթեցիք, ես հանձվում եմ, հավաքում եմ իրերս ու գնում դեպի խորը միայնության գիրկը, բայց լավ է, որ այդ ճանապարհին, նախքան փշրվելը գլխի ողջ երկայնքով սկսում է պտտվել միտք՝ իսկ գուցե վերջին, թեկուզ խելահեղ, թեկուզ «անիմաստ», թեկուզ ոչ իրատեսականն է՞լ փորձեմ: Գուցե ստացվի մի այնպիսի բան, որի մասին անգամ հիմա մտքովս չի անցնում, գուցե ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր գիշերվան հաջորդում է ցերեկը։

Այդ հոգեվիճակում մարդիկ հաճախ օգնություն են փնտրում, օրինակ, համացանցում: Մտնում են Google, փնտրման դաշտում գրում՝ ի՞նչ անել, երբ այլևս պայքարելու ուժ չկա, կամ գուցե գրում են՝ ի՞նչ նայել, կարդալ կամ լսել, երբ կոտրված ես ու կամաց-կամաց փշրվում ես:

Փնտրել կոճակը սեղմելուց հետո, գուգլի վիդեոյի դաշտում բերելու է մի անչափ ջերմ, սիրուն, հոգեհուզական ֆոնը կարգավորող թերապևտիկ մի մուլտֆիլմ: Ովքեր կարդում են ու կարծում, որ մեծ մարդիկ են, որ մուլտֆիլմը երեխաների համար է, կարող են շարունակել այդպես մտածել, բայց պետք է նաև խոստանաք, որ այս մուլտֆիլմը նայելուց հետո, եթե փոխեք ձեր կարծիքը անպայման իմաց կտաք։

Մի փոքրիկ տղա ու մի քանի կենդանի սկսում են իրենց «տրավմաները» հաղթահարել: Միասին ճանապարհ են անցնում, իրար խորհուրդ տալիս, հոգ տանում, ներում, սիրում ու իրարով լինում: Չորս կերպար կա մուլտֆիլմում։ Չորսի մեջ էլ գտնելու ես քեզ, չվախենաս, դա բնավ չի նշանակում որ անձի երկատվություն ունես, պարզապես դու մարդ ես, ով ունի բազմատեսակ էմոցիաներ։ Այս մուլտֆիլմում երկխոսությունները հրաշալի են, պատկերը լավն է, երաժշտությունը՝ «ապահով», կերպարները՝ հետաքրքիր, գաղափարը՝ սփոփիչ ու օգնող։

Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտանում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես։

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր, մեկ-մեկ էլ մուլտֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button