ԹատրON | Առաջնախաղ «Նռնենի». ՀանդArt
Թատրոնը և թատերախաղը պայմանականության արվեստ են. կենդանիները բուտաֆորիա են, բնության ձայները՝ ձայնագրություններ, իսկ իրականության զգացումը՝ արվեստի ստեղծած պատրանք։ Այս տեսանկյունից, բացօթյա ներկայացումները, թեև ուղեկցվում են որոշ դժվարություններով, բայց ապահովում են առավել բնական և իրական միջավայր՝ թատերախաղի համար։ Այդ պայմաններում ավելորդ բեմական հնարանքների կարիք գրեթե չի լինում։
Տարիներ առաջ, կորոնավիրուսի համավարակի պատճառով, թատրոնը ստիպված դուրս եկավ ավանդական թատերական շենքերից՝ վերադառնալով իր ակունքներին, այն ձևին, որով թատերական ներկայացումները կայացել են դարեր առաջ։ Սա լուրջ փորձություն էր ոլորտի մասնագետների համար՝ սպասե՞լ, թե՞ մարտահրավերը վերածել հնարավորության։ Շատերը համարձակ քայլ արեցին՝ հանդիսատեսին հրավիրելով բաց երկնքի տակ, թատերախաղ դիտելու բնական միջավայրում։ Սակայն համավարակի նահանջից հետո, նման բեմադրությունների թիվը կտրուկ նվազեց։

Կան նաև ստեղծագործողներ, որոնք մինչ օրս շարունակում են աշխատել՝ ավելի մեծ թափով և էնտուզիազմով։ Հունիսի 11-ին և 12-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգում կայացավ «Նռնենի» ներկայացման առաջնախաղը, որի հեղինակն ու բեմադրողը Տիգրան Գյուլումյանն է։
Տիգրան Գյուլումյանը դեռ համավարակի ժամանակ էր մեկնարկել բացօթյա բեմադրությունները՝ ներկայացնելով «Աշնան արև» և «Ցանկապատ» ստեղծագործությունները։ Նա այդ քայլն արեց ոչ թե մեծ ծրագրերով, այլ պարզապես՝ փորձելով մարդկանց դուրս բերել ծանր հոգեվիճակից։ Սակայն այն, ինչ սկիզբն էր համեստ նախաձեռնության, այսօր վերածվել է մեծ թատերական նախագծի, որը հյուրընկալում է հարյուրավոր թատերասերների։
«Նռնենին» Տիգրան Գյուլումյանի առաջին ինքնագիր տրագիկոմեդիան է։ Մինչ այդ նա բեմադրում էր դասական ստեղծագործությունների իր մշակումները։ Հեղինակը երկար ժամանակ է հատկացրել պատմությունը ձևակերպելու և թատերական լեզվով ներկայացնելու համար։

«Նռնենին» պատմում է մի գյուղում ապրող չամուսնացած կնոջ, նրան սիրահարված տղամարդու, քաղցկեղով հիվանդ մեկ այլ կնոջ և գյուղի ամբողջ անցուդարձից տեղյակ հարևանուհու մասին։ Վերջինիս կերպարը մարմնավորում է վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը։ Նրա խաղի մասին կարող եմ երկար խոսել, բայց ավելի լավ է գնաք ու անձամբ դիտեք, իսկ մինչ այդ ասեմ՝ ներկայացման հումորը, հուզումն ու կենդանությունը մեծապես պայմանավորված էին նրա խաղով։
Ուսուցչուհու կերպարը ներկայացնում է վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը։ Պատմությունը նրա հերոսուհու շուրջ է կատարվում՝ հարևանները փորձում են նրա համար փեսացու ընտրել։ Այդ փորձերն ուղեկցվում են մի շարք անհավանական և հաճախ ծիծաղաշարժ իրադարձություններով, որոնց ուսուցչուհին ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև հաճախ շփոթվում է։ Լուիզա Ղամբարյանի խաղի նրբությունն ու խորությունը ստիպում են հանդիսատեսին միաժամանակ թե՛ ծիծաղել, թե՛ կարեկցել։ Բացօթյա ձևաչափը դերասանուհու համար նույնպես նոր փորձ էր։

Ուսուցչուհու կերպարը ներկայացնում է վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը։ Պատմությունը նրա հերոսուհու շուրջ է կատարվում՝ հարևանները փորձում են նրա համար փեսացու ընտրել։ Այդ փորձերն ուղեկցվում են մի շարք անհավանական և հաճախ ծիծաղաշարժ իրադարձություններով, որոնց ուսուցչուհին ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև հաճախ շփոթվում է։ Լուիզա Ղամբարյանի խաղի նրբությունն ու խորությունը ստիպում են հանդիսատեսին միաժամանակ թե՛ ծիծաղել, թե՛ կարեկցել։ Բացօթյա ձևաչափը դերասանուհու համար նույնպես նոր փորձ էր։

«ՀանդԱրտում» բեմադրվող ներկայացումները գրավում են ոչ միայն իրենց բացօթյա ձևաչափով, այլ նաև կենդանությամբ ու անկեղծությամբ։ Դրանք ձուլվում են միջավայրի հետ՝ խզելով բեմի ու հանդիսատեսի միջև սահմանները։ Օրինակ՝ Ագնեսա Շահնազարյանի մարմնավորած հարևանուհին բեմ է մտնում իրական շան հետ։ Կամ Արծրուն Հարությունյանի մարմնավորած կերպարը գալիս է խաղահրապարակ՝ կապույտ սովետական մեքենայով, բարձր երաժշտության ուղեկցությամբ՝ ընդգծելով կերպարի յուրահատկությունն ու միջավայրի իրական շունչը։
Ներկայացման ընթացքում բնությունն էլ դառնում է իրադարձությունների լիիրավ մասնակից։ Թռչունների երգը, հարևան տարածքից հնչող կենդանիների ձայները ստեղծում են ամբողջական գյուղական պատկեր։ «ՀանդԱրտը» պարզապես թատերական հարթակ չէ, այն տարածք է, որտեղ հնարավոր է դուրս գալ քաղաքի աղմուկից ու ճնշող առօրյայից՝ հանգստանալով բնության գրկում։ Այստեղ արվեստն ու բնությունը ձուլվում են՝ ստեղծելով միջավայր, որտեղ հանդիսատեսը պարզապես դիտող չէ, այլ դառնում է ստեղծագործ միջավայրի լիիրավ մասնակից։




