ԹատրON

ԹատրON | Առաջնախաղ «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան»

Մարդը հաճախ կանգնում է իր ներաշխարհի ձգտումների և սոցիումի պահանջների խաչմերուկում։ Մի կողմից՝ հասարակության կողմից պարտադրվող նորմերն ու սպասումները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, ավանդույթների ծանրությունը, խիղճը։ Շատերը կյանքն ապրում են ոչ թե իրենց ընտրությամբ, այլ այն ճանապարհով, որ վաղուց իրենց փոխարեն որոշված է։ 

Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայն իր ստեղծագործություններում խորությամբ անդրադառնում է այս թեմաններին։ Նրա պիեսները հայտնի են հումանիստական մոտեցմամբ, հոգեբանական ճշգրտությամբ և հումորի ու դրամայի նուրբ համադրությամբ։ Նիկոլայի կերպարները հասարակ մարդիկ են՝ միայնակներ, ծերեր, սիրո կարիք ունեցողներ, ովքեր հայտնվել են կյանքի լուսանցքում։ Այս հարցերին ավելի լայն է անդրադարձել իր «Երբևէ ուղտի վրա չե՞ս նստել» պիեսում։ Վերնագիրը փոխաբերական իմաստ ունի՝ այն մատնանշում է, թե որքան հաճախ ենք մենք ապրում՝ առանց իրականում ինչ-որ նոր բան փորձելու, առանց ռիսկի ու շարժման։ Պիեսի հիման վրա  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» ներկայացումը, որի բեմադրիչը Անուշ Սարգսյանն է, թարգմանությունը Տիգրանուհի Տեր-Մարկոսյանինն է։

«Կմեռնեմ ուրբաթ երեկոյան»

Ներկայացման առանցքում ծնող-զավակ հարաբերություններն են։ Սերն այս դեպքում ոչ թե ազատություն պարգևող զգացում է, այլ՝ վերահսկողության գործիք։ Մայրը, որին մարմնավորում է Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, խանգարում է դստեր ինքնուրույն որոշումներ կայացնելուն՝ քողարկելով իր վախերն ու մենակության զգացումը խնամքի, զոհողության և սիրո անվան տակ։ 
Զարուհի Խաչատրյանի մարմնավորած դստեր կերպարը զուսպ է, ներփակված, բայց ուժեղ։ Նրա հերոսուհին տանջված է, ապրումների միջով անցած։ Նա պահում է իր մարդկայնությունն ու նրբանկատությունը, երբ ստիպված է դիմակայել մոր վերահսկողությանը։

«Կմեռնեմ ուրբաթ երեկոյան»

Ներկայացման կերպարները երեքն են՝ մայրը, աղջիկը և հարևանուհին, որին մարմնավորում է Անի Քոչարյանը։ Նա, լինելով կյանքի հանդեպ ավելի պարզ վերաբերմունք ունեցող մեկը, փորձ է անում օգնել, միջամտել, մխիթարել։ Անի Քոչարյանն իր խաղով ստեղծում է կենդանի ու սիրելի կերպար՝ կատակով, զարմանքով ու անկեղծ մտահոգությամբ լի։
Անուշ Սարգսյանի բեմադրության մեջ կարևոր դեր ունի լռությունը։ Այդ «լուռ խոսքը» հանդիսատեսին տալիս է ժամանակ՝ մտածելու իր իսկ կյանքի, իր կայացրած կամ չկայացրած որոշումների մասին։ Հատկանշական են տեսարանները, որտեղ գործողությունը սրվում է հենց խոսքով չարտահայտված պահերին։

Հաջորդ ներկայացումը սեպտեմբերին է՝ նոր թատերաշրջանում, գնացեք դիտելու  ու անպայման հարցեր տվեք ձեզ՝ արդյո՞ք դուք եք որոշում ինչպես ապրել, թե ուրիշներն են անում դա ձեր փոխարեն։

«Կմեռնեմ ուրբաթ երեկոյան»



Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button