ԹատրON

ԹատրON | «Զառանցանք երկուսով». «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոն

Մհեր Մկրտչյանն ասում էր. «Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։ Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին»։

Վերադարձրեց՝ Երևանում տարիներ առաջ բացեց արտիստական թատրոն և  կոչեց ռեժիսոր Վարդան Աճեմյանի անունով։ Սակայն արտիստի մահից հետո այն վերանվանվեց հենց իր՝ Մհեր Մկրտչյանի անունով։ Թատրոնը՝ դադարներով, բայց գրեթե միշտ ստեղծագործել է։ 2020 թվականից թատրոնի դռները փակ էր. շենքը հիմնանորոգվում էր՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։ Վերազինվելով նոր լուսային և ձայնային տեխնիկայով՝ 2024 թվականի սեպտեմբերին «Սովորական հրաշք» ներկայացմամբ թատրոնը վերաբացվեց ու մեկնարկեց 20-րդ թատերաշրջանը։

«Զառանցանք երկուսով» ներկայացում

Թատրոնում փոփոխությունները շատ են։ Շենքային պայմաններից մինչև ստեղծագործական անձնակազմ։ Հրավիրվել են տարբեր ռեժիսորներ, դերասաններ, իրենց աշխատանքը շարունակում են նաև թատրոնի հնաբնակները։ Խաղացանկը բազմաժանր է` «Հեքիաթներ հեռախոսով», «Եվ եղավ սերը», «Մոխրոտը», «Զառանցանք երկուսով» և այլն։ 

Փետրվարի 9-ին Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում խաղում էին «Զառանցանք երկուսով» ներկայացումը։ 

Պատերազմ է…Փողոցներում կրակոցներ ու պայթյուններ են, մարդիկ են մահանում, իսկ մի Կին ու մի Տղամարդ իրենց բնակարանում վիճում են պարզ հարցի շուրջ՝ արդյո՞ք խխունջներն են ավելի ուժեղ, թե՞ կրիաները։ Նրանց հետաքրքիր չէ՝ ինչ է կատարվում դրսում։ Երբեմն գիտակցում են, բայց իրենց անձնական հարցերն ավելի կարևոր են։ Ֆրանսիացի դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» պիեսի սյուժեն է, որն առաջին հայացքից անհեթեթ է թվում։ Իրականում, «Աբսուրդի թատրոնն» ավելի անհեթեթ չէ, քան իրական կյանքը։ Հատկապես մեր օրերում, երբ աշխարհը կարծես գլխիվայր է շրջվել, իսկ մենք միևնույն է  ապրում ենք մեր առօրյա խնդիրներով։ 

Պիեսին անդրադարձել է երիտասարդ բեմադրիչ Արման Մինասյանը։ 

«Զառանցանք երկուսով» ներկայացում

Բացվում է վարագույրը։ Բեմի վրա սպիտակ քառակուսի է՝ մեջտեղը դատարկ. բաց պատուհան է հիշեցնում։ Կարծես կապն է աշխարհի և այդ բնակարանի միջև։ Դերասաններն այդ հարթակի վրա են, դանդաղ քայլում են՝ միմյանց ետևից։ Լսվում են ձայներ՝ պայթյունի, կրակոցների, հրթիռների։ Նրանք շարունակում են քայլել. դադար։ Սկսվում է նրանց անհասկանալի զրույցը։ Պիեսում գործող անձինք երկուսն են՝ կին և տղամարդ։ Նրանք անուններ չունեն, հասկանալի չէ՝ ովքեր են, որտեղից են և ինչ պատմություն ունեն։ Տղամարդուն մարմնավորում է դերասան Սիսիան Ստեփանյանը։ Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես արել է գլխավոր դերակատարը։

«Զառանցանք երկուսով» ներկայացում

Աբսուրդի դրաման իրականությունը ներկայացնում է հոռետեսաբար, կործանման նախազգացումով համակված, մարդուն՝ իբրև անհեթեթ գոյություն, կյանքը՝ զուրկ իմաստից։ Այս պիեսներում երկխոսությունները երբեմն տրամաբանությունից զուրկ են, սյուժեն՝ անհասկանալի և չփոխկապակցված։

«Զառանցանք երկուսով» ներկայացումը դիտելիս մտքում հնչող հարցերը շատ են, հաճախ չենք հասկանում՝ ինչ են խոսում, ինչից են խոսում կամ արդյոք դերակատարներից մեկը չի մոռացել կամ շփոթել տեքստը։ Այդ պահերին անմիջապես պետք է հիշել, որ աբսուրդ պիեսի հերոսներն են բեմում։ Կնոջը մարմնավորում է դերասանուհի Լիլիթ Սարգսյանը։

Բեմում շարժումը նույնը չէ, ինչ առօրյա կյանքում։ Բեմն ունի իր օրենքներն ու կանոնները։ Դերասանները հստակ պետք է դա տարբերակեն։ Ցավոք, ոչ բոլորն են բեմական պլաստիկան կարևորում։ Այդ պատճառով հաճախ կտեսնենք բեմում ուղղակի քայլող կամ շարժվող մարդկանց։ Երբ նայելիս լինեք «Զառանցանք երկուսով» ներկայացումը ուշադիր եղեք՝ ինչպես են դերասանները շարժվում բեմում՝ հատկապես սիրային տեսարանում։ Դերակատարների հետ աշխատել է  Անահիտ Ենոքյանը։ 

«Զառանցանք երկուսով» ներկայացում

Ներկայացման ամբողջ ընթացքում մտածում էի՝ ունեի կարիք ավել շատ էմոցիաներ զգալու, քան փոխանցում էին  դերասանները։ Կարծում եմ, ոչ։ Ամեն ինչ ճիշտ էր ու առանց գերխաղի։ Այնպիսի տպավորություն ունեի, որ ես էլ էի այդ սենյակում, մի անկյունի վրա նստած հետևում էի նրանց խոսակցությանը։ Սա կարևոր է, երբ դու հավատում ես դերասանի մարմնավորած կերպարին, չես մտածում՝ կեղծում է ու վատ խաղ է ցույց տալիս։ Երկու դերակատարներն էլ ապրում էին բեմում։ 
Ներկայացումն ավարտվում է այնպես ինչպես սկսվել էր. Դերասանները քայլում են. ամեն ինչ շարունակվում է նույնությամբ, կարծես հաստատելով՝ մարդը ու կյանքը երբեք չեն փոխվում։ 

Սիրում եմ «Աբսուրդի թատրոնը» և փորձում եմ դիտել ներկայացումները, որոնք բեմադրվում են։ Այս պիեսի մեկնաբանումը, մոտեցումը հետաքրքիր էր, տարբերվող ու կարևորը՝ մանրակրկիտ աշխատաք էր արված։ 

Թատրոնի դռները բացվում են 19:00-ին։ Տասը րոպե շուտ գնացեք, որպեսզի սովորություն ձևավորվի  ներկայացումները սկսվեն նշված ժամին։ «Զառանցանք երկուսով» բեմադրությունը սկսվում է 19.30-ին։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button