ԹատրON

ԹատրON |  «Խխունջ Հենրիի կրկեսը». Խաղարան ինտերակտիվ թատրոն 

Երեխաների համար խաղն աշխարհի ճանաչման բնական ուղի է։ Նրանք գույների, շունչ առած տիկնիկների և շարժման միջոցով են բացահայտում իրականությունը՝ մարդկանցով, երևույթներով ու սեփական «ես»-ով։ Այդ ուղու վրա մեծ նշանակություն ունի այն, թե ինչ են նրանք դիտում, լսում, կարդում և սովորում։ Տիկնիկային թատրոնը, թերևս, այս ճանաչողական գործընթացի ամենալուսավոր արտահայտություններից մեկն է. այստեղ երեխաների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով՝ ներգրավելով խաղի մոգական աշխարհում։

Այս տեսանկյունից կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մանկական թատերական ներկայացումները՝ ովքեր են դրանք բեմադրում, ինչ բովանդակություն են փոխանցում, և կարևորը՝ արդյո՞ք այդ ստեղծագործություններն իրապես արժանի են երեխաների ուշադրությանը։  

«Խխունջ Հենրիի կրկեսը»

Վերջին տարիներին Երևանում տիկնիկային թատերախմբերի թիվը նկատելիորեն աճել է։ Շատերը ստեղծագործում են ոչ թե ավանդական թատերական շենքերում, այլ այլընտրանքային տարածքներում՝ կենտրոնանալով ինտերակտիվության վրա։ Փորձը ցույց է տալիս, որ երեխաներին հատկապես գրավում է այն ձևաչափը, երբ իրենք դառնում են ներկայացման մասնակից, ոչ թե պարզապես հանդիսատես։ Շարժման, ներգրավվածության և անմիջական շփման հնարավորությունը հաճախ նրանց համար շատ ավելի ազդեցիկ է, քան բեմի վրա ընթացող գործողության լուռ դիտումը։

Այս էպիզոդում պատմելու եմ «Խաղարան» ինտերակտիվ թատրոնի մասին, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի թատերական քարտեզում։ Թատրոնը ներկայացումներն իրականացնում է Երևանի պատմության թանգարանում՝ խաղը համադրելով կրթական փորձառության հետ։ Յուրաքանչյուր ներկայացումից առաջ երեխաները մասնակցում են փոքրիկ ճանաչողական շրջայցի թանգարանի այն հատվածում, որտեղ պահվում է հին տիկնիկների բացառիկ հավաքածուն։ Այս կերպ, նրանք ոչ միայն խաղում են, այլև իրական շփում են ունենում պատմության, մշակույթի և արվեստի հետ՝ ստեղծելով հիշողության և երևակայության մի հարթություն, որն այլ կերպ դժվար կլինի ապահովել։

«Խխունջ Հենրիի կրկեսը»

«Խաղարան» ինտերակտիվ թատրոնի հիմնադիրները՝ Գոհար Առաքելյանն ու Էդգար Թաթիկյանը, արվեստի իրենց ուղին սկսել են Արցախում՝ ստեղծելով տիկնիկային թատրոն հենց այնտեղ։ Տեղահանության բարդ ճանապարհը, բնականաբար, հեշտ չի եղել, բայց նրանք Երևանում ևս շարունակել են իրենց ստեղծագործական աշխատանքը՝ նույն նվիրվածությամբ ու սիրով։ Այսօր նրանք նոր տիկնիկներ են ստեղծում, փնտրում ու գտնում ժամանակակից հեքիաթներ, վերածում դրանք բեմական պատմությունների՝ փոքրիկ հանդիսատեսի համար ստեղծելով բացահայտման, խաղի ու կախարդանքի տարածք։
Նրանց վերջին բեմադրությունը՝ «Խխունջ Հենրիի կրկեսը», հիմնված է Կատարինա Մացուրովայի «Խխունջ Հենրին» մանկական գրքի վրա։ Այն պատմություն է՝ տոկունության, բարեկամության, փոխօգնության և սեփական ուժերի նկատմամբ հավատ ունենալու մասին։

«Խխունջ Հենրիի կրկեսը»

«Խխունջ Հենրիի կրկեսը» ներկայացման միջավայրը ստեղծված է այնպես, որ երեխաներն իրենց զգան ազատ, հանգիստ։  Հատակին փռված գորգը, փափուկ ու գունավոր բարձերը փոքրիկների համար դառնում են հարմարավետ մի տարածք, որտեղ կարելի է հարմար տեղավորվել, կենտրոնանալ և վայելել հեքիաթը։ Իսկ հեքիաթը պատմվում է տիկնիկների միջոցով՝ ձեռագործ, գունեղ և շունչ առած կերպարների, որոնք պատրաստում է թատրոնի համահիմնադիր Գոհար Առաքելյանը։ Ներկայացման ընթացքում բեմում կենդանանում են խխունջը, մեղուն, մրջյունները՝ յուրաքանչյուրը՝ իր կերպարային առանձնահատկությամբ։ 

Ներկայացման ավարտին երեխաներին սպասում է մեկ հատուկ պահ՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է ներկել իր խխունջն ու տանել այն տուն՝ որպես հիշողություն, բայց նաև որպես փոքրիկ ընկեր։ Սա ներկայացման ամենախաղաղ ու կենտրոնացած պահերից մեկն է։ Եթե ամբողջ ընթացքում փոքրիկները շարժվում, արձագանքում, ծիծաղում ու մասնակցում էին ներկայացման բուռն աշխարհին, ապա այս հատվածում մթնոլորտը փոխվում է․ մի հեզ, գրեթե կախարդական լռություն է իջնում տարածքի վրա։ Յուրաքանչյուր երեխա ներշնչվում է տեսածից ու իր ձեռքերով ձևավորում իր խխունջ Հենրիին՝ յուրօրինակ, գունեղ, անհատական։ Այս գործողությունն ամփոփում է ամբողջ թատերական փորձառությունը՝ արվեստը դառնում է հուշ, խաղը՝ հիշողություն, իսկ ստեղծագործական պահը՝ շարունակվող հեքիաթ, որը փոքրիկը տանում է իր հետ։

«Խխունջ Հենրիի կրկեսը»

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոնում ներկայացումները շատ են։ Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ ամենափոքրերից մինչև դպրոցահասակ երեխաներ։ Թատրոնի խաղացանկում կգտնեք մի շարք յուրահատուկ, տարբերվող ներկայացումներ, որոնք ոչ միայն զվարճալի են, այլև իմաստային, կրթական և զգացմունքային շերտերով հարուստ։

Եթե ցանկանում եք ձեր երեխայի հետ կիսել իրական թատերական հիշողություն, լինել մի տարածքում, որտեղ հեքիաթն ապրում է շնչող կերպարներով, իսկ երեխան ոչ թե դիտող է, այլ՝ ստեղծող, ապա անպայման այցելեք «Խաղարան»։ Հետևեք թատրոնին Ինստագրամում, ընտրեք ներկայացում, գնեք տոմսեր և պարզապես գնացեք ձեր բաժին մանկության հետևից։ Այն միշտ սպասում է ձեզ՝ ամեն գունավոր բարձի, ամեն շշնջացող տիկնիկի ու ամեն բեմական ժպիտի ետևում։ 




Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button