ԹատրON | «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացում. Արման Մաթևոսյան
Ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնի շրջանակում հյուրընկալվել են արտիստներ հարևան երկրներից, ինչպես նաև Ռումինիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Այս տարի խաղացանկում ընդգրկված ներկայացումներից ամենաշատը ցանկանում էի դիտել «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացումը։ Դերակատար Արման Մաթևոսյանն այս տարվա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում։ Դեռ չէի հասցրել դիտել բեմադրությունն ու չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը։

Ամերիկացի գրող և բանասեր Դանիել Քիզը ծնվել է 1927 թվականին։ Նրա ծնողները հրեա էմիգրանտներ էին, որոնք Նյու Յորք էին տեղափոխվել ռուսական կայսրությունից։ Ծնողները որդուն մշտապես խրախուսում էին լրջորեն վերաբերվել ուսմանը։ Հայրը անվերջ գրքեր էր բերում, և Դանիելը մեծ ոգևորությամբ կարդում էր դրանք։ Շուտով նրա մոտ սկսեցին ի հայտ գալ կարճատեսության նշաններ։ Դանիելին թվում էր, թե շուտով ամբողջովին կկուրանա։ Վախից՝ փոքրիկ տղան կապում էր աչքերը և փորձում էր առօրյա գործերն անել փակ աչքերով՝ կարծելով, որ հետագայում՝ կուրանալուց հետո, ավելի հեշտ կհարմարվի։ Այսպես, նա սկսեց հրաշալի կողմնորոշվել տան միջավայրում՝ փակ աչքերով։ Սա նրա կյանքի առաջին մեծ սթրեսն էր, որը երկար ժամանակ մնաց հիշողության մեջ։
Ի վերջո, Դանիել Քիզը չկուրացավ՝ պարզապես սկսեց ակնոց կրել։ Նրա ծնողները ցանկանում էին, որ որդին բժիշկ դառնա՝ համոզելով, թե «բժիշկը նման է Աստծուն, բուժում է ու փրկում կյանքեր»։ Այդ խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան, և Քիզը ընդունվեց բժշկական համալսարան։ Սակայն իր ներսում նա պահպանում էր մի գաղտնի ցանկություն՝ մի օր համատեղել բժշկի և գրողի մասնագիտությունները։

Ուսումը նրան հեշտությամբ չէր տրվում, բայց նա շարունակում էր փորձել և ի վերջո ավարտեց համալսարանը։ Միաժամանակ գրում էր տարբեր ամսագրերի համար։ Ավարտելուց հետո սկսեց աշխատել Նյու Յորքի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Մի օր աշակերտներից մեկը նրան ասաց.
«Պարոն Քիզ, եթե ավելի լավ սովորեմ, կտեղափոխե՞ք ինձ սովորական դպրոց։ Ես ուզում եմ խելացի լինել»։
Այս խոսքերը ցնցեցին Քիզին։ Մեկ այլ աշակերտ, որն արդեն սկսել էր լավ սովորել, երկար բացակայությունից հետո մոռացավ գրեթե ամեն ինչ։ «Երբ նա վերադարձավ դպրոց, նորից սկսեցինք սովորել տառերը։ Դա այնքան տխուր էր…»,- հիշում է գրողը։ Այս դեպքերը չէին կարող անհետևանք մնալ Քիզի ստեղծագործության վրա։ Կարճ ժամանակ անց նա գրեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը, որն անմիջապես մեծ արձագանք ստացավ։ Նա մկնիկին անվանեց Էլջերնոն՝ ի պատիվ անգլիացի պոետ Էլջերնոն Սուինբերնի։ Հետագայում Քիզը պատմվածքը վերածեց վեպի՝ հարուստ նյութ տալով կինոարտադրողներին և թատերական գործիչներին։

Վեպի գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա մաքրող, որն աշխատում է պլաստիկ տարաների գործարանում (վեպում՝ հացաբուլկեղենի արտադրամասում աշխատող, մտավոր խնդիրներ ունեցող 32-ամյա տղամարդը): Ինտելեկտի արհեստական բարձրացումը վիրահատության միջոցով դառնում է իրական գիտական բացահայտում դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար։ Էլջերնոնի վրա հաջողությամբ անցկացված փորձերից հետո նրանք որոշում են վիրահատել նաև մարդուն։ Ընտրվում է Չառլին, քանի որ նա մեծ ցանկություն ունի խելացի դառնալու, կարդալու, գրելու։ «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացումը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է բեմադրություն ստեղծել նվազագույն ռեկվիզիտներով՝ սպիտակ կավիճ, հատակի մաքրող կտոր, փափուկ խաղալիք։ Ներկայացումը խաղում են Թատերական գործիչների միության փոքր բեմում, որի պատերը սև են։ Ամեն բան պայմանական է՝ հեռուստացույցը, մկնիկի վանդակն ու մյուս պատկերները կավիճով նկարված են պատերին։ Ներկայացման ռեժիսորը Ինգա Շահբազյանն է։

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը դերասանի համար բացում է մեծ հնարավորություն՝ ցուցադրելու իր ողջ խաղային ներուժը։ Սակայն վտանգ կա՝ չհաջողելու։ Արման Մաթևոսյանի Չառլին միաժամանակ առաջացնում է խղճահարություն, անարդարության զգացում ու հիացմունք՝ շնորհիվ դիմախաղի և բեմական շարժման, դերասանական վարպետության։
«Արմմոնո»-ն թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դերասաններին հնարավորություն է տալիս զգալու հաջողության էներգիան։ Կան բազմաթիվ բեմադրությունների օրինակներ, որոնք հետագայում տարբեր երկրներից հրավերներ են ստանում՝ մասնակցելու փառատոններին։ Կան թեմաներ, որոնց անդրադառնալը համարձակություն է պահանջում։ Չառլիի կերպարը դրանցից մեկն է։ Արման Մաթևոսյանի Չառլին հետաքրքիր է, զգացմունքային ու ամենակարևորը՝ բազմաշերտ։Հուսանք՝ առաջիկա հյուրախաղերից հետո ներկայացումը կշարունակվի, և դուք էլ հնարավորություն կունենաք դիտելու այն։
«Արմմոնոյի» ավարտին մնացել է ընդամենը մի քանի օր։ Դեռ կարող եք հասցնել վայելել հետաքրքիր ու բովանդակալից ներկայացումներ։


