ԹատրON

ԹատրON | «Մարդիկ». ԵԹԿՊԻ Էքսպերիմենտալ թատրոն

Ապրիլի 15-ին Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում արտասովոր եռուզեռ էր։ Վերաբացվում էր ուսանողական թատրոնը՝ նոր անունով՝ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն։ Բուհի միջանցքներում ուսանողներն ու հյուրերը ոգևորված շնորհավորում էին միմյանց, անհամբեր շտապում դեպի դահլիճ. բոլորը եկել էին դիտելու նոր թատերական հնչեղություն ստացած «Մարդիկ» ներկայացումը։

Բեմում Ռուբեն Բաբայանի արվեստանոցի առաջին կուրսի ուսանողներն էին։ Նրանց բեմական քայլը դեռ առաջիններից է, բայց խորն է, անկեղծ ու ֆիզիկական։ 

«Մարդիկ» ներկայացում

Թատերական բուհում ուսանողական թատրոնը կրթական գործընթացի անբաժանելի և կենսական բաղադրիչ է։ Այն ուսանողներին տալիս է պրոֆեսիոնալ փորձառության հնարավորություն՝ ուսանողական բեմում գործնականորեն կիրառելու տեսական գիտելիքները, փորձարկելու դերասանական և բեմադրական լուծումներ, ստանալու արձագանք հանդիսատեսից և զարգացնելու իրենց ստեղծագործական մտածողությունը։

Բացի այդ, ուսանողական թատրոնը նպաստում է թիմային աշխատանքի, փոխադարձ վստահության և մասնագիտական ինքնաբացահայտման ձևավորմանը։ Սա նաև հարթակ է նոր գաղափարների փորձարկման, համարձակ արտահայտման և թատրոնի ապագա ուղղությունների մշակման համար։ Այս հարթակը ոչ միայն ուսումնական, այլև մշակութային նշանակություն ունի՝ հարստացնել բուհի կյանքը և խթանել թատերական դաշտի երիտասարդացումը։

«Մարդիկ» ներկայացում

Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում ստեղծագործում են նաև Համազգային թատրոնի արտիստները։ Սա կարևոր է, որովհետև ուսանողները հնարավորություն ունեն շփվելու արտիստների հետ, նրանց կողքին լինել ստեղծագործական տարբեր փուլերում, բայց սեփական տարածք ունենալու միտքն ավելի գրավիչ է։

Առաջիկայում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կունենա իր սեփական շենքը և կսկսի ավելի մեծ թափով աշխատել, իսկ Էքսպերիմենտալ թատրոնը կմնա որպես հարթակ ուսանողների և երիտասարդ ստեղծագործողների համար։

Ուսանողական թատրոնի տնօրեն՝ դերասան Արսեն Ազիզյանը պատմում է, որ խաղացանկային ուսանողական թատրոն ունենալու համար վաղուց քայլեր էին արվում։ Ի վերջո՝ 2025 թվականի ապրիլի 15-ին «Մարդիկ» ներկայացմամբ պաշտոնապես իր դռները բացեց Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Էքսպերիմենտալ երիտասարդական թատրոնը։

Շարժման թատրոնը՝ որպես թատերական արտահայտման ձև, դուրս է գալիս ավանդական «խոսքային թատրոնի» սահմաններից՝ շեշտը դնելով ժեստի, պլաստիկայի, շարժման, ռիթմի և ֆիզիկական հարաբերությունների վրա։ Այս ձևաչափը հաճախ միահյուսում է պարարվեստը, ակրոբատիկան, միմիկայի արվեստը և ժամանակակից պլաստիկական տեխնիկաները։ Շարժման թատրոնն արթնացնում է հանդիսատեսի մեջ ոչ միայն բառացի ընկալում, այլ նաև ներքին արձագանք՝ զգացմունքների և մարմնական հիշողությունների մակարդակում։ Այս մոտեցումը կարևոր տեղ ունի նաև դերասանի պատրաստվածության մեջ՝ զարգացնելով նրա մարմնական ազատությունը, կենտրոնացումը բեմում։

«Մարդիկ» ներկայացում

«Մարդիկ»․ այսպես է կոչվում Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի արվեստանոցի առաջին կուրսի ուսանողների առաջին ներկայացումը։ Բեմադրության ռեժիսորը կուրսի բեմական խոսքի դասախոս, երիտասարդ ռեժիսոր Մարիկա Դովլաթբեկյանն է։

Մարմնի լեզվով պատմել ամենաբարդի՝ մարդու և նրա զգացողությունների մասին, ժամանակատար ստեղծագործական ընթացք է։ «Մարդիկ» ներկայացումը, որն ի սկզբանե նախատեսված էր միայն որպես լսարանային տարեվերջյան քննություն, դարձավ ամբողջական բեմադրություն։ Մարիկա Դովլաթբեկյանը օգտագործել է տեքստը որպես շարժման հիմք՝ դրա միջոցով նրանք ստեղծում են միջավայր, որտեղ մարդու ներաշխարհը խոսում է տարբեր կողմերից։ Մարդիկ ուտում են, սիրահարվում են, տառապում են, սուրճ են խմում, մարդիկ ողջունում են, մարդիկ ապրում են։ Սովորական բաներ են չէ՞ թվում, կյանքի բնականոն ընթացք, բայց քանի անգամ ենք մենք այդ պարզ երևույթները նկատում, կարևորում։ Աուտիզմ ունեցող երեխայի ընկալումներն են։ Կյանքի, մարդկանց ապրելակերպի մասին։ Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորում է Գևորգ Մարգարյանը։

«Մարդիկ» ներկայացում

«Մարդիկ» ներկայացումը նաև նոր մակարդակով բարձրացնում է ուսանողական թատրոնի կարգավիճակը՝ բացելով հարթակ նորարարության, ճկունության և ստեղծագործական նոր մոտեցումների համար։ Այժմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Էքսպերիմենտալ թատրոնում պարբերաբար կներկայացվեն ուսանողների դիպլոմային աշխատանքները, կցուցադրվեն նաև այլ երիտասարդական ներկայացումներ։ Սա բաց և ազատ հարթակ է՝ բոլոր ստեղծագործողների համար։


Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button