ԹատրON

ԹատրON | Առաջնախաղ «Մժեղը». «Թեք Տեղ» փորձարարական թատրոն  

Եթե ձեզ թվաց, այս ձայնը տեխնիկական խնդիր է, շտապեմ հանգստացնել՝ ոչ, ամեն ինչ կարգին է։ Պարզապես, «Թեք տեղ»-ի ստեղծագործական թիմը բեմադրել է Արա Արծրունու «Մժեղը» պիեսը։ Հանդիսատեսը մտնում է  դահլիճ, արդեն լսելի է այդ անդադար ու մի քիչ նյարդայնացնող տզզոցը։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե անց բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման մեկնարկին՝ հուսալով, որ այն վերջապես կդադարի։ Բայց արդյո՞ք անջատվում է այդ ձայնը։ Դա կիմանաք, եթե դիտեք ներկայացումը։ Իսկ մինչ այդ, պատմեմ, թե ինչու է ստեղծագործական խումբը կանգ առել հենց այս պիեսի վրա։

«Մժեղը»

Լիբանանահայ արձակագիր և թատերագիր Արա Արծրունուն այսպես են հիշում նրա ժամանակակիցները․ նա գրեց, որովհետև սիրեց գրիչը, դարձավ արձակագիր ու թատերագիր, որովհետև հավատաց գրականության ուժին ու պատգամին։ Նա ձգտեց լինել անկախ մտածող, որպեսզի կարողանա թափանցել մարդու ներաշխարհը և այնտեղից դուրս բերի ստոր ու վատ զգացումները, վախերն ու անիմաստ մտահոգությունները։

Արա Արծրունուն համարում են այլաբանական պատկերներ ստեղծող վարպետ, ինչի շնորհիվ կարողացել է փոխանցել իր մտատանջություններն ու ասելիքը։ Նա միշտ հանդես է եկել վճռական և անհանդուրժող կեցվածքով՝ շեշտելով այն բոլոր խնդիրներն ու սխալները, որոնք առնչվում են հայ իրականությանը՝ լինի դա հայրենիքում, Սփյուռքում, թե մարդկային հարաբերություններում:  Գրողի ստեղծագործություններին անդրադարձ քիչ է կատարվել, միայն 2008 թվականին նրա «Մժեղը» և «Անավարտ վեպը» պիեսները բեմադրվել են Պետական կամերային և Տիկնիկային թատրոններում։ Օրեր առաջ, «Թեք տեղում» առաջնախաղ էր՝ Նանոր Պետրոսյանը բեմադրել էր «Մժեղը» պիեսը։ 

Մի խումբ մարդիկ փորձում են գտնել և սպանել մոծակին, հետո դատել չսպանողին, հետո գտնել իրական սպանողին, հետո պարզել՝ թաշկինակի տերը ով է, հետո բացահայտել իրական անուններ, հետո, հետո, հետո․․. Աբսուրդն ու երևակայականը, իրականն ու անիրականը միաձուլված են այս պիեսում։ Հետաքրքիրն այն է, որ ոչ մի կրճատում արված չէ. սա սկզբունք է ռեժսորի համար։

«Մժեղը»

Լույսերն անջատվելուց հետո բեմ են գալիս դերակատարները։ Հեղինակը, որի կերպարը մարմնավորում է Քառլա Սդամպուլեանը, դիմում է հանդիսատեսին՝ ներկայացնելով տևողությունը. սկսվում է գործողությունը։ Ներկայացման ընթացքում հեղինակին գրեթե չենք տեսնում, լսում ենք ձայնը, որը ժամանակ առ ժամանակ ներգրավվում է գործողություններին՝ ուղղորդելով հերոսներին կամ տալիս նրանց հստակ հրահանգներ։

Թեև տեքստում փոփոխություններ կամ կրճատումներ չեն արվել, բեմադրության գաղափարական ուղղվածությունը զգալիորեն տարբերվում է բնօրինակից։ Եթե «Մժեղ» պիեսը բնութագրվում է ավելի սուր, հատկապես քաղաքական շեշտադրումներով, ապա բեմադրական խումբը ընտրել է այլ մեկնաբանություն։ Նրանց տեսանկյունից ներկայացման առանցքը քաղաքական չէ, այլ ժամանակակից մարդու ու իրականության վրա համացանցի ունեցած ազդեցությունն է։ Բեմադրական լուծումը բաց է ստեղծագործական որոնումների ու էքսպերիմենտների համար։ Վարդան Արզումանյանի կերպարը բեմ է հայտնվում անսպասելի ու շփոթված, իսկ գործողության ավարտին՝ վերափոխվում է, փոխվում՝ ինչ-որ ազդեցության տակ ընկնելով։

«Մժեղը»

Ի տարբերություն «Թեք տեղում» նախկինում բեմադրված ներկայացումների, որտեղ դերասանական կազմը հիմնականում հաստատուն է եղել, այս անգամ այն փոփոխվել է։ Այսպես, օրինակ, Հասմիկ Հովյանը, ով երկար ժամանակ բնակվել է արտերկրում, վերջերս է վերադարձել Հայաստան, և սա նրա առաջին համատեղ աշխատանքն է Նանոր Պետրոսյանի հետ։   
Այսօր չափազանց բարդ է պահել հանդիսատեսի ուշադրությունը։ «Մժեղ» ներկայացումը մոտ մեկ ժամ է տևում․ բեմում միայն դերասաններն են, ռեկվիզիտը՝ կավիճն ու թաշկինակ է, լուսային ձևավորումը՝ գրեթե չկա։ Այնուամենայնիվ, թատերախմբին հաջողվում է ամբողջ ընթացքում կենտրոնացնել և հետաքրքրել հանդիսատեսին՝ զերծ մնալով ցուցադրական միջոցներից։ Նրանց յուրաքանչյուր բեմադրություն ինքնատիպ է, տարբերվող և խորապես հետաքրքիր։
Հետևեք «Թեք տեղի» սոցիալական էջերին՝ առաջիկա բեմադրություններին ծանոթ լինելու համար։ Եվ անպայման ձեռք բերեք տոմսեր ու այցելեք դիտելու այլընտրանքային ու փորձարարական ներկայացումներ՝ բացահայտելու նոր արտահայտչաձևեր։

«Մժեղը»




Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button