ԹատրON

ԹատրON | «Ես անուն չունեմ». Երևանի Կամերային թատրոն

2020 թվականից հետո, հայ բեմում քիչ է խոսվել պատերազմի մասին։ Տեսածն ու զգացածը պետք էր վերապրել, և հետո միայն խոսել այդ մասին: Տարիներն արագ են անցնում ու, գուցե, արդեն  ժամանակն էր խոսելու՝ արվեստի լեզվով, թատրոնում՝ դեմ առ դեմ։ 

Պատերազմի մասին պետք է խոսել բաց, անկեղծ ու առանց խուսափելու, և ինչպես բանաստեղծուհի Սոնա Վանն է գրում, հասկանալ՝ «…պատերազմից կամ քաղաքականությունից հասկանալու մեջ ես շատ դանդաղամիտ եմ եղել ու հենց վերջերս եմ իմացել, որ դրանք ոչ մի կապ չունեն արդարության, խղճի, կյանքի ու երջանկության իրավունքի հետ: [….]: Նայում եմ ՆՈՐ ՎԱՅՐԵՆՈՒ աչքերի մեջ ու տեսնում քարանձավի արյունատենչ նույն վայրենուն, ում հայացքին քաղաքակրթությունը միայն լկտիություն է հավելել և անպատիժ մնալու հիշողություն»: 

«Ես անուն չունեմ» մոնոներկայացում

2024 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանի Կամերային թատրոնում առաջնախաղ էր՝ «Ես անուն չունեմ»։ Այն Սոնա Վանի բանաստեղծությունների ժողովածուներից մեկի վերնագիրն է: Պիեսի հեղինակը թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն է։ Նա վարպետորեն է միահյուսել բանաստեղծական հատվածները՝ այնպես է կառուցել ամբողջ դրամատուրգիան, որ դժվար է կռահել՝ հիմքում պոեզիա է։

Կամերային թատրոնում մթնոլորտը միշտ յուրահատուկ է։ Դահլիճ մտնելուց առաջ կարող եք վերցնել կարմիր կամ սպիտակ գինի և զբաղեցնել ձեր տեղը։ Բեմի վրա է նստում հանդիսատեսը,  կլոր սեղանների շուրջ։ Այո, խախտված է դասական թատրոնի կանոնները. ավելի մտերիկ միջավայր է կարողացել ստեղծել ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։ Մոնոներկայացում բեմադրելու նրա առաջին փորձն է։ 

«Ես անուն չունեմ» մոնոներկայացում

Սոնա Վանը իր ստեղծագործություններում հաճախ է անդրադառնում մարդկային ու հատկապես՝ կնոջ երջանկությանը՝ որպես գոյաբանական առաքելություն: Նրա խոսքով՝ երջանիկ լինելը կնոջ պարտականությունն է, և կինը պետք է հասկանա, որ ծնվել է հենց դրա համար: Դրամատուրգն այս գաղափարը հյուսել է պիեսի հիմքում՝ ստեղծելով մի հերոսուհի, որը խոսում է Աստծո հետ՝ հակադրվում, վիճում, կասկածում ու երբեմն՝ մեղադրում։ 

Բեմում Քեթրին Մանասյանն է։ Հստակ քայլերով մտնում է բեմ։ Պատրաստ կռվելու, պայքարելու, ընդդեմ պատերազմների։  Պատերազմը կնոջ աչքերով՝  ի՞նչ անել, երբ բոլոր նրանք, ում սիրել ես, հեռանում են ու չեն վերադառնում: Ինչպե՞ս ապրել, երբ քո աղոթքները մնում են անպատասխան: Հնարավոր է միայնակ դիմակայել բռնության հավերժական շրջապտույտին:   

Ներկայացման ընթացքում հնչող երաժշտությունը կարևոր դեր ունի, այն ընդգծում է դրամատիկ պահերը, հարստացնում է թատերական գործողության հուզական բովանդակությունը, նպաստում դրամատիկական բախումների բացահայտմանը։ «Ես անուն չունեմ» ներկայացման համար հատուկ երաժշտություն  է գրվել։ Ստեղծագործել է կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին: 

«Ես անուն չունեմ» մոնոներկայացում

Թատրոնը կենդանի արվեստ է, և յուրաքանչյուր ներկայացումից հետո փոփոխությունները, շտկումները բնական ընթացք են։ «Ես անուն չունեմ» ներկայացումը դեռ փոփոխությունների է ենթարկվում. ստեղծագործական անձնակազմն էլ բաց է քննարկումների, առաջարկների համար, լսում է՝ հանդիսատեսի դիտարկումները։

«Ես անուն չունեմ» մոնոներկայացումը խաղալու են մարտի 27-ին։ Տոմսերն արագ են սպառվում, գնեք ու գնացեք երկխոսելու դերասանուհու հետ։ 

«Ես անուն չունեմ» մոնոներկայացում

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button