Իմ օրինակը

Նարեկ Մանուչարյանի օրինակը

Արցախյան երեք պատերազմների հետևանքներն են կրում Նարեկ Մանուչարյանի «Արմեն» կինովիպակի հերոսները։ Գրքի էջերը թերթելով Նարեկը պատմում է հադրութցի Աբգար պապի և  Սուսան բաբոյի մասին, որոնք  90–ականներին կորցրել են միակ որդուն՝ Տիգրանին, ներկայացնում Ապրիլյան քառօրյա ու 44–օրյա պատերազմների մասնակակիցների մտորումներն ու ապրելու համար նրանց մղած պայքարը։

Նարեկը մասնագիտությամբ թատերական ռեժիսոր է։ Աշխատում է «Թատրոն տանիքում» նախագծում, հիմա  «Մարտական ակումբ»  նոր ներկայացմանն են պատրաստվում, որտեղ ոչ թե ռեժիսոր, այլ դերասան է։ Պատմում է, որ սովորել է Տնտեսագիտական համալսարանում, բայց բանակից վերադառնալուց հետո հասկացել, որ դա այն մասնագիտությունը չէ, ինչ ինքն է ուզում և ընդունվել թատերական ինստիտուտ Հարաչյա Գասպարյանի արվեստանոց։
Նարեկը սիրում է ստեղծագործել։ 44–օրյա պատերազմից առաջ էր սկսել գրել «Արմեն» վիպակը, սկզբում մտածում էր, որ այն կլինի պիես մոնոներկայացման կամ սցենար կարճամետրաժ ֆիլիմի համար, բայց պատերազմի ավարտից հետո չկարողացավ շարունակել։

Ռեժիսորի մասնագիտությունը Նարեկին օգնել է գիրք գրելիս, ասում է՝ այնպես է դասավորել սցենարը, որ վիպակը հեշտությամբ վերածվի ֆիլմի, մոնտաժային առանձնահատկությունները հաջորդում են իրար։ Խմբագրի՝ արձակագիր Արմինե Բոյաջյանի հետ երկար աշխատել են յուրաքանչյուր բառի  ու նախադասության վրա։

Կինովիպակին յուրահատուկ շունչ են հաղորդել Գյումրու, Շամշադինի, Վանաձորի, Հադրութի և Երևանի բարբառով խոսող հերոսները։ Նարեկն ասում է՝ պատահական չէ, որ գրքի կերպարները Հայաստանի տարբեր մարզերից են, այդպես փորձել է ցույց տալ, թե ինչպես են համախմբվել  մի գաղափարի շուրջ։

Գրքի շնորհանդեսն օրեր առաջ էր, դրական արձագանքներ Նարեկը հաճախ է ստանում։ Շատերը գրում են, որ գրքի միջոցով գտել են իրենց Արմենին։ Սկզբում երբ նոր էր սկսել գրել, հերոսը միայն Արմեն էր, պատերազմից հետո ավելացան նաև մյուս կերպարները, որոնց տվեց խոսք ու բնավորություն։ Նարեկն ասում է՝ անհնար է գրել ու քեզնից էլ մի կտոր չդնել կերպարների բնավորության մեջ։  Հերոսի միջոցով սիրահարվել է, գտել բաժանման ու միասին մնալու սահմանը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button