Իմ օրինակը

Լառա Աթոյանի օրինակը

Թվային մարքեթինգի մասնագետ Լառա Աթոյանը մի քանի տարի է, ինչ դասընթացներ է անցկացնում մարզերում։ Ասում է, երբ տեսնում է իր կատարած աշխատանքն արդյունք է տալիս, ավելի ոգևորվում ու նոր գաղափարներով առաջ շարժվում։ Եթե ամեն համայնքից 2–3 երիտասարդ անցնի փոփոխության կարևոր ճանապարհը, ապա նրանց հաջողության պատմությունը դրական ազդեցություն կունենա մարզում։
Լառան առաջին մասնագիտությամբ սպորտային լրագրող է, բայց խորացել է թվային մարքեթինգի ոլորտում։ 14 տարի է, ինչ կամավորական աշխատանք է կատարում, սիրում է երիտասարդների հետ աշխատել, նոր հմտություններ փոխանցել, նպաստել հայրենաճանաչությանը։ Լառայի համար կամավորությունն ապրելակերպ է, բացի բարություն փոխանցելը նաև ինքնաներշնչման աղբյուր։

Պատանիներն արագ են յուրացնում մարքեթինգային հմտությունները, մի քանի հանդիպում հետո արդյունքը երևում է։ Նրանք շատ հարցեր են տալիս, ցանկանում ավելին իմանալ։ Լառան ցանկանում է, որ մարզերում սեփական գաղափարն իրականացնելու համար կարիք չլինի դիմել որևէ մասնագետի կամ Երևանում թանկարժեք դասընթացների մասնակցել։
Նրա ակտիվությունն ազդել է նաև ընկերների վրա: Ասում է, եթե առաջ անվճար թրեյնինգներ չէին անցկացնում, ապա այժմ իրենք են առաջարկում այցելել որևէ մարզ կամ օնլայն դասընթացներ անցկացնել։

Լուսանկարը՝ Լառայի ֆեյսբուքյան էջից

Նա սիրում է ճամփորդել թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։ Արտասահմանյան ընկերություններից աշխատանքի առաջարկներ հաճախ է ստանում, բայց իր ապագան միայն հայրենիքում է պատկերացնում։ Լառայի խոսքով՝  մեր ուզած Հայաստանն ինքներս պետք է կառուցենք, մեր հայրենիքը լավագույնն է պետք է բացահայտել և ի սրտե նվիրել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button