Իմ օրինակը

Նարեկ Սողոմոնյանի օրինակը

Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում է ապրել Նարեկ Սողոմոնյանը։ 44–օրյա պատերազմի հետևանքով նրա ծննդավայրն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ընտանիքի հետ ժամանակավոր տեղափոխվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղ, 9–րդ դասարանը ավարտելուց հետո էլ Արարատի մարզի Աբովյան գյուղ: Պատմում է, որ այդքան էլ հեշտ չէ մի քանի դպրոց փոխել, նոր միջավայրին հարմարվել, բայց թե՛ Տաթևում, թե՛ Աբովյանում իրեն շատ լավ են ընդունել: Նարեկին դեռ մանկուց է գրավել զինվորական գործը, բայց հետո տարբեր նախասիրություններ են առաջացել, իսկ երբ Տաթևում հանդիպել է ՄԵՄ-ի անդամներին նրանց խորհրդով որոշել է ուժերն IT ոլորտում փորձել:

Մոնթեի արձանն Արցախի Մարտունու շրջանում․
Լուսանկարը՝ Նարեկի ֆեյսբուքյան էջից

Նարեկն ուրախ է, որ միացել է ՄԵՄ-ին, քանի որ այն գործունեությունը, որն իրականացվում է մարզերում պատանիների կյանքն ակտիվացնելու համար արդյունք է տալիս: Երբ նոր էր միացել նախաձեռնությանը նեթվորք արշավների, վեբիներների էր մասնակցում, ներգրավում դրանց կազմակերպմանը:

Նարեկը կարևորում է ռազմական կրթությունը. ուզում է համատեղել ՏՏ և ռազամական ոլորտները։ Հիմա զբաղվում է ռազմական դպրոց ստեղծելու աշխատանքներով: Փնտրում է մասնագետների, որոնք հեռավար դասեր կանցկացնեն առաջին բուժօգնության, գոյատևման հմտությունների մասին։

Մասնագիտության հարցում վերջնական է կողմնորոշվել՝ թվային մարքեթինգի ուղղությամբ է գնալու։ Ամիսներ առաջ որոշեց ծրագրավորում սովորել, հմտանում է նաև SMM, SEO ուղղությամբ։ Ասում է ՝ դժվար է երկուսը միաժամանակ սովորել, բայց նպատակին հասնելու համար պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները։

Մոշաթաղն ամեն օր է կարոտում և հենց այդ կարոտն է ուժ տալիս ամեն օր աշխատել ու նոր գիտելիքներ ձեռք բերել…

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button