Իմ օրինակը

Կարինե Աթաբեկյանի օրինակը

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Աթաբեկյանը Երևանի համալսարանական առաջին հիվանդանոցի դիմածնոտային բաժնում կամավորական աշխատանք է կատարել։ Պատմում է, որ հիմնականում վիրավոր զինվորներին հոգեբանական աջակցություն է ցուցաբերել, փաստաթղթերի հետ կապված տարբեր հարցեր լուծել։ Կարծում է` իր արածը մի կաթիլ ջուր էր օվկիանոսում, քանի որ դեռ առաջին կուրսում է սովորում և գիտելիքներն այնքան էլ շատ չեն, որ կարողանա վիրահատարանում բժշկական միջամտություն կատարել։

Կարինեն պատմում է, որ պատերազմական դժվարին օրերին ստեղծագործելը փոքրիկ լույս էր դարձել համատարած ցավի մեջ։ Ապագա բժշկուհին «Անվերնագիր փորձություն» է վերնագրել գիրքը, որը գրել է այդ օրերին: Պատմությունն իրական չէ, բայց կարծում է, որ կլինեն մարդիկ, որոնք վերապրել են այն ամենն ինչ ինքը հանձնել է թղթին։
«Անվերնագիր փորձություն»–ը նրա առաջին գիրքն է, Զանգակ հրատարակչությունն է լույս ընծայել։ Գիրքն արդեն վաճաքում է։ Ասում է՝ ընկերները շատ են ոգևորում իրեն նոր ստեղծագործություններ գրելու ու հրատարակելու հարցում։

Կարինեն ասում է՝ եթե էլի մասնագիտություն ընտրեր, ապա կրկին բժշկությունը կնախընտրեր։ Տատիկը ՀՍՍՀ վաստակավոր բժշկուհի ԵՊԲՀ 1950 թվականի շրջանավարտ Ռոզա Հախինյան-Աթաբեկյանն է։ Տատիկը մանկաբույժ է եղել, բայց ինքը որոշել է մասնագիտանալ վիրաբուժական ոլորտում, իսկ թե որ գծով, դեռ չի որոշել։ Ստեղծագործելն իր նախասիրությունն է, իսկ ահա բժշկությունը մասնագիտական հստակ որոշում և ջանք ու եռանդ չի խնայելու որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button