Իմ օրինակը

Հայկ Ժամկոչյանի օրինակը

«Զինվորի տան» տղաներից Հայկ Ժամկոչյանն իր և ընկերների՝ թիթեռներից պատրաստված կոմպոզիցիաներն է ներկայացնում ու պատմում, թե ինչքան բարդ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում յուրաքանչյուր ստեղծագործություն, քանի որ անզգույշ մի շարժումը կարող է վնասել թիթեռին ու փչացնել կոմպոզիցիան։ Հայկի հետ հանդիպել ենք սեպտեմբերի 27–ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի Գեղեցկություն զինվորներից նախագծի աշխատասենյակում, որտեղ տղաների անավարտ և պատրաստի աշխատանքներն են գտնվում: Հայկն ասում է՝ թիթեռների հետ աշխատելիս կտրվում է առօրյա հոգսերից, հանգստանում թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Թեև սկզբում այնքան էլ լավ չէր ստացվում թիթեռների հետ աշխատանքը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց. այժմ իր օրը չի պատկերացնում առանց` սկզբում հոբբի, հիմա արդեն սիրելի աշխատանք դարձած թիթեռային կոմպոզիցիաների:

Հայկն ապրում է Նոր Հաճնում, Աբովյանի էներգետիկ քոլեջում ուսումը կիսատ թողելով 2018թվականին զորակաչվել էր բանակ: «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից էր, ծառայում էր Ասկերանում: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն էր, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատրերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, հետո գրոհի հրաման հնչեց, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք ստացավ: Ընկերները նրան կարողացան դուրս բերել թեժ կետից, որից հետո տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն և վիրահատվեց, օրեր անց բուժումը  շարունակեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Հայկն ասում է` բուժումներ ստանելուց զատ նաև կրթական տարբեր ծրագրերի է մասնակցում, նոր հմտություններ ձեռք բերում:

Հայկի հետևում իր պատրաստած ապակե սեղանն է,
որն անվանել է «Կյանք ու կռիվ»

Հայկը ոգևորությամբ է խոսում իր ապագա ծրագրերից, որոնք կապված են միայն Հայաստանի հետ։ Ասում է՝ հիմա թվային մարքեթինգի օնլայն դասերի է մասնակցում, ավարտելուց հետո ցանկանում է 2–րդ աշխատանք գտնել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button