Ստարտափ Հայաստան

Թեյ չսիրող երաժշտության ուսուցչուհին սիրով է ընդունել զինվորական ամուսնու՝ թեյարտադրություն հիմնելու առաջարկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Կարինե Գևորգյանի աշխատավայրում քչերը գիտեն, որ երաժշտության ուսուցչուհին աշխատանքից հետո զբաղվում է թեյարտադրությամբ։ Շատերը զարմանում են, շատերն էլ ողջունում նախաձեռնությունը։ Կարինեն աշխատում է շատ չխոսել իր բիզնեսից, մարդիկ սիրով գնում են թեյերը, հետո իմանում, որ հայկական արտադրության է ու հաճելիորեն զարմանում, ասում է Կարինեն։ Թեյ չսիրող Կարինեն սիրով է ընդունել զինվորական ամուսնու առաջարկը, սիրով էլ զբաղվում է ընտանեկան բիզնեսով։

Ընտանեկան բիզնեսն օր օրի սկսեց զարգանալ՝ միահամուռ ջանքերի, աշխատասիրության և հայակական արտադրանքը ևս մեկով ավելացնելու ցանկությամբ։ Կարինեն ընտանիքի անդամների հետ բարձրանում էր սարեր, լեռներ։ Ինքնամեկուսացման ժամանակաշրջանն էր, լավ առիթ էր թարմ օդ շնչելու և մի լավ ու օգտակար գործով զբաղվելու համար։

Քանի որ Հայաստանում թեյարտադրությունը զարգացած ոլորտ է և փոքր ու միջին բազմաթիվ բիզնես ընկերություններ կան, Կարինեն գիտակցեց, որ մրցակցությունը պետք է մեծ լինի, ուստի որոշեց ստեղծել նորություն, որն իրենց արտադրանքը կառանձնացնի մյուսներից։ Երեխաների համար տեղծված թեյերը հատուկ հումքով պատրաստվեցին։ Դրանց փաթեթավորումն ու դիզայնը հատուկ մտածված էր այնպես, որ երեխաները թեյ հաճույքով խմեն, խաղն էլ անպակաս լինի գործընթացից։

Մանկական թեյերի ամենաքմահաճ սպառողները՝ երեխաները, հավանում են թեյի համն էլ դիզայնն էլ։ Ըստ Կարինեի, երեխաների համար ստեղծվող յուրաքանչյուր ապրանք նախ պետք է ցույց տալ որևէ երեխայի, արձագանքից արդեն պարզ կլինի, արժի՞ դա արտադրել, թե փոփոխությունների կարիք կզգացվի։

Կարինեն փաստում է, որ ցուցահանդեսները կարևոր նշանակություն ունեն հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու հարցում։ Այդ ընթացքում նաև կարողանում են աճել, զարգանալ, սովորել, հասկանալ, թե իրականում հայ սպառողն ինչի կարիք ունի, ինչ պետք է փոխել արտադրության մեջ, ինչ նորարարություններ են ուզում մարդիկ։ Հենց նման ցուցահանդեսի ժամանակ էլ Կարինեն հասկացավ, որ թեյերը պետք է այնպես արտադրել, այնպիսի հարմարանքներ ստեղծել, որ աշխատավայրում, ասենք, մարդիկ հեշտությամբ կարողնանան օգտագործել։

Ցուցադրել ավելի
Back to top button