Իմ օրինակը

Գոռ Ղազարյանի օրինակը

«Սովորենք պատմությունից» նախագծի, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր, հնագիտական երկու արշավախմբի անդամ Գոռ Ղազարայանը Գեղարքունիի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսման տարիներին զուգընթաց հիմնադրել է «Սովորենք պատմությունից» նախագիծը, որի նպատակը հասարակությանն անցյալի պատմական սխալները ներկայացնելն է ու ապագայում դրանց կրկնվելու հնարավորությունը կանխելը։ Գոռի խոսքով՝ մարդն ինչքան խորանում է անցյալի պատմական իրադարձությունների մեջ, այնքան լավ է հասկանում պատմական օրինաչափությունները։ Երբ դպրոցական էր, «Սովորենք պատմությունից» նախագծի համար փոքր հոլովակներ էր պատրաստում ու փորձում մեկնաբանել հայոց պատմության այս կամ այն իրադարձությունն այդ տարիքին համապատասխան ընկալումներով։ Հետագայում, երբ դարձավ համալսարական, ավելի խորացրեց պատմության մասին իր գիտելիքները։ Արդեն ավելի լուրջ գրքերի, ֆիլմերի, հրապարակախոսությունների միջոցով սկսեց հանրությանը ներկայացնել պատմական նշանավոր իրողությունները։

Գոռը հետաքրքրված է արկածային տուրիզմով, ցանկանում  է Հայաստանում զարգացնել այդ ուղղությունը։ 2019թվին հիմնադրել է «Թոնդրակ» արշավական ակումբը,  բնաճանաչողական և պատմագիտական արշավներ են իրականացնում։ Նրա խոսքով՝ երբ  մարդիկ գնում են պատմական որևէ վայր, նախ պետք է դրա արժեքը հասկանան և չսահմանափակվեն լուսանկարվելով։ «Թոնդրակի» նպատակը հուշարձանների պատմական նշանակությունը ներկայացնելն է,  բնությանը հաղորդակից դարձնելը. եթե  մարդուն բացատրես իր արարքների հետևանքները, ապա նա բնության հանդեպ սպառողական վերաբերմունք չի ցուցաբերի։

Լուսանկարը՝ «Թոնդրակի» ֆեյսբուքյան էջից

Նա նաև հնագիտական երկու արշավախմբի անդամ է․ 2021թվականին մասնակցել է հնագիտական պեղումների ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գործունեության շրջանակներում։ Արագածոտնի մարզի «Թլիկ 1 օդապարուկի» պեղումների ժամանակ հյուսիսային աշտարակում հայտնաբերվել են խեցեղեն, բրոնզե դանակ, կենդանիների կմախքներ։ Պեղումներ են իրականացրել նաև օդապարուկին կից բնակավայրում։

Թլիկ-2 հնավայր, տեղամաս-1

Հնագիտական մյուս աշխատանքները կատարվել են Լուսաշողի Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգակատան շրջակայքում։ Պեղումների ժամանակ բացվել են վանքի հիմքերը, խորանը, խեցեղեն, այդ շրջանին բնորոշ եկեղեցական սպասքի տարրեր և այլն։ Ի դեպ, տեղի բնակիչները մեծ ոգևորությամբ են հետևում հնագիտական պեղումներին։

Լուսաշողի Սուրբ Հովհաննես եկեղեցու պեղուների 7–րդ օրը
Լուսանկարը՝ Գոռի ֆեյսբուքյան էջից

Պատմաբանի առաքելությունն է վեր հանել պատմական ճշմարտություններն ու թույլ չտալ մոռանալ անցյալի դասերը։ Երբ հետադարձ հայացք ես գցում պատմությանը և փոխադրում մեր օրեր, տեսնում ես, ինչքան կորուստներ է կրել հայրենիքդ, ցանկությունդ մեկն է լինում՝ ապագայում չկրկնել նույն սխալները։  

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button