Իմ օրինակը

Արշակ Պողոսյանի օրինակը

Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցի 5–րդ և 11–րդ դասարաններում հայոց լեզու և գրականություն է դասավանդում Արշակ Պողոսյանը։ Դպրոցում 67 աշակերտ է սովորում, թեև այն նախատեսված է ավելի մեծ թվով աշակերտների համար։ Փորձում է հետաքրքիր անցկացնել դասերը, խմբային աշխատանքների միջոցով բոլոր աշակերտներին ներառել։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի 6–րդ սերնդի ուսուցիչներից է, սովորել է ԵՊՀ–ի «Հայ բանասիրություն» ֆակուլտետում։ Երեխաների հետ աշխատելու ցանակություն միշտ է ունեցել։ Ասում է՝ բախտը բերել է, որ կյանքի այս փուլում իր ցանկությունը կատարվել է։

Լուսանկարը՝ Արշակի ֆեյսբուքյան էջից

Մինչև Լոռվա մարզ գնալը՝  2020 թվականին Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի դպրոցում էր դասավանդում։ Արշակը կարոտով ու ջերմությամբ է հիշում թե՛ երեք գետերի մեջտեղում, գողտրիկ բնությամբ շրջապատված Միջնավանը, թե որպես ուսուցիչ Արցախում անցկացրած երկու շաբաթը․ հետո սկսվեց 44–օրյա պատերազմը և Միջնավանի երիտասարդների հետ կամավորական ջոկատ կազմեցին։ Նա չի ցանկանում վերհիշել այդ ծանր օրերը, միայն լավ ընկերներ մնացին, որոնց հետ կապն այսօր էլ պահպանում է։ Իսկ ահա Միջնավանը, ցավոք, մնաց թշնամու վերահսկողության տակ։

Միջնավանի կամավորական ջոկատը․
Լուսանակարը՝ Արշակի ֆեյսբուքյան էջի

Արցախում դասավանդելու հնարավորություն կրկին կար, չի կարող բացատրել, թե ինչու, բայց այս անգամ չցանկացավ գնալ։ Պատերազմի ավարտից հետո ներգրավվեց «Դասավանդի՛ր, Հայաստանի»  «Արտակարգ իրավիճակում կրթություն» ծրագրին, որի նպատակն էր հավաքել ուսուցիչների, ստեղծել թիմեր և գործուղել Հայաստանի այն համայնքներ, որտեղ Արցախից տեղահանված աշակերտներ կային։  
2021 թվականի սեպտեմբերից առ այսօր Արշակը դասավանդում է Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցում։ Մի շարք ծրագրեր են իրականցրել երեխաների հետ։ Շուտով «Քարինջ Union» անվամբ պոդքաստերի շարք են սկսելու, աշակերտները ԵՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ձայնագրման ստուդիայում աշխատանքային մի քանի հմտություններ կսովորեն։ Մտադիր են յութուբյան ալիք բացել, հյուրընկալել համայնքի բնակիչներին։
Մինչև ուսումական տարվա ավարտը կմնա Քարինջում։ Արդեն զգում ՝ բաժանումը դժվար է լինելու, մտերմացել է թե՛ աշակերտների, թե՛ լոռեցի հարևանների հետ։ Ասում է՝ մեկը մյուսից լավն են, մարդամոտ, ջերմ ու հոգատար։

Քարինջի միջնակարգ դպրոցը

Արշակը դեռ չգիտի՝ կշարունակի դպրոցում դասավանդել, թե ոչ, բայց հաստատ որոշել է՝ կմնա կրթական ոլորտում ու իր ներդրումը կունենա զարգացման գործում։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button