Այսօրը

Այսօր | The Rolling Stones

60 տարի  առաջ այս օրը ստեղծվեց  ռոքի պատմության ամենաերկարակյաց խմբերից մեկը՝ The rolling stones

1962 թվականի ամառային մի գիշեր Լոնդոնի ակումբներից մեկում բեմ բարձրացան 6 երիտասարդներ, ովքեր չէին էլ պատկերացնում, թե որքան հայտնի են դառնալու։ Նրանցից Միք Ջագերը երգում էր, Բրայան Ջոնսը և Քիթ Ռիչարդսը կիթառ էին նվագում, Դիկ Թեյլորը՝ բաս, Թոնի Չեփմենը՝ հարվածային գործիքներ։ Իսկ միասին նրանք կոչվեցին The Rolling Stones: 

Առաջին հաջողված համերգին հաջորդեցին ավելի քան 2000  համերգներ՝ աշխարհի տարբեր ծայրերում։ Որպես բլյուզ խումբ, նրանք սկզբում հանդես էին գալիս ակումբներում, իսկ տարիներ անց լցրեցին աշխարհի ամենամեծ մարզադաշտերն ու համերգասրահները։ The Rolling Stones-ը համարվում է ռոքի պատմության ամենաազդեցիկ և հաջողակ խմբերից մեկը. այն երկար տարիներ մրցակցել է հանրահայտ The Beatles-ի հետ։    

Սկզբնական շրջանում երիտասարդ երաժիշտները կատարում էին ամերիկացի հեղինակների հայտնի երգեր, ինչպես նաև բազմաթիվ փոփ երգեր մշակում էին իրենց տարբերակով։ Իսկ հետո արդեն թողարկում էին իրենց ստեղծագործությունները։

Մեկ տարի անց խմբի պրոդյուսերը դարձավ  Էնդրյու Օլդհելմը, ով նախկինում հանրահայտ The Beatles-ի պրոդյուսերն էր։ Նա փոփոխություններ կատարեց խմբի կազմում։ Սկզբում փորձում էր խումբը նմանեցնել The Beatles-ին, սակայն հասկացավ, որ խմբի անդամներն իրենց և՛ երաժշտական, և՛ արտաքին ոճով տարբերվում են։ Եվ Օլդհելմը արդեն միտումնավոր սկսեց հակադրել երկու խմբերը։ Նրա ջանքերով խումբը երեք տարվա պայմանագիր կնքեց Բրիտանիայի ամենամեծ ձայնագրող ընկերություններից մեկի հետ և թողարկեց իր առաջին ՝ «Come on» երգը։ Շատերն ասում էին, որ այս երկու խմբերի մեջ թշնամանք կա, սակայն պետք է նշել, որ խմբի երկրորդ երգը գրվել է The Beatles-ի անդամներ Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի կողմից։

Այնուհետև սկսվեց ռոք խմբի ակտիվ և եռանդուն գործունեությունը։ Թողարկվեց դեբյուտային ալբոմը, իսկ մեկ ամիս անց այն արդեն գլխավորում էր բրիտանական չարթերը՝ առաջ անցնելով The Beatles-ից։  Խմբի երրորդ ալբոմում տեղ գտավ «Satisfaction» երգը, որը դարձավ նրանց այցեքարտը։ Այն համարվում էր 60–ականների երիտասարդության օրհներգը։ 

Խումբը վայելում էր մեծ փառք և արդեն 1989 թվականին ընդգրվեց ռոքնռոլի փառքի սրահում։ Իսկ 2019 թվականին NASA-ն Մարսի վրա գտնվող ժայռաբեկորը կոչեց The Rolling Stones` ամերիկյան ռոք խմբի պատվին, քանի որ «ռոքը» անգլերենից թարգմանաբար նշանակում է ժայռ։

Ընդհանուր առմամբ, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 95 սինգլ, 29 ստուդիական ալբոմ և 10 համերգային ալբոմ։  Այն  ավելի քան 250 մլն ալբոմ է վաճառել ամբողջ աշխարհում։ Այս ցուցանիշով պատմության մեջ խումբը համարվում է ռեկորդակիր։

Տասնյակ ֆիլմեր են նկարահանվել The Rolling Stones-ի գործունեության, անդամերի կյանքի մասին։ Խմբի երաժիշտները միշտ սկանդալային պատմությունների մեջ էին։ Նրանք հաճախ ձերբակալվում էին թմրամիջոցներ պահելու, անհարգալից պահվածքի համար։ Անգլիական թերթերը հաճախ էին աննադատում խմբի անդամներին։ Իսկ որոշ ժամանակ անց այն հայտնի էր արդեն որպես «վատ տղաների» թիմ։ Խմբի համերգները հաճախ ուղեկցվում էին կռիվներով, իսկ անվճար համերգներից մեկն էլ ավարտվեց երկրպագուի մահով։ Նույն համերգի ժամանակ, որը հետագայում կոչվեց  «ռոքի ամենավատ օր», երկու երկրպագու վրաերթի  ենթարկվեցին։

Չնայած այս անախորժություններին՝ ռոքի ամենաերկարակյաց խումբն իր թանգարանն ունի Գերմանիայում։ Նրանց վեց հիթերը և մեկ ալբոմ արժանացել են «Գրեմմի» մրցանակի։

The Rolling Stones-ի երաժիշտների կազմում եղել են փոփոխություններ, սակայն  նրանց ոճը երբեք չի փոխվել. բլյուզ՝ ավելացրած զգացմունքային երանգներ և երաժշտական հնարքներ։ Երևի հենց դա է պատճառը, որ մինչ օրս լեգենդար խումբն ունի երկրպագուների մեծ բանակ, շրջում է ողջ աշխարհով և հավաքում միլիոնավոր դիտումներ, իսկ նրանց թողարկած հիթերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը։

Սյուզաննա Դեմիրճյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button