Այսօրը

Այսօր | Էվելինա Շահիրյան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն այսօր դառնում է  81 տարեկան։

Դերասանուհին  ծնվել  է հունիսի 13-ին  Գյումրիում, սակայն միշտ ապրել է Երևանում։

Մանկությունս անցել է երևանյան փոքրիկ բակում: Հինգ ընտանիք էինք, ապրում էինք մի տան պես, մեկիս ուրախությունն ու հոգսը բոլորինս էր: Հիմա էլ լավ հարևաններ ունեմ, բայց շփումներն առաջվանը չեն 

Մի անգամ փողոցում Էվելինա Շահիրյանին մոտենում է մի տղամարդ ու առաջարկում  ֆիլմում նկարվել։ Նա համաձայնում է, և այդպես սկսվում է դերասանուհու կարիերան։ 

1969թվականից սկսում է աշխատել Երևանի  Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Թատերական ներկայացումներում անձնավորել է ավելի քան 6 տասնյակ դերեր` Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Եվա), Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (Վալանտին), Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ» (Վարդուկ), Վ. Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ) և այլ դերեր: 

Իհարկե, յուրաքանչյուր դերասան երբեմն երազում է մի դեր խաղալ, որն այդպես էլ չի խաղում, իմ կյանքում էլ շատ են եղել այդպիսի դերեր, բայց, ամեն դեպքում, ինձ տրված բոլոր դերերն էլ հաճույքով եմ խաղացել

Թատրոնում, հեռուստաթատրոնում, կինոյում և ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 դեր: 

Նկարահանվել է «Կտոր մը երկինք», «Սպանված աղավնի», «Արտիստը» , «Խաչագողի հիշատակարանը» և այլ ֆիլմերում:

Հիմա էլ Էվելինա Շահիրյանը շարունակում է խաղալ թատրոնում և նկարահանվել ֆիլմերում: 

Էվելինա Շահիրյանը  հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարներից էր, ով իր հմայիչ ժպիտով գերում էր հեռուստադիտողին։ Գերվում է  նաև դերասանուհու ապագա ամուսինը. նա  առաջին անգամ էկրանին տեսնելով Էվելինային՝ ընկերներին ասում է՝

Եթե ես երբևէ որոշեմ ամուսնանալ, ուրեմն այս հաղորդավարուհին կլինի իմ կինը

Մեկ շաբաթ անց նրանք պատահական հանդիպում են։ 

Եթե իմ ամուսինը չլիներ, ես չէի լինի Էվելինա Շահիրյանը, ինչպիսին հիմա եմ

2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի, պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով։

Արմինե Դանիելյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button