Այսօրը

Այսօր | Էրմիտաժ

Ամերիկացի Մերի Էնն Էլլինը 2005 թ.ին թոռնուհու հետ Սանկտ Պետերբուրգ այցելելուց հետո գրեց «Աննան և Էրմիտաժի կատուները» գիրքը, որի դիպաշարը պատմում է աղջկա արկածների մասին, ով որոշում է նկարել Էրմիտաժի ընտանի կենդանուն: Բանն այն է, որ մշակութային այս համալիրում կատուները շատ կարևոր գործ են կատարում՝ այլ կերպ ասած աշխատում են՝ թանգարանի ցուցանմուշները պաշտպանելով կրծողներից։ Չնայած նրան, որ այս իրողությունը զվարճալի կթվա, այնուամենայնիվ այն իրականություն է և պատմական հիմք ունի։ Ցարական Ռուսաստանի ամենահզոր առաջնորդներից մեկի՝ Պետրոս I-ի հրամանով 18-րդ դարում առաջին անգամ այստեղ բնակեցվել է կատու Վասիլին։ Արվեստի պատկերասրահի պահակների կարգավիճակը կատուներին տվել է Եկատերինա II-ը։ Ավանդույթի համաձայն Էրմիտաժի կատուներին մեծ արվեստագետների անուններով են կոչում, այժմ օրինակ Էրմիտաժի ամենահայտնի կատուն Աքիլլեսն է։ Էրմիտաժի կատուները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշն են դարձել, այնպես ՝ ինչպես աշտարակի ագռավները Բրիտանիայի խորհրդանիշներն են։ Սակայն կատուների մասին խոսելն ուղղակի Էրմիտաժի հիմնադրման օրվա մասին խոսելու առիթներից մեկն է։ Անդրադառնանք խոշորագույն կառույցի հիմնադրման նախապատմությանն ու գործունեությանը։
 Էրմիտաժ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ մենության վայր կամ ոչ մեծ գյուղական բնակավայր։ Սանկտ Պետերբուրգի կենտրոնական հրապարակում գտնվող Էրմիտաժը աշխարհի ամենամեծ և ամենահայտնի արվեստի, մշակույթի և պատմական համալիրներից մեկն է։ Հսկայական համալիրն իր մեջ ներառում է Ձմեռային պալատը, Փոքր, Մեծ կամ Հին, Նոր Էրմիտաժները Մենշիկովի պալատը, Գլխավոր շտաբի շենքը և հախճապակու Կայսերական գործարանի թանգարանը։ Ամեն ինչ սկսվեց 18-րդ դարի երկրորդ կեսից, երբ 1764թ.ին ռուս կայսրուհի Եկատերինա II-ը Բեռլինում գնեց գերմանացի վաճառական Յոհան Էռնստ Գոցկովսկու թվով 317 նկարների հավաքածուն, որը հիմնականում ներկայացնում էին ֆլամանդական և հոլանդական դպրոցների աշխատանքները։ Այս հավաքածուից մինչ օրս պահպանվել է ընդամենը 96 նկար: Հաջորդիվ 1769 թ.ին Եկատերինա II-ը Դրեզդենից բերեց 600 կտավ, որոնց թվում էին հայտնի նկարիչների բնօրինակ գլուխգործոցները։ 3 տարի անց՝ 1772 թ.ին շարքին միացան Փարիզից բերված նկարների նոր հավաքածուներ։ Ամենահետաքրքիր ձեռքբերումներից էր նաև 1779 թ.ին Christie’s-ի աճուրդում Մեծ Բրիտանիայի «ազգային հարստությունը»՝ 198 նկար Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Ռոբերտ Ուոլփոլի հավաքածուից, և քիչ էր մնում դա հանգեցներ միջազգային սկանդալի: 1796 թ.ին Եկատերինայի ունեցվածքի հետմահու գույքագրման մեջ հիշատակվել են 3996 նկարներ։

Կայսրուհու նկարների անձնական հավաքածուն պահվում էր Ձմեռային պալատում և քանի որ նա սիրում էր վայելել բարձրարժեք արվեստի գործերը մենության մեջ, այն սկսեց անվանել Էրմիտաժ։ Ի պատիվ հոր՝ Պետրոս Մեծի Էրմիտաժում այսօր պահպանվում են նաև նրա նախորդի մասնավոր հավաքածուի ցուցանմուշները, այդ թվում առանձնակի ուշադրությամբ գրավում է «Սկյութական ոսկին» արտեֆակտը՝ ներկայացնելով թանկարժեք զարդեր կենդանիների ֆիգուրներով։ Դրանք գնվել են Պետրոս I-ի սիբիրյան հավաքածուի համար։
 Եկատերինան և հաջորդ կայսրերը ստեղծագործություններ են գնել Հենրիխ ֆոն Բրյուլի, Անտուան և Պիեռ Կրոզի, Ռոբերտ Ուոլփոլի հավաքածուներից։ Արդեն 1774 թ.ին Ձմեռային պալատի նկարների կատալոգները բաղկացած էին նկարիչների 2080 աշխատանքից։ Բացի նկարներից, Էրմիտաժում տեղ են գտել մի շարք փորագրություններ և գծանկարներ, բազմաթիվ հնատիպ առարկաներ, քանդակներ, արևմտաեվրոպականկիրառական արվեստի ցուցանմուշներ, ինչպես նաև գրքերի ամբողջական շարքեր։

Թագուհին գրադարանների մեծ սիրահար էր և 1795 թ.ին նրա հրամանագրով Լեհաստանից բերվեց Զալուսկի եղբայրների երեք հարյուր հազար հատոր գրքերից, տասը հազար ձեռագրերից և փորագրությոուններից կազմված գրադարանը։ Էրմիտաժի հավաքածուի համալրման ավանդույթը շարունակեց ցար Ալեքսանդր I-ը։ Սակայն նման արվեստի գործերը սկզբնական շրջանում ոչ բոլորը կարող էին տեսնել, մինչև 19-րդ դարի կեսերը թանգարանը բաց էր միայն ազնվականների համար, այցելուն պետք է վկայագիր ստանար և նոր կարող էր այցելել։ Այս ցավալի արգելքը հանվեց միայն 1852 թ.ին, այդ օրվանից այն բաց է բոլորի համար և դրա համար հատուկ կառուցվել է Նոր Էրմիտաժի շենքը։ 1920-ականներին Էրմիտաժի թանգարանը և Ձմեռային պալատը վերածվել են մեկ միասնական համալիրի։

Հետաքրքիր մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե փորձենք դիտել բոլոր ցուցանմուշները՝ յուրաքանչյուրի վրա մեկ րոպե կանգ առնելով, ապա մեզնից 11 տարի կպահանջվի։

Էրմիտաժում հնարավոր է վայելել աշխարհի խոշորհագույն նկարիչների գլուխգործոցները։ Վերածննդի դարաշրջանի վարպետներ՝ Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի նշանավոր կտավները զարդարում են թանգարանի ցուցասրահները։ Այստեղ կարող եք տեսնել Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը», Վան Գոգի «Խրճիթներ», Ռուբենսի «Բաքոս», Տիցիանի «Զղջացող Մարիամ Մագդաղենացի» կտավները։ Իմպրեսիոնիզմի դարաշրջանը ևս ներկայացված է նշանավոր գեղանկարիչներով, ահա ձեզ մտորելու առիթներ կընձեռեն Ռենուարի, Մանեյի, Դեգայի, Սիսլի, Սեզանի ստեղծագործությունները։

Հնագույն պատմության սիրահարների համար էլ յուրատեսակ նվեր է արևելյան բաժինը՝ հատկապես Էրմիտաժի եգիպտական սրահը, որտեղ պահվում են մումիաներ և սարկոֆագներ: Ամենահայտնին մ.թ.ա տասներորդ դարի հին եգիպտացի քուրմ Պա-դի-իստայի մումիան է։ Հավաքածուի երկրորդ հանրահայտ արտեֆակտը 2,5 հազար տարեկան է և Պա -Կեշ անունով քրմին է պատկանում։

Պատմական շունչն ու դարաշրջանի արժեքներն իհարկե թանգարանի զարդերն են, բայց դրանց կողքին չեն մոռացվել նաև զգացմունքային և հուզարտահայտչական կատարումի բարձրակետին հասած պատկերները։ Չենք կարող փաստել, որ թանգարանում տեղ են գտել նման հիանալի օրինակներ, որոնցից մեկը Ձմեռային պալատի մեծ բակում սև թուջե քանդակն է՝ գեղեցիկ և նրբագեղ աղջկա գլուխը: Երբ մոտենում ես քանդակին,պարզվում է, որ այն հարթ է։ Դրանով իսպանացի վարպետը Կարլոտա անունով գեղեցկուհու պատրանքն է ստեղծում, այն խորհրդանշում է մարդու երազանքները։

Իսկ եթե շատ եք շրջել թանգարանում և կարծես թե հոգնել եք և բնության շունչն եք ուզում վայելել, ապա շտապեք Էրմիտաժի կախովի այգի։ Կանաչապատ դրախտը համալիրի հպարտությունն ու գեղեցկությունն է: Այն գտնվում է Փոքր Էրմիտաժի հյուսիսային և հարավային տաղավարները միացնող պատկերասրահների միջև, կառուցվել է 1764–1773 թթ. ճարտարապետներ Ջ.Բ. Վալեն-Դելամոտի և Յու.Մ. Ֆելտենի կողմից և վերակառուցվել 1841թ. Վ.Պ. Ստասովի կողմից։ Բացօդյա այս այգին իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի յուրահատուկ միկրոկլիմա։
Էրմիտաժը միշտ տնօրինել են ականավոր գիտնականներ, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտության արվեստի ոլորտներում և նպաստել են ֆոնդերի ընդլայնմանը։ 1964 թ.ից թանգարանը տնօրինել է հայագիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող արևելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկին, զուգահեռ ղեկավարելով նաև Պետերբուրգի համալսարանի հին Արևելքի պատմության ամբիոնը։ Պիոտրովսկին հնագիտական արշավախումբ է ղեկավարել նաև Հայաստանում՝ հետազոտել ուրարտական մի շարք հուշարձաններ և կիկլոպյան ամրոցներ, երկար տարիներ հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Կարմիր բլուրում։ Միխայիլ Պիոտրովսկու և կնոջ՝ մեկ այլ նշանավոր հնագետ՝ Հռիփսիմե Ջամփոլադյանի ավանդույթները և պատմագիտության նկատմամբ մեծ սերը ժառանգել է նրանց որդին՝ նշանավոր արևելագետ Բորիս Պիոտրովսկին։ Նա առ այսօր ղեկավարում է Էրմիտաժը։ Կրտսեր Պիոտրովսկին 2019թ.ից Երևանի պատվավոր քաղաքացի է։
Ի դեպ՝ Պիոտրովսկու գիտական ղեկավարն է եղել ականավոր ալադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելին, որն էլ իր հերթին ղեկավարել է Էրմիտաժը 1934-51թթ., մինչ այդ լինելով թանգարանի ավանդապահն ու բաժնի վարիչը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button