Այսօրը

Այսօր | Ալեքսանդր Պուշկին

Բախչիսարայ քաղաքի Ղրիմի պատմության թանգարանում արդեն տարիներ շարունակ զբոսաշրջիկները կարող են մի գեղեցիկ ավանդույթի ականատեսը լինել։ Ամեն օր աշխատակիցները «Արցունքի շատրվանի» մոտ 2 չքնաղ վարդ են թողնում։

1820թ. աքսորի ընթացքում Բախչիսարայում էր հայտնվել ռուս գրականության հանճար Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, որը լսելով թախծոտ ավանդազրույցը Հիրեյ խանի և երիտասարդ Մարիայի մասին` գրում է «Բախչիսարայի շատրվանը» նշանավոր պոեմը։

Գրական աշխարհն այսօր նշում է մեծագույն գրողի ծննդյան օրը։ Պուշկինը ծնվել է 1799թ. հունիսի 6-ին Մոսկվայում։

Պուշկինն իր ստեղծագործություններում ներկայացրել է ռուս ժողովրդի հավաքական կերպարը, հերոսների, որոնք իրենց մեջ ամփոփում են հզոր ոգին, խիղճը և ազնվությունը։ Նրա կերպարներն անցավոր կյանքի արտերում աճում են հասկերի նման, հետո հասունանում են  ու հնձված ընկնում։ Սակայն չեն կոտրվում, նրանց նորերն են միշտ փոխարինում:

Ահա օրինակ «Եվգենի Օնեգին» չափածո վեպում մեր առջև բացվում է ռուսական միջավայրը, ռուս մարդու նախասիրություններն ու ոգին։ Ինչպես Բելինսկին է ասում՝ Օնեգինին պետք  է համարել ռուսական միջավայրի լավագույն հանրագիտարան, բարձր կարգի ժողովրդական ստեղծագործություն։ «Եվգենի Օնեգինը» պատմական վեպ է` չնայած այնտեղ չկա և ոչ մի պատմական անձ։

         Հապա ո՞ւմ սիրենք, ո՞ւմ հավատանք խոր,

Ո՞վ դավաճան չէ, մեզ ո՞վ չի խաբի,

Ո՞վ իր արարքն ու խոսքերը բոլոր

Միայն մեր ուզած չափով կչափի:

Ո՞վ է, որ երբեք մեզ չի զրպարտում,

Ո՞վ է փայփայում և մեղք չի բարդում,

Ո՞վ մեզ իր սիրով կտանի

Կա՞ մարդ, որ երբեք մեզ չձանձրացնի,

Դուք, ով տրված է իր անրջանքին,

Մի՛ վատնեք ազնիվ ջանքեր ընդունայն,

Այլ աշխատեցեք սիրել Ձեզ միայն,

Ո՛վ իմ հարգարժան ընթերցող անգին.

Կյանքում ձեր սիրո, հավատի համար…

Դարաշրջանի հետադիմական իշխանության, ճորտատիրական ճնշման և կեղեքման, գյուղացիների շահագործման ներքո հեղափոխական տրամադրությունների դառը, բայց բազմազան գույները դառնում են պուշկինյան դիպաշարի անբաժան մասը՝ երբեմն ոչ անմիջականորեն, անթաքույց խորությամբ համակելով հերոսներին։

Համընդհանուր ժամանակի հետ հարաբերվելիս, մտահոգություններում առկախված կասկածներից են ծնվում «Գյուղը», «Ազատություն» ներբողները։ Հենց այդ ստեղծագործություններն էլ գրավել էին ցարական գաղտնի ծառայությունների ուշադրությունը։ Դրանք պարունակում են ռեալիզմի, ռոմանտիզմի և երգիծանքի տարրեր։ Ռեալիստական ոճով են գրվել հատկապես աքսորավայրում գրված ստեղծագործությունները։

Բանաստեղծը հանդես  է եկել նաև դրամատուրգիայի ժանրում, դրա լավագույն օրինակը ռեալիստական մոտիվներով  հարուստ «Բորիս Գոդունով» պատմական դրաման է։ Դրամատուրգիական ժանրի այս նշանավոր ողբերգության մեջ միանգամայն նկատելի է լիակատար անցումը ռոմանտիզմից ռեալիզմին, չնայած նրան, որ հեղինակն իր գործը համարում է ռոմանտիկ ողբերգություն։ Դիպաշարի հիմքում ցար Բորիս Գոդունովի կառավարման ժամանակաշրջանն է, իսկ  գրականագետները նորից փաստում են՝ այդտեղ հերոսը ռուս ժողովուրդն է, որից կախված է ռուսական կայսրության ապագան։ Թե ինչպիսի ապագա կունենա կայսրությունը, ցույց կտան  իշխանության և ժողովրդի միջև պայքարի արդյունքները։

Գրողի աշխարհայացքի և հատկապես մանկության տարիների դաստիարակության վրա մեծ ազդեցություն է թողել տատիկը՝ Մարիա Ալեքսեևնան։ Շատերն են լսել Պուշկինի աֆրիկական ծագման մասին, նրա մայրը Նադեժդա Օսիպովնան էր՝ եթովպացի Իբրահիմ Հաննիբալի  թոռը, որը Պետրոս 1-ին ցարի օրոք տեղափոխվել էր Ցարական Ռուսաստան և  դաստիարակվում էր արքունի պալատում։ Հետագայում գրված «Ուղերձ Յուդիթին», «Վանականը», «Բովա»  բանաստեղծություններում Պուշկինը բազմիցս պատմում է մանկության հուշերը։  

Ալեքսանսանդր Պուշկինը 12 տարեկանից սովորել է նորաստեղծ Կայսերական ճեմարանում  և հենց այնտեղ էլ հայտնաբերվել են գրողի բանաստեղծական ձիրքն ու կոչումը, իսկ ուսուցիչները խրախուսել են տպագրել իր առաջին բանաստեղծությունները։

Ի սկզբանե գրողի պոեզիան ավելի շատ  սենտիմենտալ տարրեր էր պարունակում՝ քան գաղափարական։ Ցարսկոսելոյի լիցեյում սովորելու ընթացքում Պուշկինն արդեն ստեղծագործում էր երկու լեզվով՝ ռուսերեն և ֆրանսերեն, ընկերներն անգամ նրան «ֆրանսիացի»  էին անվանում։ ֆրանսիական կլասիցիզմի շնորհիվ նրան հոգեհարազատ էր անտիկ մշակույթը։ Մեծագույն քնարերգուի ստեղծագործություններում հնարավոր չէ չնկատել  անտիկ քաղաքակրթության ոգին՝  բազմիցս կարող ենք տեսնել, թե ինչպես է Պուշկինը խոսում  օրինակ Օվիդիոսի լեզվով՝ նրան համարելով մարդկային սրտի, սիրո հեղինակավոր գիտակ, կամ Տակիտոսի ոճով պատմում Միխայլովսկում իր տառապանքների մասին։ Պուշկինի տաղանդը շատ արագ նոր բարձրակետեր է նվաճում։

Այդ շրջանում նշանավոր «Արզամաս» գրական Միությունն ազգային դյուցազնավեպ ստեղծելու անհրաժեշտությունն էր տեսնում և Պուշկինի գրած «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը, որը հետագայում մեծ բանավեճերի առիթ դարձավ, իրականացրեց միության բաղձալի փափագը։  Հուշագիր Ֆիլիպ Վիգելի խոսքով՝ միության անդամները հիացած էին աշխույժ երիտասարդի ոտանավորներով, հնչեղ ձայնով և նրան «ծղրիդ» էին անվանում։

Քչերը գիտեն, որ ակտիվ գրական գործունեությունից զատ՝ Պուշկինն աշխատում էր նաև պետական կառավարման համակարգում։ Ինչպես ցույց են տալիս իրողությունները՝  քաղաքական հայացքները և դրանց արտացոլումը ստեղծագործություններում դրական հետևանքներ չեն ունեցել։ Արտաքին գործերի կոլեգիայում աշխատելու ընթացքում ՝ 1820թ.  Ցար Ալեքսանդր 1-ինի մասին գրված բանաստեղծություն էլ իրական ապացույց է դառնում, որին էլ հաջորդում է աքսորը հարավ։ Աքսորավայրում Պուշկինը հիվանդության պատճառով տեղափոխվում է  Կովկաս։ Ճամփորդությունները դեպի Ղրիմ՝ Գուրզուֆ, Քիշնև, Օդեսսա, ստեղծագործական բեղուն շրջանի ազդակներ են դառնում. գրում  է «Կովկասյան գերին», «Ավազակ  եղբայրներ», «Գնչուներ» և ամենանշանավոր «Բորիս Գոդունով» պոեմները։ Վերջում գրողն աքսորվում է  Միխայլովսկոյե  գյուղ։ Իսկ  1825թ. Դեկտեմբերի 14-ի «դեկաբրիստների ապստամբությունից» հետո քննարկվում է Պուշկինյան հայացքների ազեցության հարցը և  գրողը տեղափոխվում է Մոսկվա։ Բայց ինչպես ողջ կյանքում՝ անկոտրում ոգին և սկզբունքայնությունը նորից արթնանում են և գրողը շարունակում է հետամուտ լինել իր դիրքորոշմանը։ Ասում է՝ եթե անգամ այդ օրը Պետերբուրգում լիներ, կմասնակցեր ապստամբությանը։  

Սակայն քննադատական հայացքներն ու քաղաքական դիրքորոշումները ներխուժում են նաև անձնական կյանք։ Նատալյա Գոնչարովայի հետ ամուսնությունը կարծես թե դառնում է այդ շղթայի վերջնակետը։ Բանաստեղծի կնոջը հետապնդող  սպա Դանտեսի  հետ մենամարտը սպառնում  է հանճարեղ պոետի  կյանքին։

1837թ. Փետրվարի 10-ին  Ալեքսանդր Պուշկինի կյանքի ուղին ընդհատվում է։

Հետաքրքիր է, որ մենամարտն առաջինը չէր՝ ըստ տարբեր վարկածների Պուշկինը մի քանի տասնյակ մենամարտի  է մասնակցել։

Սպանությունից հետո, հենց Պուշկինի շնորհիվ  ռուսական գրականությունը մեծ ծաղկում ապրեց, նրա ստեղծած  ռուսերեն նոր գրական լեզուն հնարավորություն տվեց նոր հանճարների երևան գալ, իսկ Պուշկինը դարձավ այդ համաստեղության ամենապայծառ աստղը, որն արդեն մի քանի հարյուրամյակ  իր տեղն է գրավել համաշխարհային դասական գրականության հաղթակամարում։

Ալմաստ Մուրադյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button