Այսօրը

Այսօր | Պեպո

1935 թվականի հենց այս օրը՝  հունիսի 15-ին, ցուցադրվեց Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»։

«Պեպոն» Գաբրիել Սունդուկյանի պիեսն է, կատակերգություն, որը գրվել է 1870 թվականին։

Ստեղծագործությունը բազմիցս բեմադրվել էր Թիֆլիսի թատրոններում ու լավ ծանոթ էր թե՛ հայ, թե՛ վրաց հանդիսատեսին: Իրադարձությունները զարգանում էին հենց այդ հայաշատ քաղաքում:

Նկարահանումների մասին լուրը շատ արագ է տարածվում, ամբողջ պրոցեսը ընթանում էր բնակչության համընդհանուր հետաքրքրության մթնոլորտում, իսկ էկրան բարձրանալուն պես ֆիլմը հռչակվում է գլուխգործոց` դասվելով ողջ խորհրդային կինոյի լավագույն գործերի շարքում, հաղթարշավելով նաև մի շարք արտասահմանյան երկրներում, այդ թվում` Միացյալ Նահանգներում։

«Պեպոյի» երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը։ Նա ֆիլմի համար գրել է երաժշտության 6 տարբեր օրինակ, որոնք բոլորը մերժվել են Բեկնազարյանի կողմից: Ի վերջո, ռեժիսորը հաստատեց 7րդ տարբերակը, ու դա դարձավ Խաչատրյանի կինոդեբյուտը:

Պեպոյի հայտնի երգի տեքստի հեղինակը գրեց Եղիշե Չարենցը:

Նկարահանումներից առաջ երկար քննարկվել է՝ ի՞նչ լեզվով նկարել ֆիլմը: Բոլորի համար ըմբռնելի համր կինոյի դարաշրջանն ավարտվել էր: Կրկնօրինակումը դեռ գոյություն չուներ: Իսկ բազմազգ Խորհրդային Միության ժողովուրդների համար հասկանալի ընդհանուր լեզուն ռուսերենն էր, բայց  հեղինակներն ուզում էին անպայման ունենալ նաև հայերեն տարբերակ: Այսպիսով՝ միաժամանակ նկարվում է երկու ֆիլմ` հայերեն և ռուսերեն: Հաղթահարելով նաև ռուսերեն արտասանության, առոգանության հետ կապված խնդիրները` դերասանները հասնում են ապշեցուցիչ արդյունքի: Անշուշտ, ֆիլմի հաջողությունը պայմանավորված էր նաև հանճարեղ դերասանական կազմով` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Համբարձում Խաչանյան, Դավիթ Մալյան, Հասմիկ, Տատյանա Մախմուրյան, Նինա Մանուչարյան և այլք:

Սունդուկյանն իր պիեսը կատակերգություն է անվանել, սակայն «Պեպո» ֆիլմին վերաբերող օտարալեզու նյութերում ամենից հաճախ «դրամա» բառն է հանդիպում։ Բեկնազարյանի ֆիլմի արժանիքներից մեկն այն է, որ նրան հաջողվել է կատակերգություն բեմադրել` դրամատիկական տարրերով:

Նկարահանումները տեղի են ունեցել Թիֆլիսում, Երևանում և Մոսկվայում։

Գործի էկրանացման մասին վաղուց երազող Բեկնազարյանը կանգնեց մի շարք խնդիրների առաջ: Նախ պետք է կարողանար գնալ և հանդիսատեսին տանել անհետացած ժամանակի հետքերով, քանի որ Թիֆլիսի կյանքը շատ էր փոխվել: Մյուս կողմից էլ հավաստի միջավայր վերստեղծելու համար նա պիտի կարողանար ճշգրիտ պատկերել անցյալ ժամանակի կենցաղն ու բարքերը և այնպիսի մանրամասներ հավելել, որ չխախտելով գրական հիմքը, կինոնկարը մոտ ու հասկանալի լիներ ժամանակակից հանդիսատեսին: Բեկնազարյանն, իհարկե, լավ գիտեր այդ քաղաքը. մի քանի տարի ապրել և աշխատել էր այդտեղ: Այնուամենայնիվ, որպես ֆիլմի երկրորդ ռեժիսոր հրավիրեցին Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնից Արմեն Գուլակյանին, ով հիանալի գիտեր հին Թիֆլիսը: Վերջինս մի շարք վառ դետալներ հուշեց և ֆիլմում խաղաց նաև կինտոներից մեկի դերը:

Կինտոները թիֆլիսյան կենցաղի յուրատեսակ ծնունդ էին` արհեստավորներ, ձկնորսներ, շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառողներ, սրամիտ ու կենսուրախ, մշտապես խնջույքների մասնակից` ուտող-խմող, երգ ու պար սիրող, հաճախ` անեկդոտների հերոս, երբեմն` գործազուրկ և աղքատ: Գլխավոր հերոսը` Պեպոն և նրա ընկերները կինտոներ են: Նրանք հնում կրում էին յուրօրինակ տարազ, որն ասես թելադրում էր որոշակի շարժուձև, պահվածք: Շուկայի վաճառական կինտոների վառ կերպարներն ու ռեպլիկները յուրահատուկ կոլորիտ են հաղորդել ֆիլմին և մյուս հերոսների արտաբերած որոշ արտահայտությունների հետ վաղուց դարձել են թևավոր խոսքեր։

Պիեսին հավելված մի քանի տեսարաններ հատկապես հարստացրել են կինոնկարը: Այս առումով արժանի են հիշատակման բաղնիքի տեսարանը` հարսնատեսը, և իհարկե, եկեղեցում ծնված բամբասանքի տեսարանը: Մարդիկ, իբրև «կինեմատոգրաֆիկ ենթատեքստ» կրկնելով այն շարժումը, երբ զույգ-զույգ հավատացյալները պատարագի ժամանակ միմյանց են փոխանցում Քրիստոսի հայտնության կամ հարության ավետիսը, այստեղ փոխանցում են բամբասանքը. «Դարչոն Կեկելին թողիլ է…»:

Բեկնազարյանն ամեն անգամ նորովի է անդրադարձել ոտնահարված կանացի արժանապատվության թեմային: Սուբյեկտիվ կինոխցիկն այստեղ «գովերգում է» Կեկելի ամոթխած գեղեցկությունը, նրա երկար փարթամ վարսերն ու բարեկազմ մարմինը: Խոնարհ աղջկան անամոթաբար զննում են գռեհիկ կանայք. «Համա՛ թե լավ ապրանք է»: Նույն կինոխցիկը, իմիտացնելով Կեկելի գլխապտույտը, նրանց պատկերում է առանց լիրիկայի` կոպիտ, տգեղ: Անցումները պոեզիայից` պրոզային, գեղեցիկից` առօրյա գռեհկությանը և հակառակը, սահուն հերթագայվում են մի քանի անգամ: Նույն այդ ժամանակաշրջանում հազիվ թե գտնվի ֆիլմ, որտեղ այդչափ զուսպ և ճաշակով մատուցված լինի իրականում բավական բաց, ինտիմ` կնոջ մերկությունը պատկերող տեսարանը: Պատահական չէ, որ այն գեղագիտական մեծ ազդեցություն է գործում մինչ օրս, այդ թվում` օտարերկրյա հանդիսատեսի վրա:

Կինոմետաֆորի հիանալի օրինակ է բամբասանքը, որ իր առաջին քայլերն արել էր դեռևս «Նամուսում», այստեղ այն արդեն վերաճում է «պտտահողմի», ծնունդ առնելով եկեղեցում, դուրս է գալիս փողոց, վազում, մագլցում աստիճաններով, պատշգամբից պատշգամբ ցատկում, Կեկելին պատեպատ տալիս: Կինոխցիկի շարժման հետագիծն արտապատկերվում է նաև չարախինդ կանանց դեմքերին, նրանց չափազանցված` գրոտեսկային կերպարներում: Այդպես «Պեպո» ֆիլմում Բեկնազարյանի ռեժիսորական ոճը հասնում է իր գագաթնակետին:

Զուր չէ, որ նա այս ստեղծագործությունը համարում էր իր «ամենասիրելի զավակը»:

  ՆԱՐԻՆԵ ՂԱԼԱՄՅԱՆ

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button