Այսօրը

Այսօր | Պերճ Զեյթունցյան

Կան գրչի մարդիկ, որոնց կարդալիս մտածում ես` մեկ այլ աշխատանք կարող էին կատարել և, գուցե, հաջողությամբ: Պերճ Զեյթունցյանին վիճակված էր ծառայել միայն գրականությանն ու թատրոնին, նրա այս տաղանդն ի ծնե էր` պայմանավորված իր ժողովրդի արյան կանչով:

Այսօր ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան:

1956թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝  «Նրա առաջին ընկերը»: Առաջին իսկ ժողովածուից ընդգծվեց իր յուրօրինակությունը: Եվ այդ իր գրի այցետոմսն էր։

Առաջին ժողովածուն անմիջապես գրավեց ընթերցողների ուշադրությունը, պատանի գրողի հայտնությունը դարձավ ինքնատիպ խոսակցությունների նյութ, իսկ Նաիրի Զարյանը՝ ժամանակի գրական մեծություններից մեկը, շտապեց իր գրողական կարծիքն ու գնահատականը հնչեցնել: 

Նաիրի Զարյանը հատկապես բարձր էր գնահատել այսպես կոչված եգիպտական պատմվածքները, որոնք հիմնականում նվիրված էին «փոքր մարդկանց»՝ թշվառության ու աղքատության, հիասթափությունների մեջ ապրող մարդկանց: 

Պերճ Զեյթունցյանի գրականությունն իր ազգային արժեքների կարևորմամբ,  հաստատում է գլխավոր իրողությունը, որ Հայաստանն ու հայ գրականությունը աշխարհի ու համաշխարհային մշակույթի ծայրագավառ չեն, այլ մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկը, որը կարող է լինել ցանկացած մշակույթ, որը սկսվում է անպայման ազգայինից ու միտված է պարտադիր վերազգայինին:

1990-ականներին նրա հրապարակախոսական հոդվածները հասնում էին նաև կալանավայրեր։ Ի նշան երախտագիտության՝ բանտարկյալները նամակներ ու իրենց ձեռքով պատրաստած իրեր էին ուղարկում գրողին, ինչպես աստվածաշնչյան թեմաներով հացից համրիչը, որը Զեյթունցյանը չէր օգտագործում, որ հանկարծ չվնասվի։ 

Դրամատիկականը նրա հարազատ թատրոնն էր, 6-7 պիես է ներկայացրել այնտեղ։ Բոլոր փորձերին ներկա էր լինում, բայց ոչ մի ռեժիսոր չէր բողոքում, որովհետեւ սուս-փուս նստում էր, եթե դիտողություն էլ ուներ, վերջում էր ասում։ Շատ ուժեղ ապրումներ էր ունենում իր պիեսների առաջնախաղերին։ Որևէ մեկը որևէ բան չպետք է ասեր, մինչ ինքը հագնվում էր, գնում թատրոն, նստում էր իր տեղում, տեսնում էր, որ դահլիճը լիքն է, և միայն ներկայացումը սկսվելուց հետո մի քիչ հանգստանում էր։ Ամեն անգամ նրան թվում էր, թե որևէ բան պիտի լինի, որ խանգարի իր հանգստությանը։ 

Պերճ Զեթունցյանը ՀՀ մշակույթի առաջին նախարարն է։

Ռեստորանում, որտեղ նշում էին Պերճ Զեյթունցյանի տարեդարձը, գրողին է մոտենում մի երիտասարդ նկարիչ ու մեկնում նրա դիմանկարը, որ արել էր ռեստորանի մի աննկատ անկյունում նստած։

Տարիներ անց, երբ ընտանիքը Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի համար նկար էր ընտրում, դուստրը պնդում է, որ հենց այդ դիմանկարն օգտագործեն՝ գրողին ամենասազականն ու բնորոշը։

Շքանշաններն ու պատվոգրերը Զեյթունցյանների ընտանիքում շատ են։ Գրողը պարգևների չէր սպասում, բայց ստանալիս շոյվում էր։

Նույնիսկ այն ժամանակ, երբ տնից դուրս չէր գալիս, Պերճ Զեյթունցյանն ակտիվ հետևում էր երիտասարդ գրողներին, հասարակական, քաղաքական կյանքին։ Գնում էր գրեթե բոլոր թերթերն ու կարդում ծայրից ծայր։ Համակարգիչն ու համացանցը նրա համար չէին։

Աշխատասենյակն ու գրասեղանը Զեյթունցյանի մահից հետո գրեթե անփոփոխ են մնացել: Սեղանին ժամացույցն է, որը նաև դրսի ջերմաստիճանն է ցույց տալիս. մի բան, որ սովորույթի ուժով Զեյթունցյանը շատ էր կարևորում։ Իրենց տեղում են նաև օրացույցն ու ռադիոն։

Պերճ Զեյթունցյանն առավել քան փնտրված գրող է: Եվ նրան գտնելու ամենաճիշտ և արդյունավետ ճանապարհը, իհարկե, իր գրքերն են, իր թատերգությունները, իր հրապարակախոսությունները։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button