Այսօրը

Այսօր | Ակսել Բակունց

Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան․․․

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ։   

Բնությունը նրա տարերքն էր։ Ժողովրդին նա հասկացավ այդ  լեզվով. բնությունը նրա գրչի տակ կենդանություն առավ, խոսեց և ծիծաղեց մարդկանց փոխարեն։ Ակսել Բակունցը հայ գրականության մեջ մնաց որպես բնության երգիչ։ Գյուղաշխարհը նրա համար այն անկյունն էր, որտեղ մարդը ձուլված էր բնությանը, բնությունը՝ մարդու։

Բնության երգիչը ծնվել է Գորիսում: Այսօր Ակսել Բակունցը կդառնար 123 տարեկան։

Ալեքսանդրը դարձավ Ակսել, երբ նա մարմնավորեց պիեսի հերոսներից Ակսելի դերը։ Իսկ Բակունցն էլ առաջացավ իրենց տոհմական՝ Բեգունց մականունից։ Ծնվելով տոհմիկ գյուղացու ընտանիքում՝ նա գրեց գյուղաշխարհի առեղծվածային բնության և մարդկային բիրտ ուժի համադրության մասին։ Իր կարճ ստեղծագործական կյանքի ընթացքում նա հասցրեց գրել պատմվածքների չորս ժողովածու՝ «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները»։

Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո որպես գովելի աշակերտ համագյուղացիների միջնորդությամբ ընդունվեց Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ էլ կատարեց գրականն առաջին փորձերը։ 1917 թվականին,  ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը տասնութամյա պատանուն ստիպեց թողնել խաղաղ կյանքը և դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում։ Մինչև 1918-ը որպես շարքային զինվոր մասնակցեց  Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Այնուհետև ուսում ստացավ Թիֆլիսի պոլիտեխնիկական և Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտնեում և աշխատեց այդ ոլորտում։ Ակսել Բակունցը աշխատել է նաև «Մաճկալ» թերթում և «Նոր ուղի» հանդեսում։

Խորունկ և հանգիստ խառնվածքի տեր գրողը անձնական զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց հավասարակշիռ էր և զուսպ։ Նրա կյանքւոմ չեն եղել աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես մյուս հայ գրողների կյանքում, սակայն եղել են նվիրական անուններ, որոնք տեղ են գտել նրա ստեղծագործություններում։ Այդպիսի անուներից էր Խոնարհը․ «Խոնարհ աղջիկը» պատմվածքում հերոսուհու և Բակունցի պատահական հանդիպումը Ակսելի մեջ արթնացրեց մի ջերմ զգացմունք, որը նա մտովի վերապրեց երկար տարիներ։ Լռությունը երկուսին էլ միայն ցավ պատճառեց, և դեռ չսկսված սերը տխուր վերջաբան ունեցավ։ Իսկ իր կնոջը՝ Վարվարա Չիվինջյանին Բակունցը հանդիպեց Խարկովում 1923 թվականին։ Սակայն նրանց ընտանիքին վիճակված էր դառը ճակատագիր։ 1937 թվականին  Ստալինի հրամանով դատապարտվեց ոչ միայն նա, այլև ընտանիքը։ Վարվարան Բակունցի գնդակահարությունից հետո բանտարվեց և աքսորվեց, իսկ մանկահասակ որդին որբացավ։ Բանտակից ընկերոջը բաժանման պահին Ակսել Բակունցը հորդորել է․ «Աշխարհին ասեք, որ ես ժողովրդի թշնամի չեմ։ Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տաապանքների համար չանիծեն․․․»։

Սյուզաննա Դեմիրճյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button