Այսօրը

Այսօր | Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Մուսաներին նվիրվածներից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ.
Եվ սրինգը ձայն էր հանում չափազանց տխուր ու աղի։
Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի,
Նվագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրո
Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի։


«Մահվան տեսիլ» պոեմում Եղիշե Չարենցն այս խոսքերը ձոնել է հայ ռոմանտիկ բանաստեղծ, թատերագիր, վաղամեռ հանճար Պետրոս Դուրյանին։ Ինչպես Սևակն էր ասում՝ hայ գրականություն եկավ ոգեվարող պատանին, և մեր բանաստեղծական միտքը մեկ դարով կտրեց իր նախորդներից։

Դուրյանի ատեղծագործություններում քնարական հերոսը ինքն էր՝ իր անձնական գույներով. դրանք երբեմն եղերերգեր են, որոնք կարծես թե ողջ կյանքում քայլում են նրա կողքին։ Դեռ պատանեկան շրջանում գրված մի բանաստեղծության մեջ իր առջև բացում է մահվան ուղին, որը տարբեր ձևերով վերաձևվելու էր ողջ կյանքում։ Իսկ գեղագիտական առումով մի շարք ստեղծագործություններ՝ «Սիրել», «Դրժել», «Նե», «Օվկեան մը տրտունջով», պոեզիայի յուրօրինակ արժեքներ են, որտեղ բարձրակետին է հասել նաև գրական արևմտահայերենը. Դուրյանը մե՛րթ ողբում էր իր դառը բախտը, մե՛րթ ադամանդե խոսքեր հորդեցնում իր փոխաբերություններով և մակդիրներով։ Բանաստեղծը գովերգում է բնությունը իր ծովերով, երկինք — երկրով, ջրվեժներով, թռչուններով, իսկ գեղեցկագույնն, ըստ Դուրյանի, կինն է։ Եվ հենց այդ համատեքստում այդ ամենին չհասնելու համար է Դուրյանը ողբում։ Կնոջ կերպարի հիմքում բնության հրաշալիքներն են՝ ջինջ վտակը, նուրբ զեփյուռը, ցողն ու ծառերը։ Սակայն դրան հաջորդում է հակադիր պատկերը, երբ կարծես թե ամռանը հաջորդում է աշունը, արդեն կայծակ է սկսվում, իսկ զեփյուռն այլևս չկա, ամեն ինչ մոխրի է վերածվել հորդ անձրևի կաթիլների ներքո։ Այդպես էլ նրա հոգին է մոխրանում, իսկ մահվան գիտակցումը նորից մոտենում է։ Եվ ահա սկսում է ինքնաճանաչման և ինքնաարտահայտման մի նոր ուղի, իր քնարական հերոսը նորից ինքն է, և կարծես իրեն նայում է վերևից, նաև ուրիշի աչքերով։ Դրա վառ դրսևորումը «Լճակն» է։ Մի անգամ Դուրյանը լսում է, թե ինչպես է դերասանուհիներից մեկն ասում՝ այնքան գունատ է, շուտով կմեռնի։ Դա էլ առիթ է դառնում նորից գրելու.


Շատերը զիս մերժեցին,
Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։


Պետրոս Դուրյանը փառքի գրական նոր հորիզոններ էր գրավել՝ ընդհամենը 20 գարուն ապրելով։ Չնայած, որ Դուրյանների ընտանիքը ծանր կացության մեջ էր ապրում՝ 1857թ. Պետրոսը սկսում է սովորել Սկյուտարի վարժարանում՝ որպես ձրիավարժ աշակերտ։ Դպրոցական տարիներից արդեն ակնհայտ էր ապագա գրողի սերը դեպի արվեստը. նա և՛ գրում էր, և՛ երգում երգչախմբում, ուներ նկարչական հակումներ, սովորում էր օտար լեզուներ։ Վարժարանն ավարտելուց հետո սկսում է զբաղվել գրագրությամբ, այնուհետև տարվում է թատերական կյանքով. գրում է թատերգություններ, թատրոնի մասին հոդվածներ։ Թարգմանում է Շեքսպիրի «Մակբեթ», Հյուգոյի «Թագավորը զվարճանում է» գործերը։ Դուրյանը ոգեշնչված էր բեմադրիչ և դերասան Հակոբ Վարդովյանի գործունեությամբ և ճիշտ ժամանակին էլ դառնում է նրա թատրոնի դերասան, մասնակցում թատերգությունների բեմականացմանը։ Սակայն կարճ ժամանակ անց թատրոնը թողնում է և հենց այդ շրջանից էլ սկսում է ակտիվ գրական գործունեություն ծավալել, բանաստեղծություններ է տպագրում «Օրագիր», «Մեղու», պարբերականներում։ 1869թ. «Օրագիր» թերթի էջերում տպագրվում է բանաստեղծի առաջին տպագիր քերթվածը՝ «Ձոնը»։ Դուրյանը բանաստեղծի և թատերագրի ոճն աչքի էր ընկնում ներքին ձևերի լիարժեք իմաստային նուրբ անցումներով և տաղաչափական առանձնահատկություններով, զգացումի մի մեծ նրբությամբ։

Այդքան կարճ կյանքի ընթացքում, սակայն, հասել էր ինքնաճանաչման և մաքրագործման իր բարձրակետին, բայց դեռ ինչեր կարող էր ստեղծել:


Գիտեր՝ ասում էր՝ հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս
Ա՜խ գոնե գրածներս տպեցեք, չմոռցվիմ…

1871թ.սկսած հիվանդությունը այն աստիճան էր սաստկացել, որ բանաստեղծն անգամ ներկայացումներին չէր հաճախում։ Դրան էլ միանում է մեկ այլ տառապանք՝ նույն թոքախտ հիվանդությունից մահանում է բանաստեղծի ընկերը՝ թատերգակ և բանաստեղծ Վարդան Լուտֆյանը։ 20ամյա ընկերոջ մահը վերջնականապես հյուծում է «դալկահար ու լուռ» բանաստեղծին։ Միաժամանակ դա կարծես թե նպաստում է ստեղծագործական գործունեությանը։ Այդ ընթացքում գրված բանաստեղծությունները տպագրվում են, սակայն ցավոք՝ հետմահու։ 1872թ. հունվարի 23-ին էլ սկսվում է անժամանակ հեռացած բանաստեղծի անմահության ուղին։

Դուրյանական աստղը դեռ այնքան էր շողալու


Ստեղծագործական կյանքում, ինչպես նշվեց, խորը հետք է թողել Լուտֆյանի մահը, այդ վիշտը ինչպես նաև իր մոտալուտ մահվան վտանգը խորը հետք է թողնում նրա վրա և գրում է «Տրտունջք» բանաստեղծությունը։ Այստեղ հերոսներն են՝ ինքը և Աստված։ Այս անգամ սակայն վերջին մնաք բարևի խոսերքն է հիշեցնում։ Համեմատության մեջ նորից առատաձեռն է և վեհ. ներկայացնում է տիեզերքի և մահկանացուի մետաֆորները, որտեղ մարդը դառնում է մի աստղ, իսկ մարդկային ճակատագրի մեջ աստղը դառնում է մարդ։ Իսկ մարդը միշտ էլ շարժվում է տիեզերական անիվի ուղղությամբ և համակերպվում եղելությանը.


Ո՜հ , նոքա ամենքը զիս ծաղրեր են,
Աստծո ծաղրն է աշխարհն ալ արդեն։


Դուրյանական ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև թատերգությունները։ Դեռ 15 տարեկան պատանի էր, որ գրեց «Վարդ և Շուշան» հովվերգական մելոդրաման, որը կրում էր ֆրանսիացի արձակագիր Ժակ Անրի Սեն-Պիեռ դը Բեռնարդենի նշանավոր «Պոլ և Վիրգինիա» վեպի ազդեցությունը։ Պահպանվել են նաև «Թատրոն կամ Թշվառները», «Հառաջաբան» ստեղծագործությունները։ Թատերգություններում էլ տեղ են գտնում հիմնականում ազգային ինքնության պահպանության հիմնահարցեր։ Պատմական թատերգություններում, ինչպիսիք են՝ «Տիգրան Բ», «Արտաշես Աշխարհակալ», «Անկումն Արշակունի հարստության», Դուրյանը դիմել է պատմական սկզբնաղբյուրներին՝ Մովսես Խորենացուն, Թովմա Մեծոփեցուն, Արիստակես Լաստիվերցուն։ Դրանց նպատակն էր հասնել ազգային համախմբման և զարթոնքի։
Որպես թատերագիր՝ իր հոդվածներում անդրադարձ է կատարել նաև թատրոնում առկա հիմնախնդիրներին։ Թատրոնը ներկայացրել իբրև մի հայելի, որի մեջ մարդը կարող է իր ճշմարիտ պատկերը տեսնել, իսկ դերասանները դաստիարակներ են, որոնք մարդու բարոյական զարգացման պատճառ պետք է դառնան։ Նա բնորոշում է նաև ժողովրդին.

Մեր ժողովուրդը միշտ նորասեր է, դա առաջադիմության նշան է, բայց ժողովուրդը հետևողական չէ։

Ալմաստ Մուրադյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button