Երիտասարդ համալրում

Ամեն տեղ հեղափոխություն, բացի արվեստից

Նանե Իսրայելյան

Հայկ Ստվերի տանն եմ։ Շատերը կարող են մտածել, որ հեղափոխություն ծնած երգի հեղինակի կյանքում ու տանն ամենամեծ հեղափոխությունն է եղել, բայց ապրում է շատ համեստ, ստուդիան հյուրասենյակում է, որտեղ էլ հյուրընկալվեցի և առաջին հարցով սկսեցի իրականություն դարձնել այն, ինչի համար իր տուն էի գնացել։

-Չի՞ նեղանա Նիկոլ Փաշինյանը, որ իր երգը փոխենք․

-Չէ, ինքը չի նեղանա, բայց ե’ս կխառնեմ։

Րոպեներ անց Հայկ Ստվերն իր տան հյուրասենյակում գտնվող ձայնագրման ստուդիայի համակարգչի մեջ փոփոխության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանի <<Իմ քայլը>> երգը, որտեղ վարչապետի <<Որ լույսի մարտնչող ասպետի պես, կերտեմ ցնծության ժամը մեր>>  բառերը փոխարինում էր իմ ՝ <<Որ հույս ծնող արվեստով ես, կերտեմ ճանապարհ դեպի վեր>> խոսքերով։ Որոշեցինք, որ հեղափոխություն ծնած երգի հզոր ելևէջները կարելի է ուղղորդել դեպի արվեստը և հեղաշրջել այսօրյա մշակութային  իրականությունը, ինչի հետ կապված՝ Հայկը երգեց <<Իմ քայլը>> երգի՝ իմ տարբերակը։

Լսում էի երգը, սակայն մտավորականների անհանգստությունները թույլ չէին տալիս լսել խոսքերը, <<Իմ քայլի>> երաժշտության ներքո երգի  բառերի փոխարեն միանգամայն այլ իրականություն էր ականջ ծակում, քառատողն անցյալի վրա էր հիմնված․

Սրանք մշակույթի դեմ են գործել,

Ում պետք է խփում էին,

Տափակ սերիալներ, սա փաստ է,

Սա Հայաստան չէ և վերջ։

Անցյալից եկած ձայները լռեցին երգի՝ <<Իմ խոսքի>> հատվածից․ <<Որ հույս Ծնող արվեստով ես, կերտեմ ճանապարհ դեպի վեր>>։

Ասում է մի երկու առաջարկ է արել երգիչներին, որպեսզի զուգերգ երգեն, սակայն մերժել են։ Դրանից հետո որոշել է այլևս կապ չհաստատել երգիչների հետ։ Հարցին, թե արդյոք չի զանգել Նիկոլ Փաշինյանին, կտրուկ <<ՈՉ>>-ով պատասխանեց ու պետմեց հեղափոխության երգի պատմությունը․

«Նախօրոք գիտեի, որ էդքան բանը պետք ա լիներ։ Դե հենց երգն էր շատ կարևոր, երգը պետք ա պատրաստ լիներ, նոր Գյումրիից սկսեին գալ։ Իրանք իրար մեջ խոսել են, որ երգ է պետք, դե եղբայրս էլ (Մխիթար Հայրապետյան) պարզ ա, ինձ ա առաջարկել, բայց ոնց որ եղբայրս ա ասում սկզբում լուրջ չի ընդունել Փաշինյանը, մտածել ա՝ երևի եղբայրն եմ՝ գովում ա, հետո, երբ փորձնական երգեցի, ուղարկեցի, նոր արդեն հասկացել ա, որ իրական երգիչ եմ։» Երգի մեջ ամեն բան ասված էր։ Հարցին, թե երգը հասարակության վրա ազդե՞լ է՝ որպես արվեստի գործ, թե՞ մարդկանց մենակ լինելու վախը ստիպել է հասարակությանը համախմբվել «Ես մենակ չեմ-ի շուրջ, պատասխանեց, որ երկուսն էլ եղել է և հիշեց մինչ այդ եղած իրականությունը․»

-Էդ խնդիրներ շատ կային, օրինակ՝ մինչև Կիև գնալը ստեղ ստիպված երգում էի այն, ինչ ինձ դուր չէր գալիս, այսինքն՝ ռաբիզ, շանսոն, բլատնոյ երգերը ես էլ էի երգում, ստիպված էի երգում, չերգեի՝ կմնայի առանց աշխատանքի։ Իքս ֆակտորին մասնակցեցի, Գիսանե Պալյանն ասեց․ «Չեմ տեսնում քեզ մեր հետագա պայքարի մեջ»։

Իքս ֆակտորի եզրափակիչ չանցավ, վեց տարի հետո, նրա երգի տակ հեղափոխության եզրափակիչն էր անցնում։ Երաժշտական ասպարեզից դժգոհ՝ հեռացել էր Հայաստանից, հետ եկել հեղափոխության օրերին։ Ասաց, որ հեռուստատեսությամբ երգերը հեռարձակելու համար մեծ գումարներ են պահանջում, սակայն ինքը  գրեթե չի միացնում հեռուստացույցը․

-Միացնում եմ, քանի ալիք ա, հերթով արագ թերթում ու անջատում, թերթում, անջատում։

Այսօր խախտեց նախկին ավանդույթը․ մշակութային լուրերը ստիպեցին կանգնել և լսել հեղափոխությունից հետո մշակույթի ոլորտում տեղի ունեցածի մասին։

Խոսում է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը

«Բաղրամյան փողոցով, Կամոյի դպրոցի մոտ, հսկայական հայտարարություն կա, որը ես հաճույքով եմ անցնելիս նայում, այնտեղ գրված է․ «Ամեն տեղ հեղափոխություն, բացի արվեստից», անգամ պատի վրա գրողը գիտի, որ արվեստում հեղափոխություն չի եղել, իսկ ցանկացած հեղափոխություն նախ հոգևոր դաշտում ա լինում։ Հիշում եմ այն ժամանակ վարչապետն ասում էր, որ եթե մշակույթի նախարարությունը փակենք, մեկ ա, ոչինչ չի փոխվի, պարզվեց, որ ճիշտ էր ասում, իրոք էդպես ա։ Այսօրվա հերոս մենք չենք տեսնում էկրանին, երեխաները որ սերիալ են նայում, իրենց հերոսներն ովքե՞ր են, ինչ լավ է, որ պատմական չենք նկարում, մենք պատմությունն էլ կպղծեինք, եթե այսօր պատմական ֆիլմեր նկարեինք»։ Խաչիկ Չալիկյանի հայտնաբերած գրվածքի հետևից գնացի, դժվար էր, սակայն գտա գրողին։

«Ամեն տեղ հեղափոխություն, բացի արվեստից», կարմիր ներկով, փնթի ձեռագրով, պատով մեկ գրված այս նախադասությունը հայտնվեց հեղափոխությունից մեկ տարի անց։ Այս հաղորդումը պետք է այդտեղից սկսեինք, բայց հեղինակը պետական աշխատող է, խոսել չի ուզում, ասում է՝ գրելիս սթափ է եղել, մենակ, գիշերով։ Մոռացա հարցնել՝ համազգեստո՞վ է եղել, թե՞ ոչ։ ՈՒ քանի չունեմ պատասխանը, դրվագը հենց համազգեստով էլ պատկերացնում եմ․

Բաղրամյան պողոտա․․․ գիշեր․․․ մարմնավաճառները վախվորած հետևում են, թե ինչպես է ոստիկանության կապիտանը կարմիր ներկով նախշում պատը «Ամեն տեղ հեղափոխություն, բացի արվեստից»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ամեն բան կապեց անցյալի հետ․

«Պարբերաբար սպանությունները պրակտիկա էին, մարդկանց մոտ երեսուն տարվա մեջ զսպություն էին դրել, որ ում պետք է, խփում էին և հասկանում էին, որ դա իշխանությունից է գալիս։ Մշակութային թռիչքի համար ոգեղենություն է պետք, ներքին թռիչք է պետք, բայց եթե մարդկանց մոտ պրակտիկան կեղծ է, չի ոգևորում, նախագահը կեղծ է, գիտեն բոլորը, որ էս մարդը կեղծ է։ Ես զարմացա մի բանի վրա, որ սրա եղբոր տղեն Սարյանի նկարներ է գողացել, որ Սերժի ընտանիքը մշակութային բաներ է հավաքել, թե դրանց ինչին է պետք, դե էսպես էլի, հազար հատ ոչխար ունենք, տաս հազար հատ կով, Աբիսողոմ աղան է չէ, բա ինչի մի քանի հատ էլ Սարյանի կտավ չունենանք։ Ասում եմ թե դրանց ինչին է պետք, պարզվեց որ Աբիսողոմ Աղային նաև դա է պետք։ Տափակ սերիալներ, սա քաղաքականություն է, և սրա տերերը ժողովրդի դեմ են գործել, Հայաստանի հեռուստաընկերությունները, ըստ էության, աշխատել են հայ ժողովրդի ինքնագիտակցության և բարոյական վարքագծի դեմ»։

Ռեժիսոր Հայկ Օրդյանն աշխատել է ռուսական առաջատար հեռուստաընկերությունների հետ և վերադարձել է հայրենիք՝ այնտեղ կուտակած փորձը Հայաստանում կիրառելու։ Կարծում է, որ այստեղ չի եղել մշակութային հեղափոխություն, այլ եղել է մշակութային սանձարձակություն․

«Սա փաստ է, պետք է իրերը կոչել իրենց անուններով և այն դեգրադացիան, որ մենք այսօր տեսնում ենք մեր շուրջը, հենց այս մշակութային ամենաթողության և այս մշակութային սանձարձակության հետևանքն է։ Հեղափոխությունը երևի թե այդքան հնարավորություն չտվեց վաղվա նկատմամբ մշակույթի գործիչներին, որքան հույս և այդ հույսը վաղը կծնի հնարավորություններ»։

Հաղորդաշարը չկարողացանք լսել մինչև վերջ, հեռուստացույցը խափանվեց։ Քայլել սիրող երգչի հետ տանը երկար նստել չկարողացանք, ասացի, որ Բաղրամյան պողոտայում կիսատ թողած գործ ունենք, ավելի ճիշտ՝ երգելու գործ կա, իջանք այնտեղ, որտեղ կարծում էին, որ ամեն տեղ եղել է հեղափոխություն, բացի արվեստից․ կարմիր գրվածքը դեղինով շրջափակելու ցանկություն առաջացավ։ Դեպքի վայրում Հայկի երգի  մեղեդին էր հնչում։ Դրա ոգեշնչող հնչյունների ներքո իմ մեջ՝ նոր ծնված ցուցարարի մտքում, պատի գրվածքը հեղաշրջելու ցանկություն առաջացավ, սկսեցի ասմունքել․

« Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է, փրկենք հոգևորը, որպեսզի վերադարձնենք նյութականը, հեղափոխությունը կորցնում է ուժը եթե հոգևոր ու մշակութային ապաքինում չի եղել» ։

Ասմունքս եզրափակվեց Հայկի հզոր երգի մեկ տողով․

—Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ հույսի արեգակ է փայլում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button