Երիտասարդ համալրում

Սայլակը սլանում է թեքահարթակն ի վեր

<<Որքան էլ ֆիզիկապես ուժեղ լինես, չես կարող հաջողության հասնել, եթե իրավիճակին չես տիրապետում>>։

Սերոբի բազուկը մեջքիս հաստության է, բռունցքը՝ գլխիցս մեծ, գլխիս չափ մատանու նախշը՝ մարդու գանգի տեսքով։ Պիտի խոսեմ հետը, բայց վախենում եմ. սարի չափ այս մարդը որ խոսեց, հողն ու շենքերը դղրդալու են, բայց Սերոբը ցածր է խոսում, կիրթ ու քնքուշ, ձայնագրիչս ձայնը հազիվ է վերցնում։ 
Սերոբը շատ ուժեղ է և շատ արագ։ Նրա նպատակը տարիներ առաջ ռազմի դաշտում իրեն խոցած ու սայլակին նստեցրած բեկորից ավելի արագ, ուժեղ և դիպուկ դառնալն է։ 

<<Ես սիրում եմ սպորտը ու շատ լավ կլինի, որ բոլորը զբաղվեն սպորտով՝ անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից։
Ամենակարևորը ու թանկը դա առողջությունն է։
Հնարավոր է, որ անզգուշության պատճառով վնասվածքներ ստանաս, բայց կոտրվել, դուխաթափ լինել պետք չէ։
Սպորտը մեծ ռիսկեր է  պահանջում, բայց գաղափարի և գիտելիքի շնորհիվ կարող ես խուսափել այդ ամենից>>։

Դասական կոստյումն ընդգծում էր Սերոբի բազուկները: Եթե ձգեր մկանները, բիցեպսի ու տրիցեպսի հատվածում կտորը հաստատ կպորթվեր: Երկար միրուքով էր: Ակնոց էր կրում: Խիստ կոկիկ հաքուկապը, կիրթ խոսքը դյուցազնական արտաքինի հետ միասին նրան  դասական երաժշտության համերգի եկած ծովահեն էին դարձնում : 

<<Ունեմ բազում հաջողություններ, սակայն դրանք միայն իմ հաջողությունները չեն, իմ ժողովրդի հաջողություններն են։ Կարևոր չէ, թե որ մրցանակային տեղը կգրավես, կարևոր է այն, որ գնալով տարբեր երկրներ կարողանում ես բարձրացնել քո ազգի դրոշը, ինչը շատ կարևոր է այս պահին մեր երկրի համար։ Հուսահատվել. Դա մերը չէ։ Ու կարևոր չէ դու հաշամանդամություն ունես, կամ սահմանափակ կարողությումների տեր մարդ ես. Դու կարող ես անել այն, ինչը նույնիսկ քայլող մարդիկ չեն կարող, դու կարող ես ավելին անել։ Միշտ պետք է պայքարել ու առաջ շարժվել>>։


Սերոբը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Ռեկտոր Դավիթ Խիթարյանինը պատմում է, թե ինչպես են ինստիտուտում ձեռնարկվել քայլեր հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառականության և մատչելիության ապահովման ուղղությամբ: 

<<Հաշմանդամություն ունեցող ուսանողների համար ունենք հատուկ առանձնացված հարմարողական լսարան, սանհանգույցները նույնպես հարմարեցված են բոլոր նորմատիվներով։ Անվտանգությունում որպես օպերոտորներ աշխատում են ֆիզհաշմանդամություն ունեցող մեր տղաները։ Բուհը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ուսանողներին, և այդ ուշադրությունը նաև հասարակության մեջ ինտեգրելու հնարավորություն է տալիս>>։
<<Ունիսոն>> հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն ի տարբերություն Սերոբի, ով նույնիսկ խնդիր չունեցող մարդկանց մեծամասնությունից ֆիզիկապես ավելի պինդ է, նրան ամեն ինչ փոքր ինչ ավելի դժվար է տրվում, ու արդեն ավելի քան 20 տարի է, ինչ նա զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով:

<<Բավականին գեղեցիկ գրված օրենքներ ունենք, բայց փաստացի որոշումներ կայացնողները այդքան էլ չեն կարևորում որոշ հարցեր, և մենք տեսնում ենք ձևական բնույթ կրող թեքահարթակներ, որոնք չեն համապատասխանում նորմատիվներին և նույնիսկ վտանգավոր են։ Տեսնում ենք բազմաթիվ նորակառույց շենքեր, որոնք ընդհանրապես որևէ մատչելիության չափանիշներ չունեն։ Վերջապես նոր ավտոբուսներ ունենք, բավականին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ ամենը կա, բայց շատ վատ է գործում>>։

Հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդիկ տասնյակ տարիներ շարունակ զրկված են աշխատանքային իրենց ներուժն օգտագործելու հնարավորությունից։ Նրանք նպաստառուներ են: Որքան էլ դաժան հնչի՝ բեռ տնտնեսության համար: Ու այնպես չէ, որ դա իրենց ցանկությունն է: Ընդհակառակը՝ նրանցիչ շատերը երազում են նտպաստառուից հարկատուի վերածվել:  

2022 թվականի օգոստոսի 11-ին Կառավարության որոշում է ընդունվել, համաձայն որի ներուժն իրացնելու համար խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ։

Մերի Գևորգյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button