Երիտասարդ համալրում

Կարելի՞ է գրականությամբ տուն պահել

Անի Կարապետյան

Էդգար Հարությունյանի գեներացրած հասույթը վերջերս անցվավ 32 միլիոնը: Վաճառքներն անընդհատ աճում են: Շուկայում նրա պրոդուկտը հաստատուն աժիոտաժ պահանջարկի առարկա է: Այս պահին օրինակ, մարդիկ հարցնում են, իսկ ապրանքը չկա: Վերլուծաբանները կանխատեսում են, որ երբ այն հայտնվի, խանութների դիմաց դեռ մինչև բացվելը վաղ առավոտից հերթեր են գոյանալու:

Էդգար Հարությունյանը ոչ նոր սմարթֆոնի հեղինակ է, ոչ մոդայիկ դիզայներ, ոչ էլ նոր էլեկտրոմոբիլի ստեղծող: Էդգարը գրող է՝ վաստակում է գեղարվեստական գրականությամբ:

Գրքերս բավարար չափով վաճառվում են, ու ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ իմ դեպքում գրքերի վաճառքը ապահովում է նաև իմ եկամտի ինչ-որ մի մասնիկը, ու, եթե նույնիսկ ես լուսնակարչությամբ չզբաղվեի, միայն գրքեր գրեի, ես էլի քիչ թե շատ նորմալ կապրեի: Այո, հնարավոր ա, բոլորին չի հաջողվի, բայց հնարավոր ա,- ասում է Էդգարը:

Ոչինչ չի գրվում ինչ-որ փողի դիմաց,- ասում է Կորյունը:

Կորյուն Աղաջանյանի <<Սարդոստայն>> գիրքը 150 օրինակով լույս է տեսել անցյալ տարի: Ութ ամիս անց այն դեռ կա գրախանութների ցուցանակներին, բայց սա չափելի առաջընթաց է: Նրա նախորդ գիրքը` <<Քո հետքերովը>> ընդհանրապես չի վաճառվել: Հեղինակն այն պարզապես նվիրել է: Կորյունի համար վաճառված գրքերի քանակը չափանիշ չէ:

Տեսականորեն, երբ որ գրողը իր գրչով կարողանում է վաստակել միակ վաստակը լինում է իր գրածը, ապա նրանից երջանիկ մարդ դժվար լինի, բայց պրակտիկորեն ստացվում ա, որ նա կողմնակի շատ երևույթներով ամեն ինչ անում է, որպեսզի ֆինանսավորում ստանա, որ այդ ամբողջ ֆինանսավորումը ներդնի իր ստեղծագործական գործընթացի մեջ,- ասում է Կորյունը:

Քաղաքի գրախանութներից մեկն է: Ընթարցասեր մարդը դաշնակահարի կատարումից միանգամից գլխի կընկնի, թե որ մեկը:

Առաջին հարկ. Հայկական բաժին: Բեսթսելլերների շարք:  Այստեղ ոչ Էդգարի գրքերը կան, ոչ էլ Կորյունինը: Էդգարի գրքերը սպառվել են, Կորյունինը այս շարքում չեն էլ եղել:

Վաճառք ապահովելու համար նախ պետք է լավ գովազդ արվի…- ասում է Ժաննան:

Ժաննա Բաբիկյանը գիրք է վաճառում արդեն տասներկու տարի: Համաձայն խանութում շրջանառվող առասպելի՝ չկա այնպիսի գիրք, որ ժաննան վաճառել չկարողանա: Պետք լինի՝ կուսակրոն քահանային Մայրիկի օրագիր կվաճառի: Ասում է՝ վաճառքի ցուցանիշները գրական տաղանդի հետ գրեթե կապ չունեն:

Գրքերից մեկը Էդգար Հարությունյանի Ձոն վարդին… երկար ժամանակ մեր խանութի ամենալավ վաճառվող գրքերի ցանկում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում գիրքը, նույնիսկ մարդիկ այդ գրքի համար հերթ էին կանգնում: Պատճառներից մեկը, իհարկե, լավ գովազդն էր, Էդգար Հարությունյանի մեծ ճանաչողությունը իր լուսանկարչական արվեստի բնագավառում: Որ ասեմ գիրքը էդպես մեծ փիլիսոփայական ազդեցություն ունի և այլն՝ ոչ, բայց գիրքը շատ լավ վաճառվեց, նույնիսկ հիմա տպաքանակը վերջացել է, բայց հարցնողներ դեռ կան: Մյուս գիրքը Սարդոստայնը: Գիրքը բավական հաջող գիրք է, բավական հարուստ ներաշխարհով հեղինակ, յուրահատուկ ոճ, և մի գուցե հենց գովազդի պակասն է, որ գիրքը շատ չեն հարցնում գրախանութում,- ասում է Ժաննան:

Հաստատ Հայաստանի ամենավատ գրողը չեմ,- ասում է Էդգարը:

Էդգարը հայ արդի գրողներից ամենաընթերցվածն ու միաժամանակ ամենաքննադատվածն է: Ընդդիմախոսները չարախնդում են՝ ասում են աշխարհի միակ գրողն է, որ գրականություն եկել է ֆեյսբուքից՝ հրատարակում է ֆեյսբուքում ամենաշատ լայքեր հավաքած ստատուսները: Էդգարին մեկ է: Նա գիտե, որ նրա գրքերը վաճառվել են 32,5 անգամ ավելի շատ քան Գրողների միության ստանդարտ տպաքանակը:

Ընթերցողների կարծիքները շատ հակասական են: Կոնկրետ իմ էջում գերակշռում են դրական կարծիքները: Բացասական բաներ շատ եմ կարդացել: Մի աղջիկ գրել էր, որ ափսոսում է իր տված 2500 դրամը: Օրինակ, մի աղջիկ կա, ինձ ուղարկեցին նրա գրածը, տեսնեմ գրել է, որ ես չեմ հասկանում այն աղջիկներին, ովքեր Էդգար Հարությունյանի գրքերի խաղարկությանն են մասնակցում, դա աղբ է, գրականություն չի և այլն: Հաստատ Հայաստանի ամենավատ գրողը չեմ, հաստատ եմ ասում, այդ մի բանը վստահ եմ ասում, որ ամենավատ գրողը չեմ, ինձնից վատ գրողներ կան, բա նրանց ինչի՞ չեք քլնգում, որովհետև հայտնի չեն չէ՞, իմ անունն ա դուրս եկել,- ասում է Էդգարը:

Տպագրական այս հաստոցն օրական հարյուրավոր հատորներ է տպում: Մեր երկու հերոսներերի գրքերն էլ անցել են այսպիսի հոսքագծով: Գուցե հենց այս մեկով:  Երկուսն էլ լավ են տպված, կոշտ կազմով ու նորաձև դիզայնով: Բայց սկզբունքորեն տարբեր ճակատագրեր ունեն:

Պարզվում է՝ գրքերի վաճառքը արվեստի առանձին ճյուղ է՝ ոչ պակաս գեղարվեստական քան ինքը գրականությունը:  

Ցուցադրել ավելի
Back to top button