Երիտասարդ համալրում

Պանդեմիական երազանք. աշխարհը 100-ամյա COVID-ից հետո

Աննա Հարությունյան

Այս «գիտափորձը» իրականացվեց Կորոնավիրուսի համաճարակի ավարտից  99 տարի առաջ՝ Հանրային ռադիոյի լրատվական ծառայության տնօրեն Արմեն Վարդանյանի՝ կորոնավիրուսի երկու թեստերի մեջտեղում:

Ինչպիսինն է լինելու աշխարհը, եթե կորոնավիրուսի համաճարակը տևի 100 տարի:

Այս հարցը ես տվել եմ փիլիսոփաներ Կարինե Յարալյանին, Արման Ղարագուլյանին, Գևորգ Արշակյանին, ազգագրագետ Լևոն Աբրահամյանին և բանաստեղծ-գրականագետ Վահե Արսենին:

Ստորև դուք կգնտեք հետկորոնավիրուսային այդ ենթադրյալ աշխարհի վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի պատկերացումը: Բայց մեր պատմությունն այդ մասին չէ: Այն լսել է պետք: Բարի ունկնդրում:

«Ինչպես պատմությանը հայտնի մյուս բոլոր համաճարակների դեպքում, Covid119-ից  հետո նույնպես ամեն ինչ փոխվել է: Աշխարհում ավելի կարևոր ու առաջնային են առանձին պետություններն ու պետականությունները: Սահմանները շարունակում են փակ մնալ ու դա շատ արդյունավետ եղանակ է միգրանտների դեմ պայքարելու համար: Իշխանություններն արդեն ոչինչ չեն արգելում, քանի որ հասկանում են, որ արգելելով հնարավոր չի արդյունքի հասնել: Իսկ ճարտարապետները մտածում են, որ այսքան ժամանակ տները սխալ են կառուցված եղել, պետք է այնպես նախագծել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ինչ-որ մեկին առանձնացնել հասարակությունից ու ընտանիքից: Աշխարհում մսի «ավելցուկ» կա. մարդիկ մահանում են, միս ուտող այլևս չկա: Մարդիկ երկար տարիներ իրար չեն դիպչել. այդ հարցը լուծում են հատուկ սարքերը. դու չես դիպչում, բայց սարքը այդ շփման իմիտացիա է ստեղծում: Իսկ այ փողոցներում մարդիկ շարունակում են համբուրվել դիմակներով»:

Լևոն Աբրահամյան

«Բնությունը փորձում է ինքնակարգավորվել… շատ ցավալի է, բայց մարդկությունը դեռ չի փոխվել, պարզապես ավելանում է սոցիալական հեռավորությունը, մարդիկ տառապում են, որ չեն կարողանում ընկերների հետ հանդիպել, շփվել: Ավելացել ու շարունակում են ավելանալ մարդկանց վախերը, ու խախտվում է նրանց հոգեկան աշխարհը: Ովքեր այս տարիների ընթացքում հիվանդացել և առողջացել են, բավականին ազատ են զգում իրենք»:

Վահե Արսեն

«Դժգոհությունը շատ մեծ է… Դժվար է պատկերացնել նորածին երեխաներին դիմակներով։ Հարսանիքներից վերացել է մի շատ գեղեցիկ երևույթ՝ համբույրը։ Բայց տարիների ընթացքում դա էլ սովորական է դարձել ու մարդիկ մոռացել են համբույրի մասին։ Գրկախառնվելը գաղտնի է ու ավելի ցանկալի։ Սերը այն գեղեցկությունը չունի ինչ որ առաջ էր։ Մարդիկ մարդ են միայն իրենց տանը, դրսում մարդկությունը վերացել է»։

Գևորգ Արշակյան

«Երկիր մոլորակի համար ամեն ինչ  ավելին քան լավ է.. Օդը և ջուրը շատ մաքուր են, կանաչ տարածքները նկատելիորեն շատացել են: Կենդանական աշխարհը ևս իրեն զգում է շատ հանգիստ: Համերկրային աղետից անցել է արդեն 20 տարի և մարդը գրեթե վերացել է Երկրի երեսից: Մարդկային փոքր խմբերը, որոնք հատվածաբար պահպանվել են տարբեր վայրերում փորձում են հասկանալ, թե ինչպես իրենք կարող ենք զարգանալ` առանց կրկնելու նախորդ քաղաքակրթության սխալները»:

Արման Ղարագուլյան

«Եթե պատկերացնենք մի հակաուտոպիա, երբ COVID-ը չի նահանջում և շարունակվում է ևս հարյուր տարի, ապա մենք կունենանք առաջին հերթին (թե ֆիզիկական, թե հոգեբանական տեսանկյունից) անառողջ հասարակություն: Ապրել COVID-ի հետ կնշանակի հայտնվել մշտական սահմանային իրավիճակում, որտեղ հիմնական էկզիստենցիաներ կհայտարարվեն տագնապն ու սպասումը: Իսկ տևական էկզիստենցիալ տագնապի պայմաններում անորոշությունը, հաճախ այցելող հուսահատությունն ու իմաստազրկումը կլինեն մարդու գոյության հիմքերը խարխլող հիմնական գործոնները: Բայց մարդը միշտ, բոլոր իրավիճակներում փնտրում է կայունություն, և այս պայմաններում որպես այդ թվացյալ կայունության հնարավորություն առաջ կգա «փախուստն իրականությունից» և հաճախակի անցումներն աուտենտիկ վիճակներից ոչ աուտենտիկ վիճակների. երևակայական «թաքստոցի» փնտրտուքը (հատկապես վիրտուալ աշխարհի հնարավորությունների պայմաններում) կառաջանա ինքնության նոր բազմազան մոդուսներ, ինչպես նաև ինքնության ճգնաժամ: Տեսանելիի մակարդակում կթվա, որ հասարակությունն ադապտացվել է այս պայմաններին, որովհետև շարունակում է ապրել սոցիալական հարաբերությունների նոր մոդելի ձևաչափով: Սակայն այստեղ կարևոր է մի ճշգրտում. հասարակությունը հարմարվել է, բայց չի համակերպվել, և գոնե իր ենթագիտակցականի մակարդակում մշտապես սպասում է «ազատագրման» իր պահին…»

Կարինե Յարալյան

Ցուցադրել ավելի
Back to top button