ԹատրON | «Դռնփակ»
21-րդ դարում, բեմադրություններ կարելի է դիտել ամենաանսպասելի վայրերում։ Բայց, մեր օրերի մարդուն արդեն դժվար է զարմացնել անսովոր տարածքով, լուսաձայնային էֆեկտներով, անիմացիոն գունագեղ հոլովակներով և այլ հնարանքներով: Թատրոնում կարևորը դերասանն է, հետո՝ պատմությունը, որով երկխոսության մեջ կմտնի հանդիսատեսի հետ։ Մնացյալն օժանդակող գործոններ են: Եթե, բեմադրիչները սա հասկանան ու ազատորեն ստեղծագործեն, ազատություն տալով նաև դերակատարին, թատերախաղը կհաջողի ու երկար կլինի խաղացանկում, եթե ոչ՝ կմոռացվի անմիջապես։
Պուշկինի չորս հասցեում տարիներ շարունակ ստեղծագործում են շուրջ 30 արվեստագետ։ 2022 թվականին արվեստագետները որոշեցին այնտեղ իրականացնել «Արտ կվարտալ» նախագիծը։ Այն արվեստի թաղամաս է, որտեղ ստեղծագործողներն ապրում են, ցուցադրում իրենց աշխատանքներն ու վաճառում դրանք։ Բաբելոն թատրոնի ստեղծագործական խումբը ստեղծագործում է նրանց հարևանությամբ՝ Երևանի ամենահին, նախկին հրշեջների շենքում։ Կիսաքանդ, անշուք, վթարային մի շենք, որը կենդանություն ստացավ շնորհիվ նրանց։ Այսօր նրանք ունեն տարածքային հարցեր, որոնք հուսանք առաջիկայում լուծում լուծում կստանան։ Մինչ այդ, նրանք շարունակում են ունենալ առաջնախաղեր և հնարավորություն տալ նորավարտ ռեժիսորներին։
Օրեր առաջ, «Արտ կվարտալում» թատերական թոհուբոհ էր։ Գայանե Կարապետյանը Բաբելոն թատրոնի հետ համատեղ մայիսի 11-ին և 12-ին ներկայացրեց Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» մեկ արարով պիեսը։

20-րդ դարի սկզբին ձևավորվեց գեղարվեստական-փիլիսոփայական ուղղություն՝ էքզիստենցիալիզմը, որը բնութագրվում է իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով։ հիմնադիրներից էին Մարտին Հայդեգերը, Կառլ Յասպերսը, Ալբեր Քամյուն և Ժան-Պոլ Սարտրը։ Էքզիստենցիալիզմը կենտրոնանում է մարդու ներաշխարհի, զգացմունքների, որոշումների և գոյության իմաստի ուսումնասիրության վրա։ Ըստ էքզիստենցիալիստների՝ մարդը նախ գոյություն ունի, և միայն հետո՝ իր ընտրություններով կերտում է սեփական էությունը։ Մարդն է պատասխանատու իր արարքների համար, ոչ թե հասարակությունը,- ասում էր Հայդեգերը: Սարտրի կարծիքով՝ մարդը պատասխանատու է նաև այլոց համար. բացահայտելով իրեն՝ նա բացահայտում է նաև մյուսներին։ Նրա ստեղծագործությունները հարուստ են ժամանակային տարբեր շերտավորումներով և չունեն հստակ սահմաններ:
Սարտրի մտքերը, փիլիսոփայությունը, երկերը դեռ տարիներ առաջ են գրավել Գայանե Կարապետյանին։ հատկապես, նրա ամենահայտնի պիեսներից մեկը՝ «Դռնփակը»,որի բեմադրությամբ նա ավարտում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Սարտրի «Դռնփակ» պիեսում ներկայացվում է հետմահու կյանքի անտանելիությունը՝ որպես դժոխք, որից չկա փրկություն։ Հերոսները դատապարտված են մշտապես մնալ այնտեղ։ Թեև մի պահ նրանց տրվում է դուրս գալու հնարավորություն, ոչ ոք չի օգտվում դրանից, քանի որ հասկանում են՝ աբսուրդը իրենց ներսում է, և իրենք իրենցից փախչել չեն կարող։ Պիեսի ընթացքում նրանք գիտակցում են մարդկային հարաբերությունների ստորությունն ու ճղճիմությունը, իրենց իսկ գործած սարսափելի ու աններելի արարքները։ Ահա թե ինչու նրանք գերադասում են մնալ դժոխքում, քան վերադառնալ աշխարհ՝ շարունակելով կրել իրենց ներքին պատիժը։

Գայանե Կարապետյանը ներկայացումը բեմադրել է՝ նկուղային տարածքում, որը կեղտոտ է, խոնավ և փոշոտ, ընդգծելով պիեսի մռայլ և ճնշող մթնոլորտը։ Կերպարները չորսն են՝ Գարսենը, Էսթելը, Ինեսը և միջանցքի հսկիչը։ Վերջինիս կերպարը մարմնավորող Արսենը ներկայացումից առաջ շրջում է, խոսում հանդիսատեսի հետ. սկզբում դժվար է կռահել, որ նա դերակատարներից մեկն է։ Այնուհետև հերթով բոլորին ուղեկցում է դեպի նկուղ։
Ներսում նստարաններ չկան, առաստաղը ցածր է ու ճնշող, խոնավ է ու ցուրտ։ Գետնին մանր քարեր են, օդում փոշի է: Հանդիսատեսը շատ մոտ է կանգնած դերասաններին, ինչն ավելի է բարդացնում վերջիններիս տեղաշարժը։ Պետք է ասել՝ նման պայմաններում ստեղծագործելը մեծ ջանք է պահանջում։
Դերակատարները չորսն են, միջանցքի պահակին մարմնավորող դերասանը մի քանի դրվագում է միան ներս մտնում։ Մյուս երեք կերպարներին մարմնավորում են տարբեր թատրոնների դերասաններ։ Առաջինը հայտնվում է Գարսենը, որին մարմնավորում է Հայկ Սարգսյանը։
Հաջորդը հայտնվում է Ինեսը, իր բաժին մեղքերով: Նա զարմիկից խլել է նրա ընկերուհուն, որից հետո զարմիկն ինքնասպան է եղել` տրամվայի տակ նետվելով, իսկ աղջիկը վշտից գազով թունավորել է իրեն ու Ինեսին։ Ինեսին մարմնավորում է Լիլի Հակոբյանը։
Երրորդ կերպարը որը հայտնվում է Էսթելն է: Նրան մարմնավորում է դերասանուհի Սաթենիկ Գասպարյանը։ նա խաղում է Սունդուկյանի անվան ակադեմիական և Արմավիրի Վերելք թատրոններում։

Ռեկվիզիտներ, դեկորներ չկան: Ենթադրյալ բեմում` մեկ աթոռ է, ավելի խորքում սև կտորներ կախված, անցյալին նայելու համար` աչքի չափ կլոր ապակի է պատին ամրացված: Երաժշտություն գրեթե չեք լսի ամբողջ ընթացքում:
«Դռնփակը» երիտասարդ բեմադրիչի դիպլոմային աշխատանքն է, որով նա լուրջ հայտ է ներկայացնում: Բեմադրությունը Բաբելոն թատրոնի խաղացանկում է, կարող եք դիտել։ Բայց նախապես ասեմ, պետք է պատրաստ լինեք փոշոտվելուն, մի քիչ մրսելուն, դժվար շնչելուն: Հիշեցնեմ` ներկայացումը նկուղում է բեմադրված:



