ԹատրON

ԹատրON | «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի». Էնկի ստվերների թատրոն

Տիկնիկային թատրոնը թատերարվեստի հնագույն և յուրօրինակ ձևերից է, որի մի ճյուղը՝ ստվերների թատրոնը, առանձնանում է իր ծիսական բնույթով։ Տարբեր ժողովուրդներ ունեցել են ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել այն ու փոխանցել սերունդներին՝ որպես ազգային մշակույթի կենսունակ մաս։ Օրեր առաջ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի սրահներից մեկը վերածվել էր փոքրիկ բեմի։ Այնտեղ «Էնկի» ստվերների թատրոնը հանդես եկավ «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի Երկիրն Արարատի» ներկայացմամբ՝ նախատեսված փոքրիկ հանդիսատեսի համար։

«Հայկ և Բել. Բաբելոնից դեպի Երկիրն Արարատի» ներկայացում

Ստվերների և տիկնիկային թատրոններն, իրենց ծագմամբ կապված են պաշտամունքային ու ծիսական արարողությունների հետ։ Հին ժամանակներում նման ներկայացումներ խաղացել են ժողովրդական տոների, տոնավաճառների և տարվա հատուկ օրերի ընթացքում։ Յուրաքանչյուր ժողովուրդ ձևավորել է ստվերների թատրոնի իր ուրույն ոճը։ Սկզբում այն ունեցել է կախարդական, առասպելական բնույթ և նվիրված է եղել աստվածներին ու լեգենդար հերոսներին։ Ժամանակի ընթացքում այդ ներկայացումները հարստացվել են տեղական ավանդույթներով, իսկ 18-րդ դարից սկսած՝ նաև գրական նյութերով։ Հայ ժողովրդական թատերախաղերն, անցնելով դարերի միջով, պահպանվել են մինչև մեր օրերը՝ կազմելով մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը, թեև ժամանակի ընթացքում ենթարկվել են որոշ փոփոխությունների։

Ստվերների թատրոնը գրեթե բոլոր երկրներում ունեցել է իրեն բնորոշ սցենարն ու հերոսները՝ ավանդական անուններով ու վարքագծով։ Հայկական մշակույթում ստվերների թատրոնն առավել հայտնի է «Ղարագյոզ» անվամբ։ Ըստ մի ավանդության՝ թուրք սուլթանն ունեցել է երկու ծաղրածու՝ Ղարագյոզ և Հաջի Այվազ, ովքեր նրան զվարճացրել են մինչև այն պահը, երբ նախանձից դրդված՝ շրջապատողները նրանց դավաճանել են, և սուլթանի հրամանով երկուսին էլ գլխատել են։ Սուլթանը, զղջալով արածի համար, մարդկանց թույլ է տվել իրենց կերպարներով տիկնիկներ պատրաստել՝ ավանակի կաշվից, և կրկին խաղարկել նրանց խոսքերը՝ թատերական ձևով։

Վերջին տարիներին, Հայաստանում սկսել են ձևավորվել թատերախմբեր, որոնք փորձում են պահպանել արվեստի այս ձևը։ Նման խմբերից է «Էնկի» ստվերների շարժական թատրոնը, որի հիմնադիրներն են երիտասարդ ստեղծագործողներ Արմեն Բալաբանյանը, Սոնա Քանքանյանը և Մհեր Ալաբեգյանը։ Թատերախումբ ձևավորելու գաղափարն ի սկզբանե Արմեն Բալաբանյանինն էր։ 

«Հայկ և Բել. Բաբելոնից դեպի Երկիրն Արարատի» ներկայացում

Դյուցազներգություններ և առասպելներ ներկայացնող թատրոնի համար ընտրեցին «Էնկի» անունը՝ ոգեշնչվելով շումերա-աքքադական դիցաբանությունից։ Էնկին (հայտնի է նաև որպես Էա)  հին հավատամքի երեք գլխավոր աստվածներից մեկն է՝ Անուի և Էնլիլի հետ միասին։ Նա համարվում էր իմաստության, ստորգետնյա քաղցրահամ ջրերի, անդրաշխարհի և մշակութային գյուտերի աստված։
«Էնկի» ստվերների թատրոնի ստեղծագործական խումբը որոշել է կիրառել 21-րդ դարի գործիքակազմը՝ ներառելով արհեստական բանականությունը։ Գեներացված պատկերները դառնում են ներկայացման վիզուալ մասը՝ հարստացնելով բեմադրության գեղարվեստական լեզուն։ Նրանց նպատակը առասպելական հերոսներին ճանաչելի դարձնելն է նոր սերնդին՝ յուրահատուկ մոտեցմամբ։ Ներկայացումները խաղում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանում՝ «Գիքորի երազը» և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում՝ «Տորք Անգեղ և Հայկանուշ գեղեցիկ», «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի Երկիրն Արարատի»։ Վերջինը բեմադրել է Սոնա Քանքանյանը։

 Նկարչուհի, ազգագրագետ և մեծ հայուհի Լուսիկ Ագուլեցին, ավելի քան 40 տարվա որոնողական աշխատանքներ կատարելով, կարողացել է հավաքել բազմաթիվ նմուշներ, որոնք ունեն մեծ պատմական արժեք։ Դրամների հավաքածու, խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքային գործիքներ, սրբապատկերեր, հնատիպ գրքեր, տարազներ և ազգային հագուստ. հայտնի է նրա մեծ տիկնիկների հավաքածուն՝ դիցական, ծիսական և ոչ միայն։ Ներկայացումից հետո՝ հանդիսատեսը հնարավորություն ունի շրջելու ու ծանոթանալու այդ ամենի հետ։ 

Գաղափարը կար, տարածքը նույնպես, մնում էր ամենաբարդ հարցերից մեկը՝ ֆինանսավորումը։ Այս կարևոր հարցում օգնության ձեռք է մեկնում թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Մհեր Ալաբեգյանը։ Ձեռք են բերում անհրաժեշտ կտորե էկրանը, պրոյեկտորը և մյուս տեխնիկական մասերը։

«Հայկ և Բել» ներկայացման տեքստը նախապես ձայնագրված է։ Հայկի կերպարը կարդում է Սամվել Թոփալյանը, Բելինը՝ Արտաշես Ալեքսանյանը, պատմիչին ներկայացնում է Արման Նավասարդյանը, իսկ Թորգոմին՝ Դավիթ Հակոբյանը։ Բեմի կտորե էկրանի հետևում դերակատարները փայտե տիկնիկների միջոցով շարժումները հստակ համադրում են ձայնագրված խոսքին։ Հաճախ այն, ինչ հանդիսատեսը տեսնում է էկրանին, զգալիորեն տարբերվում է իրական ընթացքից։ Օրինակ՝ դանդաղ ընթացող պատերազմի տեսարան է. էկրանին Աշարժումները ներդաշնակ ու սահուն են, մինչդեռ կտորի հետևում տիրում է մի փոքր քաոսային պատկեր՝ մի ոտքն առաջ, մյուսը՝ հետ, մի ձեռքը՝ էկրանին, մյուսը՝ գրեթե գետնին։ Այսպես ստեղծվում են նրանց ներկայացումները։

«Էնկի» ստվերների թատրոնը հիշեցնում է, որ հին արվեստը կարող է շատ արդիական ու հետաքրքիր լինել, երբ այն մատուցվում է սիրով, ստեղծագործաբար ու նոր ձևերով։ «Հայկ և Բել» ներկայացումը հաջողությամբ համադրում է մեր առասպելները ժամանակակից լուծումներով՝ գրավելով և՛ երեխաներին, և՛ մեծերին։

Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են, քանի որ օգնում են պահպանել մեր մշակույթն ու փոխանցել այն նոր սերունդներին՝ ոգեշնչելով և հետաքրքրելով։ 


Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button