ԹատրON

ԹատրON | «Վայրի երեխան». Գյումրու Երիտասարդական թատերախումբ

Ամեն տարի տարբեր երկրներ միանում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումներին՝ ներկայացնելով մշակութային բազմաժանր ծրագրեր։ Այս օրերին անցկացվում են ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ ու հանդիպումներ։ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2025»-ի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նույնպես միացել է տոնին՝ Ուսանողական թատրոնի բեմում կազմակերպելով բաց ներկայացումներ։ Գյումրու Երիտասարդական թատերախումբը հանդես եկավ Սելին Դելբեքի «Վայրի երեխան» պիեսով։ Վաղուց էի ուզում դիտել այս բեմադրությունը, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր։ Այս անգամ նրանք եկան Երևան, և ես չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունը։

«Վայրի երեխան» ներկայացում

Գյումրու երիտասարդական թատերախումբը ստեղծվել է շուրջ չորս տարի առաջ։ Այն հիմնադրել է ռեժիսոր և դերասան Արմեն Արշալույսյանը։ ԹատրON-ի նախորդ թողարկումներից մեկում արդեն անդրադարձել եմ նրանց և «Անհետացում» ներկայացմանը։ Խումբը շարունակում է իր ուղին՝ փորձելով, սխալվելով, ստեղծագործելով ու առաջ շարժվելով՝ դեպի երազանքն ու թատրոնը։
Սելին Դելբեքի պիեսը արդիական շեշտադրումներով ուսումնասիրում է անհատի և հասարակության բարդ փոխհարաբերությունները։ «Վայրի երեխան» բարձրաձայնում է չհասկացվածության, անտեսվածության և համակարգային անարդարության թեմաները։ Սոցիալական թատրոնի ավանդույթներով գրված այս գործը հղում է իրականությանը՝ ցավոտ ու հաճախ անտեսված ճշմարտությունների։ Դելբեքը ստեղծում է զգայուն, խորապես հուզիչ կերպարներ՝ սկսած իրավապահներից ու բժիշկներից մինչև հասարակ քաղաքացիներ։ Յուրաքանչյուրը փորձում է բացատրել՝ ինչպես է պատահել, որ այդ աղջիկը հայտնվել է փողոցում։ Բայց որևէ մեկն իրականում չգիտի նրա անունը, անցյալը կամ զգացմունքները։

«Վայրի երեխան» ներկայացում

Երևանի Թատերական ինստիտուտի Ուսանողական թատրոնի բեմում հանդիսատեսը տեղավորվել է հենց բեմի վրա՝ ստեղծելով մտերմիկ և ընդգրկուն միջավայր։ Բեմի կենտրոնում փոքրիկ արկղ է՝ կիսաբաց։ Այն դառնում է ներկայացման առանցքային հղումը՝ այլաբանական կերպով ներկայացնելով մեր ներսի աշխարհը։ Այն, ինչը պահպանում ենք, պաշտպանում և երբեմն էլ դժվարությամբ բացում՝ արտաքին աշխարհի առաջ։ Պիեսի գլխավոր հերոսուհուն տեսնում ենք վիդեոյով՝ պրոեկցիայի միջոցով։ Միայն մի կարճ տեսարանում նրան մարմնավորում է դերասանուհի Անահիտ Ղազարյանը, բայց, իմ կարծիքով, այդ հատվածը լիովին կարելի էր բաց թողնել՝ ինչպես մնացած տեսարանները, այնպես էլ այդտեղ օգտագործել պրոեկցիան։  Վիդեոարտը հեղինակել է  Փառանձեմ Սահակյանը՝ ստեղծելով հետաքրքիր վիդեոպատմություն, որը և՛ լրացնում է բեմական գործողությունը, և՛ խորացնում թատերական ասելիքը։

«Վայրի երեխան» ներկայացում

Բեմում երեք դերասան են՝ Արմեն Արշալույսյանը մարմնավորում է գլխավոր հերոսին, իսկ Անահիտ Ղազարյանն ու Նարեկ Հարությունյանը հանդես են գալիս միանգամից մի քանի կերպարներով՝ ոստիկան, իրավապաշտպան, բժիշկ։ Մոտ հիսուն րոպե տևող ներկայացման ընթացքում կերպարից կերպար անցնելու համար պահանջվում է բարձր զգայական կենտրոնացում։ Նարեկ Հարությունյանի խոսքով՝ սկզբում դա բարդ էր, բայց խաղընկերների և ռեժիսորի աջակցությամբ հիմա ավելի բնական է ստացվում։

«Վայրի երեխան» սոցիալական թատրոնի հստակ օրինակ է։ Այն խոսում է մեր շրջապատի մասին՝ մարդկանց, որոնք մենակ են, լսված չեն, բայց ապրում են մեր կողքին։ Կարևոր է, որ հատկապես երիտասարդ ստեղծագործողներն են բարձրաձայնում նման թեմաներ՝  արվեստի, թատրոնի լեզվով։

«Վայրի երեխան» ներկայացումը թատերախմբի խաղացանկում է։ Իսկ առաջիկայում նրանք կմասնակցեն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին՝ նոր մոնոներկայացմամբ։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button