ԹատրON

ԹատրON |  «N 6». Աբովյանի դրամատիկական թատրոն

Այսօր թատրոններն ավելի շատ աջակցության և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Հատկապես  երբ բեմադրում են ներկայացումներ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքով, բեմադրական մոտեցումներով, արժանանում են մրցանակների և մասնակցում միջազգային փառատոններին։ Այդպիսի օրինակ է Աբովյանի դրամատիկական թատրոնի նկուղային տարածքում բեմադրված «N 6» ներկայացումը, որը ստեղծվել է Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N 6» պատմվածքի հիման վրա։

«N 6» ներկայացում

Չեխովը հայտնի է իր կարճ պատմվածքներով և թատերական գործերով, որոնք առանձնանում են հոգեբանական խորությամբ, մարդկային հարաբերությունների նուրբ վերլուծությամբ ու ռեալիզմով։ Չեխովը երկար տարիներ բժշկությամբ է զբաղվել, հետագայում գրել է՝ «բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս»։  Որպես բժիշկ և գիտնական-գրող՝ միշտ մանրակրկիտ է մոտեցել իր պատմվածքների թեմաների մշակմանը, առանձին սյուժեների ընտրությանը և միշտ ձգտել է արտացոլել իրականությունը։ Դա էր պատճառը, որ նա գրում էր, մշակում, վերամշակում՝ ավելի դիպուկ բառեր գտնելու և ավելի ազդու գույներ ընտրելու համար։ Չեխովն առավոտից երեկո աշխատում էր հիվանդանոցում, համբերությամբ լսում էր բազմաթիվ հիվանդների գանգատները, ուսումնասիրում նրանց կենցաղային պայմանները, սփոփանքի ջերմ խոսքեր գտնում յուրաքանչյուր հիվանդի համար։ 


«Ցավի կենդանի պատկերացումը ցավն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարի՛ր գանգատվել, և ցավը կանհետանա»,- ասում էր Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմվածքի հերոսներից մեկը։ Այս գործը բազմաթիվ անգամներ բեմադրվել և էկրանավորվել է՝ պահպանելով իր արդիականությունը մինչև այսօր։ Տարիներ առաջ ռեժիսոր Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձավ այս գործին՝ խորապես գիտակցելով, որ բեմադրության ձևը դուրս է լինելու դասական թատերական լուծումներից։ Արմեն Սարգսյանի համար Չեխովի հետևյալ միտքը՝  «Վիպակն ավարտում եմ շատ ձանձրալի, քանի որ դրա մեջ բացակայում է կինը և սիրո տարրը։» դարձել է կարևոր հուշում։ Նա «N 6» ներկայացման մեջ ավելացրել է կնոջ կերպար, որին սիրահարվում է հիվանդներից մեկը։ 

«N 6» ներկայացում

Պատմվածքի գլխավոր հերոսը Իվան Դմիտրիչ Գրոմովն է՝ նախկին դատական կատարածու և գավառական քարտուղար, որը տառապում է հետապնդման զառանցանքով։ Հոգեկան խանգարում ունեցող կերպար ստեղծելն ինքնին բարդ ու պատասխանատու աշխատանք է. յուրաքանչյուր շարժում պետք է լինի խորապես հիմնավորված, իսկ դերասանը պետք է զերծ մնա գերխաղից, չափազանցված կամ կեղծ էմոցիաներից։

Գրոմովի կերպարը մարմնավորում է Դավիթ Եղիազարյանը, ով դերի համար արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի՝ «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում։

Անխոս կամ քչախոս կերպարները միշտ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ թույլ են տալիս տեսնել դերասանի ներքին խաղն ու արտահայտչական միջոցների ամբողջ պաշարը։ Բարդ և անհարմար բեմական պայմաններում աշխատելն ինքնին փորձություն է, իսկ կերպարին հավատարիմ մնալը՝ արվեստ։ Սաշա Սուքիասյանի մարմնավորած կերպարը հենց այդպիսի հաջողված օրինակ է։ Նա, կարծես, հաղթահարել է կերպարի բարդությունները։ 

«N 6» ներկայացում

Չեխովի այս պատմվածքը ներկայացման մեջ մի շարք փոփոխությունների է ենթարկվել։ Ավելացվել են նոր կերպարներ և տեսարաններ, ինչպես նաև փոխվել է ավարտը․ եթե բնագրում բժիշկը մահանում է, ապա բեմադրությունում նրան պարզապես ծեծում և դուրս են բերում բեմից։ Այս աշխատանքը կարևոր օրինակ է մարզային թատրոնի գործունեության, որն արժանի է ուշադրության՝ իր յուրօրինակ բեմադրությամբ, մոտեցումներով և մրցանակների արժանացած լինելու փաստով։

Թատրոնում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պատրաստվում են թատրոնի 45-ամյակին, և այս առթիվ հանդիսատեսին կներկայացնեն երկու առաջնախաղ։ Իհարկե, այս ամենն ավելի արագ ու անհամեմատ քիչ հոգեմաշ կլիներ, եթե տարիներ շարունակ ձգձգվող շենքի վերանորոգումն արդեն կատարված լիներ և թատրոնը ստանար իր համապատասխան կարգավիճակը։ Ամեն դեպքում, նրանք ստեղծագործում են ու սպասում են իրենց հանդիսատեսին։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button