ԹատրON

ԹատրON | «Թռչունների զրույցը». Թեք տեղ

Թատերական կյանքի մասին մեր ընկալումները դանդաղ են փոխվում՝ միջին և ավագ սերունդներն անցյալ դարի արտիստներին են փնտրում այսօրվա թատրոններում ու չգտնելով ասում են՝ դե այսօրվա թատրոնն ինչ է որ։ Երիտասարդ սերունդն էլ արագ վերցնում է այդ համոզմունքները, դարձնում իրենն ու ասում՝ մենք թատրոն չենք սիրում՝ առանց որևէ ներկայացում դիտելու։ 

Ցավոք, այս ամենի արդյունքում այն, ինչն արդեն աշխարհի թատերական կյանքում ծնվել, զարգացել ու արդեն իր տեղը զիջում է նոր երևույթներին՝ մեզանում նոր է սկիզբ առնում։ Լավ է, որ կան թատերախմբեր, որոնք ձևավորվել են վերջին տարիներին ու այլընտրանքային տարբերակներ են առաջարկում հանդիսատեսին։ 2012 թվականին «Բռնաբարություն» պիեսի բեմադրությամբ բացվեց Թեք տեղը՝ որպես այլընտրանքային թատերական հարթակ, փորձարարական, ոչ ֆորմալ կրթության վրա հիմնված թատրոն։ 

«Թռչունների զրույցը»

Հունվարի 10-ին և 11-ին «Թեք տեղ» հետազոտական թատրոնում առաջնախաղ էր՝ Նանոր Պետրոսյանը բեմականացրել էր պարսիկ պոետ Աթթար Նիշապուրիի «Թռչունների զրույցը» պոեմը։ 

«Թեք տեղ»-ում, որպես հանդիսատես զարմացել, հիացել, ոգևորվել եմ, երբեմն՝ չեմ ընդունել ու քննադատական հայացքով եմ նայել։ Սա բնական ընթացք է, որի արդյունքում ձևավորվել է իմ, ու կարծում եմ շատերի, կարծիքը․ եթե Թեք տեղն է ուրեմն հաստատ տարբերվող ու որակյալ բեմադրություն է։ Օրեր առաջ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը դարձել էր թատերաբեմ, Նանոր Պետրոսյանն իր դերասանների հետ բեմադրել էր 12-րդ դարի պարսիկ գրող Աթթար Նեյշապուրիի «Թռչունների զրույցը» պոեմը։ 

«Թռչունների զրույցը» ներկայացում

Աթթար Նեյշապուրին պարսկական գրականության մեծագույն բանաստեղծներից ու միստիկներից է։ Նրա ստեղծագործությունները մնայուն ու մեծ ազդեցություն են ունեցել պարսկական մշակույթի վրա: Նրա լավագույն ստեղծագործություններից է «Թռչունների զրույցը»։ Պոեմը պատմում է տարբեր թռչունների մասին, որոնք հավաքվում և որոշում են իրենց թագավոր ընտրել: Հոպոպը, նրանցից ամենաիմաստունը, առաջարկում է գնալ Սիմորղի մոտ։ 

«Ես գործ չունեմ ժամանակների հետ ու մարդկանց 

Նրանք էլ ինձ հետ գործ չունեն, հեռու են քաշված 

Քանի որ ազատ եմ ես ամբոխից, չպարտավորված 

Ամբոխն էլ ազատ է ինձանից, ոչ մի բանով չկապված»,- ասում էր Հոպոպը։ 

Բարձրանում ես ՆՓԱԿ-ի աստիճաններով, քեզ դիմավորում է ժպտերես մի աղջիկ Սիլվա Չոբանյանը, ով հետո դառնում է հեղինակ-կարդացողներից մեկը։ Մյուս կարդացողը՝ Կարինե Սաֆարյանն է։ Միջանցքով գնում ես ու մտնում մի սրահ, որտեղ  խաղալու են ներկայացումը։  Հանդիսատեսի աթոռները պատերի տակ են, մեջտեղն ազատ է՝ դերասանների խաղի համար, գետնին տարբեր իրեր են՝ կախիչ, թուղթ, փետուր և այլն, որոնք հետո դերասանների ձեռքին վերածվելու են տարբեր թռչունների։ Մանկական խաղ կարծես լինի՝ դերասանները երեխաների նման  իրերին շունչ են տալիս ու մեզ ստիպում հավատալ ու տեղափոխվել այլ իրականություն։ Նունե Դանիելյանը պատմում է՝ օրերով ուսումնասիրել են պոեմում ներկայացվող թռչուններին, նրանց ձայները։

«Թռչունների զրույցը» ներկայացում

Սենյակում ենք, թվում է ներկայացման ամբողջ ընթացքում նստած ենք լինելու։ Թվում էր, որովհետև ռեժիսորն այլ բան էր մտածել։ Ինչ որ պահից, դերասանները մոտենում են հանդիսատեսին ու հրավիրում դուրս՝ դեպի միջանցք։ Բեմադրությունը շարունակվում է այնտեղ, այնուհետև քայլում ենք՝  չգիտենք ուր։ Մեզ առաջնորդում են դերասանները։ Կոստյա Մելիքյանը պատմում է՝ փորձերն արել են տարբեր վայրերում, տարբեր մարդկանց ներկայությամբ։

«Թեք տեղի» բեմադրությունները հաճախ հարմարեցվում են տվյալ տարածքի առանձնահատկություններին։ Տարիներ շարունակ նրանք ստեղծագործում են՝ հաշվի չառնելով մի շարք խնդիրներ։ Գեղամ Սուքիասյանը փաստում է ամենաբարդը սեփական տարածքի բացակայությունն է։ 

«Թռչունների զրույցը» ներկայացում

Լույսի, ստվերի, ձայնի ու պատկերի խաղ էր այս ներկայացումը։ Մոտ մեկ ու կես ժամ այլ էինք՝ դերասան-թռչունների հետ աշխարհներով էինք անցնում, ներս նայում ու փորձում մեր սեփական շերտերը բացահայտել։ 

Կարծում եմ՝ նորից կլինեմ հանդիսատեսի շարքերում։ Իսկ դուք, եթե ուզում եք թատրոնն այլ տեսանկյունից տեսնել, ճանաչել ու հասկանալ, գնացեք դիտելու «Թեք տեղում» բեմադրված ներկայացումները։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button