ԹատրON

ԹատրON | «Կարոտ». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ

Տարիներ շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելով՝ Երվանդ Ղազանչյանի մեծ ցանկությունն էր, որ թատրոնը փոքր բեմ ունենա։  Վարպետի երազանքն իրականություն դարձավ միայն նրա մահից հետո։ Նրա որդու՝ Հակոբ Ղազանչյանի ջանքերի շնորհիվ՝ «Ներոն և Սենեկա» ներկայացմամբ, 2021 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես բացվեց  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը։ 
«Երվանդ Ղազանչյան» թատերասրահում հայտնվելու համար մի քիչ երկար ճանապարհ պետք է անցել՝ գլխավոր մուտքից ձեզ դիմավորում են, ստուգում տոմսն ու ուղղորդում երկրորդ հարկ։ Միջանցքով գնում եք ու պտտվում ձախ՝ դեպի վերելակը։ Բարձրանում եք վեցերորդ հարկ, չէ դեռ չեք հասել, ևս երկու հարկ աստիճաններով եք բարձրանում ու վերջ՝ հասել եք։ Բարդ չպատկերացնեք, յուրաքանչյուր հարկում ձեզ կդիմավորեն ժպտերես հսկիչներն ու կօգնեն՝ արագ կողմնորոշել։ 

«Կարոտ» ներկայացում

Թատերասրահի  խաղացանկում տարբեր ժանրի ներկայացումներ կարող եք դիտել՝ երաժշտա-դրամատիկական ֆանտազիայից մինչև տրագիկոմեդիա։ Այստեղ հնարավորություն ունեն ստեղծագործելու սկսնակ ռեժիսորները, դերասանները։ Իսկ նրանց կողքին իրենց նորովի են բացահայտում թատրոնի հնաբնակները։ 
Թատերասրահը հետաքրքիր մթնոլորտ ունի։ Ներս մտնելով՝ զգում ես դերասանի հետ ներքին, մտերմիկ զրույց ունենալու հավանականությունը մեծ է։ Ի վերջո, ի՞նչ է թատրոնը՝ երկու մարդու ներքին զրույց։ 

Փետրվարի 16-ին «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում դերասանուհի Զարուհի Խաչատրյանը խաղում էր «Կարոտ»  մեկ գործողությամբ տրագիկոմեդիան։ 

«Կարոտ» ներկայացում

Բեմը ծանր չէ, դեկորները շատ չեն՝ մահճակալ, սեղան, աթոռներ, ժամացույց. ժամը վեցն է։ Ծնունդ է։ Ընտանիքի մայրը պատրաստություն է տեսնում, երեխաներին է սպասում։ Նրանք հեռու են, արդեն տասը տարի մայրը սպասում է, որ մի օր բոլորով են նշելու իր տարեդարձը։ Պիեսի հեղինակը և դերակատարը Զարուհի Խաչատրյանն է։ 

Դերասանուհին պատմում է՝ հերոսուհու նախատիպը հենց իր մայրն է։ Մոր անունը ներկայացման ընթացքում այդպես էլ չենք լսում, ի տարբերություն նրա երեխաների և ամուսնու։ Գուցե միտումնավոր է այդպես արել հեղինակը՝ ընդհանրացնելով բոլոր մայրերին, ու գուցե պետք է նշել՝ հայ մայրերին, նրանց բնորոշ անմնացորդ նվիրվածությունն իրենց երեխաներին։

«Կարոտ» ներկայացում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, վստահորեն կարող ենք ասել, հնարավորություն է տրվում սկսնակ ստեղծագործողներին՝ դերասան, ռեժիսոր, բեմանկարիչ և այլն։ 

Հասկանալու համար պետք է միայն խաղացանկը նայել։ Այս երևույթը շատ անհրաժեշտ է յուրաքանչյուր թատրոնի զարգացման համար։ Յուրաքանչյուր ռեժիսոր իր ոճն ու աշխատելու ձևն է բերում իր հետ, նորովի են մեկնաբանում պիեսները, անդրադառնում են ժամանակակից ստեղծագործություններին։ Կարևորը՝ դերասաններն են աշխատում տարբեր ռեժիսորների հետ։ Սա չլճանալու կարևոր պայմաններից մեկն է։  «Կարոտ» ներկայացման բեմադրիչը երիտասարդ դերասան և ռեժիսոր Կարապետ Քարաջյանն է։ Մոնոներկայացում բեմադրելու նրա առաջին փորձն է։

«Կարոտ» ներկայացում

Ներկայացման թեման շատ նուրբ է, հուզիչ։ Զարուհի Խաչատրյանի մարմնավորած մայրն ուժեղ է, պատրաստ՝ ատամներով պաշտպանել զավակներին, ապրել՝  հանուն նրանց։ Բեմադրությունը դիտելուց հետո շատ  հարցեր կունենանք, մեծ ցանկություն՝ գնալու ու ամուր գրկելու ձեր մայրերին, շնորհակալություն ասելու նրանց։  

Թատրոնի դռները բացվում 19.30-ին։ Բեմադրությունը սկսվում է ամենաշատը հինգ րոպե ուշացումով, իսկ դռները փակվելուց հետո մուտք դահլիճ խստիվ արգելվում է։ Մի կարևոր հիշեցում էլ, «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը փոքր է և յուրաքանչյուր ձայն խանգարում է դերակատարին՝ անջատեք հեռախոսներն ու պարզապես վայելեք ներկայացումը։ 

«Կարոտ» ներկայացում


Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button