ԹատրON

ԹատրON | «Լակոտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Համազգային թատրոնը ստեղծման օրից ստեղծագործում է թատերական ինստիտուտի ուսանողական թատրոնում։ 2017 թվականին, կառավարության օգոստոսի 31-ի նիստում, ներկայացվեց թատրոնի շենքի կառուցման ներդրումային ծրագիրը: Սկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք մինչ այսօր շարունակվում են։ Նախատեսվում է, որ շենքը պատրաստ կլինի այս տարվա գարնանը։ 

2025 թվական, հունվարի 8։ Ժամը 19.00։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի միջանցքում եռուզեռ է՝ մարդիկ շտապում են դահլիճ՝ դիտելու «Լակոտը» ներկայացումը։ Ներկայացումը սկսվում է 19.30-ին, բայց, ցավոք ներկայացումները երբեք չեն սկսվում ճիշտ ժամանակին. ամենաքիչը 15 րոպե ուշացումով։

«Լակոտը» ներկայացում

Սոս Սարգսյանին ճանաչում ենք որպես դերասան, ու քչերը գիտեն, որ նա նաև  գրում էր՝ «Ոտնամաններս», «Լակոտը»։ Պարզ լեզվով, անկեղծ, առանց ավելորդ հնարքների վարպետը խոսել է ամենաբարդի ՝ մարդու և նրա զգացածի մասին։ Ու երևի կարևոր է նշել՝ հայ մարդու մասին։

«Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող»,- ասում էր վարպետը։ 

Կառլենը, Թագուհին և Գրիգորը Սոս Սարգսյանի «Լակոտը» ստեղծագործության հերոսներն են։ Վերը ասվածի կրողները՝ նրանք սիրում են, սխալվում, դավաճանում, ներողություն խնդրում, ապրում՝ ոչինչ փոխելու անկարողությամբ։ 

Վարպետի 95 և թատրոնի 33-ամյակի կապակցությամբ բեմադրվեց նրա «Լակոտը» ստեղծագործությունը։ Պարզ լեզվով, անկեղծ, առանց ավելորդ հնարքների վարպետը խոսել է ամենաբարդի ՝ մարդու և նրա զգացածի մասին։ Ու երևի կարևոր է նշել՝ հայ մարդու մասին։ 

«Լակոտը» ներկայացում

Ներկայացման բեմադրիչները՝ Նարինե Գրիգորյանն ու Անդրանիկ Միքայելյանն են։ Վերջինս մարմնավորում է  նաև Գրիգորին՝ Լակոտին։

«Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը»- ասում էր Սոս Սարգսյանը։  

Վիպակը կարդալիս մենք չենք տեսնում բացարձակ դրական ու բացասական հերոսներ։ Սոս Սարգսյանը, գուցե անուղղակի, բացատրում է ինչու է ընկերը դավաճանում ընկերոջը, ինչու են մարդիկ անթույլատրելի արարքներ գործում։ Կառլենը թվում է այս պատմության բացասական հերոսն է, բայց արդյո՞ք այդպիսինն է։ Հայկ Պետրոսյանի կերպարը՝ Կառլենը, վատը չէ՝ նա պարզապես սիրում էր ու խանդում՝ դավաճանելու աստիճանի։  
 

«Լակոտը» ներկայացում

Վիպակի հերոսուհին՝ Թագուհին, քմայքոտ աղջիկ էր, տիրասեր, կարելի է ասել  այդ ընկերության առաջնորդն ինքն էր։ Բոլորը լսում, ենթարկվում և հիանում էին նրանով։ Հենց այդպիսի Թագուհի կտեսնեք բեմում, նրան մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Միլենա Ղազարյանը։

Գագիկ Մադոյանը բեմ է մտնում ներկայացման գրեթե վերջում։ Մարմնավորում է Գրիգորի քեռուն։ Պարզ, բարի ու իմաստուն գյուղացի մարդ է, ով խորհուրդներ է տալիս Գրիգորին և մեզ բոլորիս։  

«Լակոտը» ներկայացում


Բեմի աջ ու ձախ կողմերում նստած են Դավիթ Հակոբյանն ու Տաթև Ղազարյանը։ Նրանց միջոցով հասկանում ենք ինչ է կատարվում բեմում՝ տարիներ են անցնում կամ ինչ են զգում հերոսները՝ կարծես նրանց ներքին ձայնները լինեն, երբեմն  էլ երգում են։ Առհասարակ երգում են գրեթե բոլոր դերասանները՝ հուզիչ, հայկական մեղեդիներով։ 

Դրդո է երգում Դավիթ Հակոբյանը, Գրիգորը պատն է ճանկռտում՝ անզորությունից։ Օդը ծանր է, դժվար են շնչում բեմում ու այդ ծանր հեևոցը մենք լսում ենք՝ մանրակրկիտ ռեժիսորական աշխատանք է։ 

«Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար»,- ասում էր Սոս Սարգսյանը։ 

Բեմադրությունը երիտասարդական է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Այն մեր օրորում մարդու, հայ մարդու, նրա տեսակի ու ցավոտ թեմաների մասին պատմող ներկայացում է։ 

Լուսանկարները՝ Bravo.am կայքից


Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button