ԹատրON

ԹատրON | Առաջնախաղ «Հայրիշխանություն»

Հաճախ եմ անդրադարձել այն խնդրին, որ հայ թատրոնում հազվադեպ են բեմադրվում ժամանակակից հայ հեղինակների պիեսներ։ Դրա պատճառները բազմազան են, սակայն ամենահաճախ հանդիպողը, ցավոք, մնում է այն համոզմունքը, թե արդի պիեսները բավարար հետաքրքիր չեն և չեն արտացոլում մեր ժամանակի հոգսերն ու մտահոգությունները։ Այս կարծրատիպը կանխորոշում է բեմադրիչների ընտրությունը՝ նրանց ուշադրությունը շեղելով դեպի օտարերկրյա դրամատուրգիա և գրականություն։

Այս ամենի հետևանքով շատ պիեսներ մնում են միայն թղթի վրա՝ առանց բեմ տեսնելու հնարավորության։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին կան բեմադրիչներ, որոնք ոչ միայն բեմադրում են, այլև իրենք են գրում պիեսներ՝ արտահայտելով իրենց մտահոգող թեմաներն ու պատկերացումները։ Այդպիսի օրինակ է Նարեկ Մանուչարյանը, ով արդեն մի քանի անգամ բեմ է բարձրացնում իր իսկ հեղինակած պիեսը։ 

«Հայրիշխանություն»

Եթե նայենք համաշխարհային գրականության պատկերը, կտեսնենք, որ շատ քիչ գործերում են Ադամն ու Եվան ներկայացվում որպես գլխավոր հերոսներ։ Այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տղամարդու և կնոջ արարման պատմությունը, արգելված պտուղի խորհրդանիշը և դրան ուղեկցող բարոյահետազոտական հարցերը, հազվադեպ են դառնում գրական կամ թատերական գործերի առանցք։ Այս առումով աստվածաշնչյան թեմաներին դիմելը պահանջում է թե՛ խիզախություն, թե՛ փորձ։ Դա բարդ է երկու կողմի համար՝ հեղինակը կարող է դժվարանալ ամբողջությամբ բացահայտել իր ասելիքը, իսկ հանդիսատեսը՝ ընկալել այն, ինչ բեմը փորձում է փոխանցել։ Այդուհանդերձ, ռեժիսոր Նարեկ Մանուչարյանը համարձակվել է խորանալ հենց այս թեմայի մեջ՝ վերարժևորելով Ադամի և Եվայի փոխհարաբերությունները։ 

«Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են։ Վերջինս նշում է, որ այս ներկայացումը իր կարիերայի կարևորագույն աշխատանքներից է և այն է ինչի մասին տարիներ շարունակ լուռ երազել է։  Այս ներկայացումը Ռուզաննայի առաջին փորձն է դրամատիկ դերասանուհու կարգավիճակում՝ նա մարմնավորում է Եվայի կերպարը՝ բարդ ու զարգացող հոգեվիճակով։ Եվան բեմում անցնում է մի ամբողջ ճանապարհ՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր փոփոխությունների միջով։ 

Ներկայացումը խորքային է ու բազմաշերտ՝ առնչվելով թե՛ աստվածաշնչյան առասպելին, թե՛ ժամանակակից մարդու ներաշխարհին։ Բացի դերասանական նոր փորձառությունից, սա նաև Ռուզաննա Մանուչարյանի առաջին պրոդյուսերական աշխատանքն է։  Այս առումով այն կարելի է համարել ոչ միայն բեմական դեբյուտ, այլև ստեղծագործական ինքնադրսևորման կարևոր փուլ։

«Հայրիշխանություն»

Ադամի կերպարով բեմ է բարձրանում Կարեն Հովհաննիսյանը,  ով ավելի հայտնի է հեռուստասերիալներում իր դերակատարումներով։ Բեմում նրա ներկայությունը կարելի է համարել նոր ու պատասխանատու քայլ, քանի որ թատերական փորձը գրեթե բացակայում է։ Այս դերը նրա համար կրկնակի մարտահրավեր է՝ վերադարձ բեմ` երկար դադարից հետո, և միաժամանակ՝ մարդկության նախահորը մարմնավորելու բարդ հոգեբանական ճակատագիր։ 

Դերասանը նշում է՝ նրա համար ամենակարևորն այն է, որ  սա  փորձ է՝ մոտենալու Աստծուն։ Շատերը այդ ճանապարհը գտնում են եկեղեցի այցելելով կամ Աստվածաշունչ կարդալով, իսկ մենք փորձում ենք դա անել թատրոնի միջոցով։ 

«Հայրիշխանություն»

«Հայրիշխանություն» ներկայացումը ստիպում է մտածել ոչ միայն Ադամի և Եվայի պատմության, այլ նաև մեր անձնական ընտրությունների մասին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է հին մի պատմություն խոսել այսօրվա մարդու հետ՝ պարզ, բայց զգացմունքով լի լեզվով։ Ներկայացումը դիտողին հուշում է, որ ամեն մեկս մի պահ եղել ենք կամ կարող ենք լինել Ադամ կամ Եվա՝ կանգնած սեփական «արգելված պտղի» առջև։ 

«Հայրիշխանություն»-ը միայն աստվածաշնչյան պատմության վերապրում չէ, այլ փորձ է նայելու ներս՝ դեպի մարդուն՝ իր ընտրություններով, սխալներով ու հավատով։ Ներկայացումը Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում են խաղում, հետևեք նրանց էջին՝ իմանալու հետագա ներկայացումների օրերը։ 

«Հայրիշխանություն»

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button